RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1234, Տպվել է` 225, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Որեւէ հեղափոխություն, իշխանության ոչ-սահմանադրական կամ ժողորդախոսակցական լեզվովՙ ոչ-բնական փոխանցման յուրաքանչյուր փորձ ուղղակի հանցանք է պետության ու ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, ում ուզում է դուր գա-չգա, ճիշտ այդպիսին էր: Կգա ժամանակը, եւ սերունդները նրա՛ն էլ, նրա հետ իշխանության եկածների՛ն էլ խստորեն կդատապարտեն: Քանզի ամեն հեղափոխություն տասնամյակներով, երբեմն նաեւ մեկընդմիշտՙ ե՛տ է շպրտում պետության ու հասարակության զարգացումը: Հիմա անընդհատ թմբկահարվում է, թե այս հեղափոխությունը անարյուն էր, թավշյա էր, հանդուրժողակա՜ն էր: Հետո՞ ինչ: Մի՞թե անարյուն, ոչ բռնի հեղափոխության մասին դիֆերամբներ երգողները չեն տեսնում, որ նախկինների հանդեպ ատելության արհեստական բորբոքումն այժմ ահռելի չափեր է ընդունել: Ամենուրեք անհանդուրժողականությունն այնպիսի զարհուրելի խորության է հասել, որ տագնապ է հարուցումՙ արդյո՞ք հաջորդիվ չեն սկսվելու այլախոհների զանգվածային հետապնդումները: Մինչդեռ ժողովրդի եւ հատկապես երիտասարդության մեծամասնությունը նորօրյա հեղափոխականների ետեւից գնաց ոչ թե հանուն նոր բռնությունների, այլ այն պատճառով, որ հոգնել էր կյանքի անհեռանկարայնությունից, կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում առկա անարդրություններից, զանազան անմաքուր պաշտոնյաների շահատակություններից: Մարդիկ փոփոխությունների էին ծարավի, եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մեջ տեսա՛ն այդ հնարավորությունը: Բոլոր երկրներում հեղափոխության ամենամեծ թշնամին մի՛շտ էլ հակահեղափոխությունն է համարվել: Որովհետեւ հեղափոխական ճանապարհով (կամ հախուռն կերպով) իշխանության եկածները ճիշտ նույն կերպ իշխանությունից զրկվելու վա՛խ են ունենում: Այդ վախը նոր պաշտոնյաներին անվերջ դրդում է... հաճոյանալ ժողովրդին: Դա այսօր ամենից ավելի նկատելի է վարչապետի վարքագծում: Երեւի իսկապե՛ս հակահեղափոխությունից ենթագիտակցաբար վախ ունի եւ մտածում է հարկը պահանջածինՙ ապավինել զանգվածների պաշտպանությանը: Մարդիկ դա զգում, հասկանում եւ դրանից... դժգոհո՛ւմ են: Որովհետեւ վարչապետը իշխանության հասնելուց հետո շատ հաճախ հանդես է գալիս տրամագծորեն հակառա՛կ դիրքերից, քան մինչ հեղափոխությունն էր: Օրինակ, նա այսօր օգտվում է այն կայսերական լիազորություններից, որոնց համար ժամանակին դատափետում էր նախորդներին: Վարչապետը սիրում է խոսել նաեւ իր կառավարության իրական կամ երեւակայակական նվաճումներից, որոնցով, միգուցե, դեռեւս կարողանա... պահե՛լ իշխանությունը: Նրա հանդեպ կույր պաշտամունք ունեցողներ, այո՛,այսօ՛ր էլ կան, թեեւ գնալովՙ պակասում են: Կան նաեւ նախորդների մեղքերը նորերի սխալների հետ համեմատողներ: Իբրՙ սրանք, ինչ էլ լինի, նախորդների համեմատ ավելի լա՛վն են: Բայց եթե նորերը նախկիններից ՇԱՏ ԱՎԵԼԻ լավը չպիտի լինեին, հապա ինչու՞ են եկել: Եթե այսպես գնաՙ վախենամ վրա հասնի նոր, այս անգամ, Աստված մի՛ արասցե, արդեն արյունո՛տ հեղափոխությունը: Այդժամ հասարակական զայրույթի փոթորիկը կսրբի-կտանի թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նիկոլականներին: Նրանց հետ ոտքի տակ կգնան նաեւ բազմաթիվ ուրիշներ, որոնց վրա առաջինը կհարձակվեն հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին այսօր դեռեւս օվսաննաներ երգող բազմաթի՜վ քծնողները: Ահավոր է, երբ նման արատով տառապում են ոչ միայն ամեն տեսակ զազրախոս թերուսներր, ովքեր չեն խորշում սոցցանցերում նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ գրել, այլեւ ոչ-քիչ դեպքերում նույնիսկ բավական հայտնի մտավորականներ, ովքեր նախորդներին հայհոյելովՙ փորձում են այդ կերպ նոր ղեկավարների ա՛չքը մտնել: Մեր պատմության մեջ քծնանքի ու հայհոյանքի այսպիսի ահռելի ծավալ, հավանաբար, եղել է միայն բեղավոր հրեշ Իոսիֆ Ստալինի օրոք: Իսկ անկախությունից ի վեր նման նողկալի երեւույթ Հայաստանի առաջին դեմքերից որեւէ մեկի ժամանակ, գոնե այսքան ցցուն կերպով, չի՛ զգացվել: Սա, փաստորեն, բարքերի անկման, զանգվածների մտավոր կուլտուրայի աղետալի իջեցման անխաբ վկայություն է, որը հաղթահարելու որեւէ նշույլ առայժմ չի երեւում: Այնինչՙ հարկավո՛ր է: Եվ որքան հնարավոր էՙ շո՛ւտ: Որպեսզի հասարակական կյանքի բնականոն ընթացքը վերականգնվի, քանի անհուսալիորեն ուշ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ