RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3069, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Միջոցառումը ապրիլի 24-ին կազմակերպել է «Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունը»

Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին «Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունն» այս վերնագրով հիշատակման միջոցառում է կազմակերպել Թուրքիայի մայրաքաղաքում: Միջոցառմանը ներկա է եղել մեր հասարակայնությանը հայտնի Իսմաիլ Բեշիկչին, ինչպես նաեւ քաղաքագետ Բասքըն Օրանը, իսկ միջոցարումը ապրիլի 25-ին լուսաբանել է Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման հանդուգն կողմնակից Ալի Սաիթ Չեթինօղլուն, որը տարիներ շարունակ հետեւողականորեն պայքարում է թուրքական ժխտողականության դեմ: Նրա պատրաստած նյութն ապրիլի 28-ին իր կաքէջում է զետեղել Պոլսո «Հայ թերթը»:

Մասնակիցները մեկ րոպե լրությամբ հարգել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ապա բացման խոսքով հանդես է եկել Ֆիքրեթ Բաշքայան: Նա իր ելույթում խստագույնս քննադատել է թուրքական պաշտոնական պատմագրությունը, ապա անդրադարձել է ժխտողականությանն ու հոդված առ հոդված քննարկել է Թուրքիայում տարիներ շարունակ պաշտոնապես առաջ քաշվող «սուտը»: Բաշքայայի խոսքը խիստ շահեկան է Ցեղասպանության հարցում թուրք հասարակությանը լուսավորելու, երկրի ներսում ժխտողականության դեմ պայքարի նախադրյալներ ստեղծելու եւ դրա սնանկությունը, որպես թուրք հեղինակ, ի լուր աշխարհի բացականչելու առումով: Թվում է, թե նրաՙ Անկարայում հնչեցրած տեսակետները պետք է օրինակելի լինեն նախորդ իշխանությունների կարոտախտով տառապող որոշ հայ «քաղաքագետների», որոնք պնակալեզի հոգեբանությամբ հրապարակավ կասկածի տակ են դնում ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հանդիսացող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակահարմարությունը, պատճառաբանելով. «Ո՞րն է ճանաչման օգուտը Հայաստանին, մենք ի՞նչ շահ ենք ստանում դրանից»:

Նախ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առեւտրական գործարք չէ, այլ բարոյական պարտք մեզ համար 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Ըստ երեւույթին այս թափթփուկները չեն զգում, որ կասկածի տակ դնելով Ցեղասպանության ճանաչման նպատակահարմարությունը ոչ միայն զոհերի հիշատակն են անարգում, այլեւ, առանց երկմտելու, տուրք են տալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ թուրք ժխտողականների հայատյաց նկրտումներին: Եթե ճանաչումն ոչինչ էլ չտա Հայաստանին, գոնե Թուրքիայի նկատմամբ բարձրացնում է նրա միջազգային հեղինակությունը, Ճանաչման պայմաններում կառչելով ժխտողականությունից, վերջինը ցեղասպան պետության համբավ է ձեռք բերում, իսկ դա մեծապես սահմանափակում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու եւ միջազգային կառույցներում անկաշկանդ Ադրբեջանի շահերը պաշտպանելու թուրքական դիվանագիտության հնարավորությունները:

Ստորեւ մասնակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում եմ Ֆիքրեթ Բաշքայայի բացման խոսքը, ահա թե ինչ է ասել.

«Եթե մենք ի վիճակի լինեինք տեր կանգնել մեր պատմությանը, մերկացնել ստախոսներին, կեղծարարներին, առասպելներ եւ տաբուներ հորինողներին, ապա պատմությունը մեզ ազատություն կպարգեւեր... Թերեւս անգլիացի հայտնի պատմաբան Մարտին Բերնալն ի զուր չի ասել. «Պատմությունն այնքան է կարեւոր, որ չի կարելի թողնել պատմաբանների հայեցողությանը, ինչպես ասենք ակադեմիական ինստիտուտըՙ բանտապետներին»:

Իթթիհատականները պնդում էին, թե այդ թվերին խնդրո առարկան ոչ թե կոտորածն է եղել, այլ տեղահանությունը, պատերազմին հայերը, համագործակցելով ռուսների հետ, բռնել են դավաճանության ուղին եւ բանակի անվտանգության նկատառումներով որոշվել է տեղահան անել հայերին: Հետագայում (հանրապետության շրջանում) այդ նույն թեզերը առաջ քաշեցին եւ շարունակում են առաջ քաշել պաշտոական շրջանակները... Եվ մարդիկ հավատում են ստերին:

Հետաքրքրականը, բայց ոչ զարմանալին այն է, որ այս տեսակետները պաշտպանելու «հասունություն» են դրսեւորել նաեւ իրենց «ձախակողմյան» համարող որոշ «մտավորականներ»...

Եթե հարցի էությունը սահմանափակվեր դավաճանություն կոչվածով եւ տեղահանությունն իրականացվեր ռազմական անվտանգության նկատառումներով, ապաՙ

Ժանդարմերիային եւ բատերից ազատ արձակված մարդասպանների ոհմակներին չէին քշի հայերի վրա,

2. Եթե խնդիրը բանակի անվտանգությունը լիներ, ապա քարավանները կուղղորդվեին անվտանգությանը համապատասխան վայրեր, մինչդեռ ճիշտ հակառակն է կատարվել: Հայերը տեղահանվել են բանակի անվտանգության հետ բացառապես առնչություն չունեցող շրջաններ:

3. Եթե խնդիրն իրականում պայմանավորված լիներ ոչ թե կոտորածով, այլ տեղահանությամբ, ապա մահմեդական գաղթականներին չէին վերաբնակեցնի հայերից ազատված վայրերում, որովհետեւ անվտանգության նկատառումով իրականացված «պարտադրված տեղահանությունը» ենթադրում է «իրավիճակի կայունացման» եւ «անվտանգության ապահովման» հետ տեղահանվածների վերադարձը բնակության նախկին վայրեր:

4. Կոտորածի համակարգված ձեւով կենտրոնական իշխանության որոշումով իրականացման մեկ այլ փաստարկն էլ կոտորելու հրամանին չենթարկվող կառավարիչներին պատժելու կամ սպանելու գործելակերպն է... Օրինակՙ Լիջեի կառավարիչը. նա հրաժարվել էր ի կատար ածել հայերին սպանելու բանավոր հրամանը, պահանջել էր գրավոր հրաման: Նրան իսկույն, ազատելով պաշտոնից, Դիյարբեքիր էին կանչել եւ ճանապարհին սպանել:

5. Այս ամենից բացի տեղահանությունը ներառել է ոչ միայն պատերազմական կամ վարչակարգի տեսանկյունից «զգայուն» hամարվող շրջանների, այլ բոլոր հայերին, հայաբնակ բոլոր շրջաններում...Դա կիրառվել է Անատոլիայի ողջ տարածքում... Ինչպես կարելի պատճառաբանել կամ պաշտպանել մի ամբողջ ժողովրդիՙ հաշմանդամների, կանանց, երեխաների, ծերերի իսպառ բնաջնջումը: Մի՞թե կարելի է արդարացնել կամ պատճառաբանել մի ամբողջ ժողովրդի, կանանց, երեխաների, ծերերի եւ հաշմանդամների զանգվածային անխտիր սպանությունը...Դա կնշանակի մասնակից լինել մարդկության դեմ իրականացված հանցագործությանը, իսկ մենք ակնհայտորեն գործ ունենք այդպիսի հանցագործության հետ:

Ի վերջո Առաջին աշխարհամարտից մինչեւ «Ազգային պայքար» կոչված գործընթացի ավարտը (նկատի ունի 1919-23 թթ. քեմալականների գլխավորած պայքարը, որն ավարտվել է երկրում հանրապետական կարգերի հռչակումով), Անատոլիայից կոտորածների, տեղահանության միջոցով արմատախիլ են արվել Անատոլիայում բնակվող հույները, ապա նաեւ չեզոքացվել է ասորիների ու քաղդեացիների «խոչընդոտն» ու այսպիսով հաջողությամբ է պսակվել «Անատոլիան թուրքացնելու» իթթիհատականների ծրագիրը:

Բաշքայայից հետո «Փաստագրվա՞ծ է հայոց ցեղասպանությունը» խորագրով զեկուցմամբ ամբիոնին է մոտենում Թեմել Դեմիրերը եւ մասնավորապես ասում. «Անուրանալի իրողություն է, որ մինչեւ 1915 թիվը մեր երկրում բնակչության մեկ հինգերորդը հայ էր, իսկ այսoր այդ ցուցանիշը մեկ հազարերորդի անգամ չի հասնում:

Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Հարցի պատասխանն անշուշտ պատմության մեջ արձանագրված Ցեղասպանության իրողությունն է:

Հեռուստահաղորդումներից մեկում, երբ մեր պատմաբանները շուտ-շուտ հարցնում էին, թե «հապա ո՞ւր է փաստաթուղթը», ժամանակին Հրանտ Դինքի ասածի պես, ես էլ ասում եմ. «Յուրաքանչյուր հայ ընտանիք ինքնին փաստաթուղթ է»: Հաջորդաբար ելույթ ունեցան նաեւ հայտնի գիտնականներ Իսմաիլ Բեշիքչին եւ Նեվզաթ Օնարանը: Բեշիքչին անդրադարձավ Հայոց ցեղասպանության մեջ «Հատուկ կազմակերպության»ՙ (Teskilat-i Mahsusa) դերին, իսկ Օնարանըՙ հայերի ունեզրկմանն ու հափշտակված հայկական գույքին, մատնանշելով, որ իբրեւ օսմանյան ժառանգություն, այդ ունեզրկումն է կանխորոշել Թուրքիայի Հանրապետության տնտեսական քաղաքականության հետագա ընթացքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ