RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՀՐԱԴԱԴԱ՛Ր

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3010, Տպվել է` 256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԻՇԿԵՔՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Այս տարի մայիսի 12-ին լրացավ Արցախյան ազատամարտի հրադադարը ազդարարող այսպես կոչված «Բիշկեքյան զինադադարի» 25 ամյակը: Պետական կառույցները այս «տոնակատարության» մասին որոշեցին լռել, իսկ ոչ պաշտոնական արձագանքները այնքան էլ մեծ չէին ու շատ դեպքերում հակասականՙ հաղթական որակավորումից մինչեւ լիակատար ձախողում:

Թերեւս հետաքրքրական էր ՀՀՇ-ամերձ շրջանակների արձագանքը, որոնք այդ հրադադարի կնքման «հաջողությունը» վերագրեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին կոչում են նաեւ «հաղթանակած նախագահ»: Այլ շրջանակներ ու հատկապես ռազմական գործիչներ պնդում են, որ Բիշկեքյան հրադադարը չէր բխում հայ ժողովրդի շահերից ու չէր արձանագրում այն առավելությունը, որը հայկական բանակն ուներ այդ պահին ռազմի դաշտում:

Մինչ այդ պայմանագրի կնքման մասին տարբեր մոտեցումները ներկայացնելը նշենք, որ Արցախյան պատերազմի շուրջ հրադադարի հաստատման բանակցություները սկսվեցին 1994 մայիսին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում, այդտեղից էլՙ այդ անվանումը: Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ներկայացուցիչները ստորագրեցին այդ պայմանագրի իրենց մասը, սակայն Ադրբեջանի համառության արդյունքում բանակցություները ձգձգվեցին եւ ավարտվեցին միայն մայիսի 12-ին Մոսկվայում:

Հրադադրի կնքումից ամիջապես հետո սկսվեց այն քննարկումը, որը շարունակվում է մինչեւ օրս. արդյոք այն ձեռնտո՞ւ էր հայկական կողմին, որը այդ պահին ռազմական առավելություն ուներՙ տիրապետում էր նախաձեռնությանը, թեեւ դեռ չէր ավարտել հայկական ողջ տարածքների ազատագրումը: Ադրբեջանը մինչեւ օրս շարունակում է վերահսկել Ասկերանի ու Մարտունիի շրջանների մի մասը, իսկ Շահումյանըՙ ամբողջությամբ:

Սա էր պատճառը, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ռազմական ղեկավարներից շատերը առ այսօր համարում են, որ այդ համաձայնագրով հայկական կողմը ոչինչ չշահեց, այլեւ կորցրեց այն առավելությունը, որը ձեռք էր բերել ռազմի դաշտում: Վերջիններս այդ հարցում մեղադրում են ՀՀ-ի այդ շրջանի քաղաքական ղեկավարությանը, նշելով, որ նրանք հաշվի չեն առել ռազմի դաշտում տիրող իրավիճակը եւ առավել եւս չեն կարողացել հայկական կողմի առավելությունը վերածել քաղաքական եւ դիվանագիտական հաղթանակի:

Այդ մասին արտահայտվել են թե՛ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ե՛ւ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Վերջինս բազմիցս խոսել է այդ մասին շեշտելով, որ դա խայտառակ պայմանագիր էր, այն նույնիսկ բնութագրելով որպես դավաճանություն:

Նորատ Տեր-Գրիգորյանցը իր հեռանալը Հայաստանից, 1994թ զինադադրի կնքումից հետո, բացատրում էր հենց այդ պայմանագրի կնքմամբ: Վերջինս նշում էր, որ հենց այդ պայմանագրի պատճառով է անհամաձայնություն առաջացել իր եւ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ:

Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի զինադադարի մասին, ասել է, «որ հաղթանակած պետությանը վայել չէ ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից»: Ըստ նրա, այդ «խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա: Բիշքեկի զինադադարի պայմանագիրը ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բանՙ որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսվել պատերազմը: Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Չհամաձայնել հայտնի գեներալի հետՙ անհնար է, քանի որ իսկապես այդ պայմանագիրը չեր սահմանագծում հետպատերազմյան հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ պայմանագիրը նույնիսկ չէր ստիպում կողմերին սկսել զինադադարի եւ հետագայում խաղաղության շուրջ լայնամասշտաբ պայմանավորվածությունների շուրջ բանակցություններ:

Դա ընդամենը հրադադարի մասին պայմանագիր էր, որը այդ պահին բխում էր Ադրբեջանի շահերից, քանի որ գրոհող հայկական ուժերը կանգ էին առնում եւ հնարավորություն էին տալիս պաշտոնական Բաքվին ուշքի գալ ռազմի դաշտում կրած պարտություններից, հատկապես կասեցնելով հայկական զորախմբերի փորձըՙ այդ պահին վերականգնել վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հորադիզ քաղաքի նկատմամբ: Այդ պայմանգրի կնքմամբ կասեցվեց նաեւ Մարտակերտի ու Մարտունու ամբողջական ազատագրումը եւ հայկական ուժերի հետագա շարժը դեպի Շահումյանի շրջան, թեեւ, պետք է խոստովանել նաեւ, որ վերջինը հետագայում դժվար կլիներ պահպանել:

Այսպիսով հայկական զինված ուժերը դադարեցնում էին իրենց առաջխաղացումը եւ ինչ էին ստանում դրա դիմացՙ փաստացի ոչինչ: Կնքվեց հրադադարի մասին շատ խարխուլ պայմանագիր, որը հնարավորություն տվեց հայր Ալիեւին վերականգնել իր նավթային տնտեսությունը եւ, հետեւաբար, իր ռազմական ուժերի վերակազմակերպումը, որոնք այդ պահինՙ 1994թ.ին փաստորեն ջախջախված էին:

Բիշկեքյան հրադադարում ոչինչ չէր ասվում ռազմաճակատային գծի ու դրա հնարավոր տեղաշարժի մասին, ոչինչ չէր խոսվում զորքերի հետ քաշման եւ կամ դիպուկահարային պատերազմի դադարեցման վերաբերյալ, ոչ մի պարտավորություն կողմերը իրենց վրա չէին վերցնում: Նույնը վերաբերում էր նաեւ միջնորդ երկրներինՙ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնք այդ հրադադարի կնքման երաշխավորներն էին: Նրանք նույնպես ոչ մի պատասխանատվություն իրենց վրա չէին վերցնում, եթե կողմերից մեկը խախտեր պայմանավորվածությունները, եւ այսպես շարունակ:

Արդեն առիթ եղել է «Ազգ» թերթում ավելի մանրամասն անդրադառնալ այդ հրադադարի հաստատման շուրջ պայամանագրի կնքմանը, ցույց տալով դրա թույլ կողմերը եւ թերությունները: Կարծում եմ, որ 1994թ հրադադարից հետո անցած 25 տարիները, ապրիլյան պատերազմը եւ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական զարգացումները բազմաթիվ անգամ ցույց են տվել այդ պայմանագրի թերի կողմերը:

Հայաստանի քաղաքական ղեկավարությանը չբավականացրեց ռազմավարական մտածելակերպ եւ իրավիճակի վերլուծության խորություն հասկանալու համար ստեղծված ռազմական հավասարակշռության քաղաքական առավելությունը: Առավել եւս ռազմի դաշտում տարած հաղթանակը քաղաքական ու դիվանագիտական առումով բյուրեղացնելու հնարավորությունը:

Բիշկեքը բաց թողնված հնարավորություների վառ օրինակ է, ինչի մասին շատ կարելի է գրել, սակայն նաեւ պետք է կարողանանք դասեր քաղել մեր իսկ սխալներից, դրանք հետագայում չկրկնելու համար: Տարածաշրջանում ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական մակարդակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պետք է վերլուծվեն եւ իմաստավորվեն, հնարավոր ռազմական բախման դեպքում դրա հետեւանքների նվազեցման ու նոր հաղթանակներից հնարավորինս գրագետ օգտվելու համար: Թույլատրել նոր բիշկեքյան հրադադարի կնքում, ռազմական հաղթանակների դեպքում, ուղղակի իրավունք չունենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ