RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2471, Տպվել է` 232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ Ե՞ՐԲ ԿԳԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մտորումներից մինչեւ մտահոգություններ ձգվող մեր առօրյա վիճակը երկար թունել է հիշեցնում, որի վերջում անշուշտ լույս նշմարվում է: Կա նաեւ այն տարբերակը, ըստ որի հազիվ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում Աստծո յուրաքանչյուր առավոտ նույնքան Նապոլեոն է արթնանում: Մերօրյաՙ անշուշտ, ուր նրանցից յորաքանչյուրը երկիրը տնտեսապես կայացնելու իր տարբերակն ունի, յուրօրինակ կախարդական փայտիկը: Թեեւ ՀՀ կառավարությունն առանձնացրել է իր նախատեսած ոլորտային առաջնահերթություններըՙ տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը, սակայն կան նաեւ այլ ուղղություններ կանխատեսողներՙ մշակույթից մինչեւ առողջապահություն, բանկային համակարգից մինչեւ ոսկերչություն, դեղագործություն ու ժամագործություն:

Տողերիս հեղինակն իր բազմաթիվ հայրենակիցների օրինակով նախապատվությունը տալիս է կայացող եւ արդեն կայացած երկրների անցած փորձին, դրանք վերլուծելով ու կիրառելով առաջ շարժվելու գործունեությանը, ուր նոր հեծանիվ հայտնագործելու կարիք բոլորովին չկա: Բայց արի ու տես նորօրյա իշխանությունն էլ սովորույթի ուժով շարունակում է մերն ուրիշ է գործելաոճը, միայն այն տարբերությամբ, որ կոնկրետ քայլերի ու գործողությունների փոխարեն նախապատվությունը տալիս է հայի նախաձեռնելու հատկությանը, մարդ-արարածի մեր տեսակի բնատուր ձիրքին, արարելու նրա ունակությանը... մի նոր, մերն ուրիշ է-ի:

Այսօրինակ ակնկալիքներին զուգահեռ օր չի լինի որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն ու իմքայլականները չհիշեն կրթության ու առողջապահության, ռազմական ու ոստիկանական համակարգերում սպասվող աշխատավարձերի բարձրացման մասին: Երեւույթը կարելի է դրական դիտարկել, քանզի այն շատերի համար յուրաքանչյուր ամիս ստացվող տասնյակ հազարավոր լրացուցիչ ազգային դրամների է վերաբերվում: Մի փոքր զգուշավոր ենք հարցին մոտենում եւ կարելի է արտահայտչաձեւն ընտրում, երբ ոմանք նախընտրում են միանշանակ բառն օգտագործել, որովհետեւ ասենք աշխատավարձի անգամ 20 տոկոս աննախադեպ բարձրացումն ու այն 30-40 հազար դրամի տեսքով ներկայացնելն արդեն ինչ-որ տարօրինակ զգացում է առաջացնում: Խոսում ենք տասնյակ ու անգամ հարյուր հազարներից ու միաժամանակ նշում, որ այդ ահռելի գումարների պայմաններում մեզանում հաղթահարված չէ ոչ միայն աղքատությունը, այլեւ գոյանում է ծայրահեղ աղքատների մի նոր զգալի հատված: Աշխատավարձերի բարձրացման արդյունքում առեւտրի ու ծառայությունների ոլորտներում հայտնվող հարյուր միլիոնավոր դրամները, առաջարկ-պահանջարկի խաթարված հարաբերությունների պայմաններում նոր գնաճի են հանգեցնում, պատճառ դառնում ասենք 25 հազար դրամի հասցված կենսաթոշակների հերթական արժեզրկման:

Սույն տողերը գրելու օրվա առավոտյան արդեն մոտակա փուռ-խանութում 0,5 կգ մատնաքաշ հացի գինը 250 դրամ էր, նախորդ օրվա 240 դրամի դիմաց: Կիլոգրամի հաշվարկով թանկացումը կազմում է 20 դրամ կամ 4 տոկոս, որն ամսվա կտրվածքով մի կլորիկ գումարի է վերածվում: Վերջին մի քանի շաբաթներին պարբերաբար ու զգալիորեն աճեց տեղական հավի մսի գինը, որոշ առեւտրի կետերում 1100 դրամից հասնելով 1400 դրամի, սուպերմարկետներում 1450 դրամից մինչեւ 1820 դրամի: ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ համեմատաբար թանկ համարվող քաղաքում բնակվող հարազատիցս տեղեկացա, որ այստեղ հավի մսի կգ-ի գինը 100-120 ռուբլու սահմաններում է, որը մեր 800 դրամին է համարժեք: Ինչո՞ւ է մերը թանկ. պարզ մի պատճառովՙ երկիրը ոչ հացի հումք ցորենի անհրաժեշտ քանակներ է արտադրում, ոչ էլ թռչնամիս, այդկերպ հաստատելով, որ կարեւորը ներկրողներն են, նրանց շահերն սպասարկելը: Համեմատաբար աղքատ որակվող հայաստանաբնակն օգտվում է 600-700 դրամով վաճառվող ներկրված խոր սառեցված հավի մսից, իսկ բարձր վարձատրվող ՏՏ ոլորտի ներկայացուցիչն էլ փնտրում-գտնում է սակավ տեղական թանկացողն ու այդկերպ խորացնում աղքատության աստիճանը: Եվ հարցը, թե ինչու է առաջին անհրաժեշտության սնունդը մեզանում թանկ, իշխանության օղակներում նախընտրում են այս մասին չխոսել, առավել եւս չբարձրաձայնել:

Հենց շաբաթներ առաջ ՀՀ կառավարության նիստերից մեկում ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ կամ ՀՀ գյուղնախարարի ժամանակավոր պաշտոնակատար տարօրինակ անվանումներով հանդես եկող փաստացի ՀՀ գյուղատնտեսության երիտասարդ նախարարը թիվ հնչեցրեց, որ ՀՀ-ում կովի անարատ կաթով 92 տոկոս ինքնաբավություն ունենք, պակասը կազմում է հազիվ 90 հազար տոննա: Պարզ թվաբանության արդյունքում ստացվում է, որ եթե չբավարարող 8 տոկոսը 90 հազար տոննա է, 92 տոկոսը 940 հազար տոննա է կազմում: Նույն նիստում ՀՀ գյուղնախարարը վկայաբերելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, քանզի նախարարությունը որեւէ տեղեկատվություն չի վարում եւ բնականաբար չի տիրապետում, խոշոր եղջերավոր անասնագլխաքանակի վերաբերյալ թվեր հրապարակեց: Ըստ դրանց 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորի գլխաքանակը եղել է 701 հազար, որից կովերը 318 հազար, 2018-ին համապատասխանաբար 590 հազար եւ 267 հազար, նվազումները 111 հազար եւ 51 հազար: 2017-ի համար ներկայացված մեկ կովի միջին տարեկան 2260 լիտր կաթնատվության պարագայում, ինչքան էլ ցանկանանք վիճակը գունազարդել, 600 հազար տոննա կաթի արտադրությունը գերազանցող թիվ չի նշմարվում, որի արդյունքում ստացվում է 340 հազար տոննայի պակաս, ամբողջ 55 տոկոս թերարտադրություն: Մեր առօրյայում դա երեւում է ամենուր, տարբեր ուսումնասիրությունների արդյունքում, երբ պարզվում է որ ՀՀ-ում արտադրված կաթնամթերքը հիմնականում ներկրված կաթի փոշուց է կամ ինչ-ինչ բուսական յուղերից:

Ոլորտում, համեստ թե զգուշավոր որակենք, նախաճգնաժամային վիճակ է, որի պատասխանատուները որեւէ ձայն-ծպտուն չեն հանում: Այսպես չեն երկրի պարենապահովությունը կառավարում, մեր մարդկանց սննդակարգը կանոնավորում, զբոսաշրջության խթանմանը պայմաններ ապահովում: Եվ հարցըՙ կբարեփոխվի՞ արդյոք ոլորտը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմ ընդգրկելու շնորհիվ, ցույց կտա առաջիկան: Խոսքերով ու թվերով չեն մարդկանց վստահություն ներշնչում ու սննդակարգ խոստանում, այլ ոլորտի առջեւ դրված հիմնական խնդիրները կանոնակարգելով, որոնք ենՙ սննդի հումք մարդկանց եւ կերեր անասունների համար եւ հումք վերամշակման նպատակով: Առաջինում հազիվ մի 10-15 տոկոս ապահովվածություն ունենք, երկրորդում գրեթե զերոյական վիճակ է, որի հաստատումը անասնագլխաքանակների կտրուկ անկումն է հարկադիր սպանդի տեսքով, երրորդում էլ հիմնական հումքը ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների արտադրությանն է ուղղված, որոնցից առաջինում հայաստանաբնակները գերակտիվ են, գինու ու կոնյակի պարագայում պասիվ, որտեղ մասամբ ակտիվություն նկատվում է արտերկրներից ներկրված սպիրտից ստացվող օղիների օգտագործման արդյունքում:

Համանման պատկեր է գրեթե բոլոր պարենմթերքների, ասենք հաճախ հիշատակվող հայկական մեղրը արտահանելու առումով: Վերջին 4-5 տարիներին այս բնամթերքի ծավալների կտրուկ նվազման արդյունքում դրա կգ-ի գինը 2,5 հազար դրամից հասել է 4 հազար եւ ավելի դրամի, որն անհասանելի է դարձրել մեղրի օգտագործումը հարյուր հազարավոր ընտանիքներում: Տեսեք թե ինչ գնով է վաճառվում մեղրը եվրոպական առեւտրաշուկայում:

Այսպես էլ ապրում ենք, ինքներս մեզ հարց չտալով, թե ինչ ժամկետում է հնարավոր ՏՏ ոլորտի, զբոսաշրջության ու գյուղատնտեսության հանդեպ իշխանության հոգածության արդյունքներն զգալ սեփական մաշկի վրա: Այն մասամբ իսկ պատկերացնելու նպատակով դարձյալ օգտվելու եմ այլոց անցած եւ համեմատաբար կարճ ժամկետներում հասած արդյունքների հրապարակումից:

ՀՀ-ում առաջիկա տարիների համար ծրագրված 5 տոկոս տարեկան տնտեսական աճի պայմաններում 2018-ի 12,4 մլրդ դոլարի մեր ՀՆԱ-ն 2028-ին կազմելու է 19,6 մլրդ դոլար: Կանխատեսվող մոտ 4 մլն բնակչության պարագայում 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն ստացվում է 4700 դոլար, ներկայիս 4200-ի դիմաց: Առերեւույթ 500 դոլարին համարժեք ՀՀ դրամից հանեք գնաճի եւ ներմուծվող ապրանքախմբերի անկանխատեսելի բացասական ցուցանիշները, կունենանք գրեթե այսօրվա պատկերը:

Հիմա եկեք ծանոթանանք մեր անբարյացակամ արեւմտյան հարեւանի այսօրինակ վիճակագրությանը, մտքում ունենալով շան ու փայտի հայտնի ասացվածքը: 2008-ին Թուրքիայի բնակչությունը 71 մլն էր, ՀՆԱ-ն 636 մլրդ, բյուջեն 122 մլրդ: 10 տարի անց թվերը հետեւյալն են. 81 մլն, 2,2 տրիլիոն, 190 մլրդ: 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 9 հազար դոլարից հասել է 27 հազար դոլարի: Ուշադրության է արժանի հատկապես այն փաստը, որ 2008-2018 թվականներին ՀՆԱ-բյուջե հարաբերությունը, որն արտացոլում է երկրի հարկային քաղաքականությունը, 20 տոկոսից իջել է 8 տոկոսի: Թե ինչի շնորհիվ է նման արդյունք ձեռք բերվել, լրագրողիս համար դժվար է ասելՙ գուցե 2006 թվականին իրականացված նոր լիրայի ներդրման, երբ հանվեցին նախորդի երեք զերոները, ասենք 1400 լիրան դարձավ 1,4 լիրա:Այս մասին ստորեւ:

Որ երկիր մոլորակն արթնանում ու քնում է ԱՄՆ-ի դոլարի շուրջ խորհրդածություններով, կարծես անժխտելի իրողություն է: Ինչպես եւ այն, որ այդ արտարժույթի ամենամեծ շրջանառվող թղթադրամը 100 դոլարանոցն է: Այդյո՞ք այս հանգամանքի մեջ չէ այն կայունությունը, որն ունի հյուսիսամերիկյան արժույթը: Այս պարագայում ինչքանո՞վ է արդարացված ՀՀ 100.000 դրամանոցի գոյությունը, որն ամբողջ 200 դոլարի է համարժեք: Տողերիս հողինակն իր ոչ փոքր շրջապատի մի քանի տասնյակ ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցման ընթացքում պարզեց, որ նրանցից եւ ոչ մեկն այդ թղթադրամից երբեւէ չի ունեցել, չի տեսել որեւէ սուպերմարկետում կամ մոլում այն որպես վճարամիջոց օգտագործողի: Ստացվում է հանրահայտ ասացվածքի նոր արտահայտչաձեւըՙ անունը կա, քսակում չկա: Աշխարհը փորձում է համեմատվելու տեսքով հակադրվել ԱՄՆ դոլարին, եվրոյի թե յուանի, լիրայի թե լարիի, այլ արժույթների միջոցով համապատասխան կուրսեր սահմանել: ՀՀ ֆինանսատնտեսական մասնագիտական միտքը, որքանով որ այն կա, քաղաքացիներիս անվերջ հիշեցնում է ՀՀ բանկային համակարգի կայացվածությունն ու կայունությունը, չբացահայտելով տրիլիոն դրամներով հաշվարկվող ՀՀ աղքատիկ ՀՆԱ-ի ու բյուջեի առավելությունները: Գուցե այստե՞ղ է գնաճի սպասվածից հաճախ արձանագրվող գործոնը, երբ 20 կամ 50 դրամը մենք մեծ գումար չենք համարում, քանզի ամենահամեստ կենսաթոշակառուն անգամ 25.000 դրամ է ստանում, կորցրածի հազարապատիկը:

Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է նման նեղ խնդիրների շուրջ մասնագիտական զրույց ծավալել: Այս նպատակով հարկ է որ ակտիվություն ցուցաբերեն ՀՀ ֆինանսատնտեսական համակարգի բարձրագույն պաշտոնյաներն ու բուհական մասնագետները, հանրային տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցները: Ավաղ, վերջիններում գերակշռողը լրագրության այլ տեսակն է, խնդրահարույց թեմաներից հեռու մնալը, ռեյտինգների նվաճումը: Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ. գյուղնախարարի հետ հարցազրույցում կարող եք լսելՙ այս տարի ծիրան կուտե՞նք, տրանսպորտի նախարարից հիմնական ակնկալիքըՙ ե՞րբ կավարտվի հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը եւ նման բաներ:

Իսկ հիմնախնդիրները կսպասեն, դրանք ահռելի միջոցներ են պահանջում...

30.04.2019 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ