RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2160, Տպվել է` 229, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Այլընտրանքային էներգառեսուրսների անհրաժեշտություն

Մոսկվայում վստահ են, որ նավթարդյունահանման ժամանակաշրջանը կշարունակվի առնվազն եւս 50-70 տարի: Այդ մասին հայտարարում է ՌԴ կառավարությունը: Բայց դա կարող է լինել ճակատագրական սխալ, գրում է գերմանական Die Zeit թերթը:

Վառելիքի հանածո պաշարների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին, նշում են թերթի լրագրողները, դրանում համոզվում են ավելի ու ավելի շատ երկրներ եւ կառույցներ: Անգլիայի բանկը 2015 թվականից ի վեր նախազգուշացնում է ածխաջրածնային «փուչիկի» գոյության մասին: Աշխարհի տարբեր երկրների հազարից ավելի ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ եւ իշխանության մարմիններ ուզում են իրենց փողերը դուրս բերել հանածո վառելիքի ոլորտից եւ շեշտը դնում են վերականգնվող էներգիայի վրա: Նրանք գիտեն, որ եթե աշխարհը լրջորեն կենտրոնանա Փարիզյան համաձայնագրում ամրագրված ածխաթթու գազի արտանետումների կրճատման վրա, ապա առաջիկա 11 տարում հարկ կլինի կիսով չափ նվազեցնել այդ արտանետումները: Դա նշանակում է, որ ածխի, նավթի եւ գազի սպառումը պետք է նշանակալիորեն կրճատվի:

Նավթի արդյունահանման նվազեցման հետեւանքով աշխարհում զգալիորեն կթուլանան նավթի հետ կապված ազդեցության գոտիները, կարծում է ԵՄ էներգետիկայի գծով նախկին հանձնակատար Անդրիս Պիեբալգսը : Ռուսաստանն այսօր նավթարդյունահանման գծով համաշխարհային տերություն է, իսկ Սաուդյան Արաբիան եւ Նիգերիան իշխում են հարեւան երկրների վրա: Կենսականորեն կարեւոր կարող է դառնալ այն հարցը, թե այդ երկրներն ունե՞ն արդյոք այլընտրական ծրագիր, թե՞ մինչեւ վերջ կկառչեն նավթի բարելից: Նավթի պաշարների սպառումը նավթարդյունահանող երկրներում կհանգեցնի՞ արդյոք դժգոհության հուժկու ալիքի, հարց է տալիս հրատարակությունը:

Ռուսաստանն ավանդաբար կախման մեջ է վառելիքի հանածո պաշարներից, ինչը պատճառ է դառնում մոլորակի կլիմայի ջերմացմանը: ՌԴ արտահանության գրեթե 2/3-րդը եւ եկամուտների 40 տոկոսը կապված են ածխի, նավթի եւ գազի հետ: Դեռ մի որոշ ժամանակ Ռուսաստանը կկարողանա նավթ եւ գազ մատակարարել Չինաստանին ու Եվրոպային: Գազը համարվում է անցումային վառելիք, քանի որ պակաս ածխաթթու գազ է արտազատում, քան նավթը: Սակայն ներկայումս գազ արտահանում են ավելի ու ավելի շատ պետություններ: Ուստի ենթադրվում է, որ ապագայում գազը Ռուսաստանին ավելի քիչ եկամուտներ կբերի:

Ճիշտ է, ՌԴ կառավարությունը սկսել է առավել բազմաբնույթ դարձնել տնտեսությունը: Այսպես, Եվրոմիության նկատմամբ սահմանված բեռնարգելքը նպաստում է երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Սակայն դա արվել է ոչ թե հանուն մոլորակի կլիմայի, այլ հանուն տնեսության անկախացման: RusEnergy խորհրդատվան ֆիրմայի փորձագետ Միխայիլ Կրուտիխինը , սակայն, չի հավատում, թե ինքնապահովման նման ռազմավարությունն արդյունավետորեն կգործի: Նրա կարծիքով, ներկա պահին գոյություն չունի այլընտրական տնտեսկան այնպիսի մոդել, որը կկարողանար ապահովել ամբողջ երկիրը:

1990-ականների իրավիճակից զերծ մնալու համար Վլադիմիր Պուտինը ստիպված է հույսը դնել նավթի բարձր գների վրա, կամ էլ միջոցնել վերցնել Կուդրինի անվան պետական հիմնադրամից, քանի դեռ այն չի սպառվել, նշում է Die Zeit-ը:

Սաուդյան Արաբիան, իր հերթին, զգացել է վտանգը: Թագաժառանգ իշխան Մուհամմեդ իբն Սալմանը երեք տարի առաջ ներկայացրեց 2030 թվականի տեսլականի ծրագիրը: Նա մտադիր է կառուցել տալ արեւի, քամու եւ ատոմային էլեկտրակայաններ, նավթաքիմիայի արդյունաբերական օբյեկտներ: Ինչպես նշվում է հոդվածում, Սաուդյան Արաբիան որոշել է օրինակ վերցնել ԱՄԷ-ից, որն աշխարհով մեկ կառուցում է վերականգնելի էներգետիկայի բնագավառում:

Նավթային պետությունները մրցավազք են սկսել ժամանակի հետ: Իրենց տնտեսությունների վերակառուցման համար նրանք ստիպված կլինեն տարիներ շարունակ ջանքեր գործադրել, մինչդեռ մոլորակի կլիման արագ է փոփոխվում: Յուրաքանչյուր անսովոր շոգ ամառվանից, ջրհեղեղից ու փոթորկից հետո ավելի ու ավելի հրատապ է դառնում նավթի սպառումից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Վերականգնելի էներգիայի միջազգային կազմակերպության փորձագետների կարծիքով նավթային հսկաների անկումը կուղեկցվի այն երկրների վերելքով, որոնք առաջավոր դիրքեր են զբաղեցնում այսպես կոչված կանաչ տեխնոլոգիաների ոլորտում:

Նավթը դարեր շարունակ եղել է պետությունների արտարժույթի ապահովման միջոց, բայց էներգետիկ քայլերի հավանական անկումը կարող է փոխել Մերձավոր Արեւելքի քարտեզը: Դժվար է պատկերացնել Սաուդյան Արաբիան առանց նավթի: Թագավորությունն այլեւս չի կարողանա ֆինանսավորել իր թանկարժեք արտաքին քաղաքականությունը, օրինակՙ Եմենի պատերազմը, Եգիպտոսում եւ Մաղրիբում արմատականներին ցուցաբերվող աջակցությունը, հակառակորդ Քաթարի շրջափակումը: Փոխարենը ինքըՙ Սաուդյան Արաբիան, կարող է դառնալ արմատականների թիրախ:

Քիչ հավանական է, որ նավթի ցածր գների պայմաններում Ռուսաստանը եւս կարողանա շարունակել իր ծավալողական արտաքին քաղաքականութունը: Ուկրաինայի արեւելքում շարունակվող պատերազմը, Ղրիմին հատկացվող պետական օժանդակությունը եւ Սիրիայի հակամարտությունը ամեն տարի արժենում են մի քանի միլիարդ եվրո: Տնտեսության տեսակետից արդեն այսօր Ռուսաստանը սեփական ուժերից վեր բեռ է վերցրել իր ուսերին, նշում է փորձագետ Մայքլ Բրեդշոուն : Նա հավելում է, որ դեռ 1980-ականներին նավթից չափազանց մեծ կախվածությունը ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառներից մեկը դարձավ: Այժմ Ռուսաստանը պարտավոր է հարմարվել նոր պայմաններին, այլապես երկրի ներսում կծագեն անկարգություններ: Դրանց ազդեցությունն իր վրա կզգա նաեւ Եվրոպան:

Տվյալ հարցում օգնություն կարող են ցուցաբերել Մեծ քսանյակի երկրները: Միացյալ ուժերով նրանք կարող են զարգացնել վերականգնելի էներգառեսուրսները եւ տեխնոլոգիաները, կարծում է Անդրիս Պիեբալգսը:

Սակայն, ինչպես եզրակացնում է Die Zeit-ը, նավթ արտահանող երկրները պետք է ելք գտնեն ինքուրույն կերպովՙ օգտագործելով նավթից արդեն ստացված եկամուտները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ