RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2789, Տպվել է` 249, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դեռեւս երեքուկես ամիս առաջ, փետրվարի 1-ին, իմ այս սյունակում, «Կարեւորը Արցախի ներքին ամրությունն է» վերնագրի ներքո մտահոգություններս էի շարադրել Արցախյան հիմնահարցի շուրջ տիրող անորոշությունների, ներքին ճակատից հնչող հակասական հայտարարությունների, տարբեր մայրաքաղաքներից ստացվող շփոթեցնող ազդանշանների մթնոլորտում Արցախի ներքին կայունությունն ու ամրությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: Միաժամանակ անդրադարձել էի հունվարի 24-ին ՀՅԴաշնակցության ընդհանուր ժողովից բխած հայտարարությանը, որը պահանջում էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ շուտափույթ կնքել ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր :Տարակուսանքով էի ընդունել այդ առաջարկ-պահանջը, դրա մեջ տեսնելով ինչ-որ խորթություն, ձեւականորեն իրարից բաժանված մեր երկու հանրապետությունների միջեւ խորթացում: Դա նմանեցրել էի հոր եւ որդու միջեւ անմիջական արյունակցական կապը պայմանագրային կապի վերածելու անհեթեթության:

Անցել է արդեն ավելի քան երեք ամիս, սակայն չեն վերացել անորոշությունները: Ընդհակառակըՙ լարվածությունը մեծացել է հոր եւ որդու միջեւ, անպատասխանատու, հրձիգ հայտարարություններըՙ հատկապես Երեւանից Ստեփանակերտ, օտարերկրյա գործակալների ամենաակտիվ հրահրմամբ, որի զազրելի դրսեւորումներից մեկը տեսանք դեռ վերջին մի քանի օրերին Ռոբերտ Քոչարյանին դատող դատարանի առջեւ: Ասենքՙ ներքնապես ամուր չէ նաեւ Ստեփանակերտը, որտեղ փառասիրական ախորժակները սրված են առաջիկա նախագահական ընտրապայքարի ժամկետից դեռ շատ առաջ եւ, ամենակարեւորը, պաշտոնական Երեւանի ավանդաբար համակարգող-հաշտեցնող ձեռքը տակավին անտեսանելի է մնում...

Ահա այս պայմաններում, մայիսի 7-ին, ՀՅԴաշնակցության նախաձեռնությամբ եւ մեր պետական ամենահարգված ու բազմափորձ գործիչներից Վազգեն Մանուկյանի նախագահությամբ Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, մասնակցությամբ քաղաքական, կուսակցական եւ մասնագիտական տարբեր հայացքների գործիչների, այդ թվում ՀՀ Ազգային Ժողովի երեք խմբակցությունների եւ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի:

Ներկա պայմաններում կարեւորը ֆորումը նախաձեռնած եւ գրեթե անթերի կազմակերպած կուսակցության շահած դիվիդենտների հաշվարկումը չէ, ո՛չ էլ քաղաքական ծանր տրավմա ստացած այդ կուսակցության ակտիվ քաղաքականություն վերադարձի կամ come back-ի երեւույթը, այլՙ ֆորումի բովանդակային մասը, որտեղ, մի կողմ թողնելով հռետորաբանությունները, քիչ չէին իրավիճակի խորքային քննարկումները: Ինձ համար առավել տպավորիչ, անգամ համոզիչ էին մարդու եւ քաղաքացիական իրավունքների, հարկային, վարկային, առողջապահական, կրթական, աշխատանքային, դատավարական եւ այլ կարգի անհարթությունների մասին մի շարք բանախոսների ներկայացրած տվյալները: Խնդիրն այն է, որ այդ եւ նման հարցերը երկու հանրապետությունների միջեւ եղել են միշտ, սակայն այս կամ այն կերպ իրենց լուծումն են ստացել ՀՀ նախորդ երեք իշխանությունների օրոք, սակայնՙ հայավարի, առանց գրավոր պայմանավորվածությունների, փոխադարձ բարյացակամ ընդառաջումների միջոցով: Մինչդեռ այժմ...

Այժմ, ուզենք թե չուզենք պետք է խոստովանենք, որ մեր երկու հանրապետությունների միջեւ առկա է անվստահություն, դժբախտաբար: Իսկ անվստահությունը ընդհանրապես առաջ է բերում իրավական փաստաթղթի անհրաժեշտություն: Այս պարագայումՙ երաշխավորի եւ երաշխավորյալի միջեւ հարաբերությունների կանոնակարգումՙ պայմանագրային արտահայտությամբ: Հոգ չէ թե, ինչպես ֆորումի ընթացքում նշեցին որոշ բանախոսներ, ճանաչված եւ չճանաչված մեր երկու հանրապետությունների միջեւ որեւէ պայմանագիր չի կարող ունենալ միջազգային ուժ, սակայն կարող է ոչ միայն կարգավորել երկուսի հարաբերությունները, այլեւ ՀՀ միջազգային հարթակներում ուժեղացնել պատասխանատու երաշխավորի ՀՀ դիրքերը, միաժամանակ ստիպողական եւ պարտավորիչ դարձնելով ՀՀ հանձնառությունները ներկա թե ապագա որեւէ իշխանության համար: Մինչեւ որ կրկին ներկայանա առիթը ամբողջական եւ անբաժանելի վերամիավորման համար, ինչը ավանդված է մեզ Անկախության զույգ հռչակագրերով, ինչը պատգամն է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությանՙ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք:

Սակայն ներկա պահի գլխավոր հարցադրումը հետեւյալն է- ՀՀ ներկա իշխանությունները պիտի ընդունե՞ն ընթացք տալ ստեփանակերտյան նախաձեռնությանը: Ստիպված եմ կասկածել, նկատի ունենալով ֆորումին ներկա ՀՀ ԱԺ երեք խմբակցություններից երկուսի լռությունը, ֆորումից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դրա մասնակիցներին տրված «հակահեղափոխական» անհավատալի մակդիրը, ու մանավանդՙ երկու հանրապետությունների միջեւ տիրող փոխադարձ անվստահության մթնոլորտը, որը պետք է հաղթահարել ամեն բանից առաջ եւ ամեն գնով:

Արցախը չի կարող ներքաղաքական խաղերի առարկա լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ