RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2534, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ԹԵ ՓՆՈՎԵՆՔ, ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Սոցցանցում ուշադրություն գրավեց մի տեսանյութՙ նվիրված ռուսաստանյան լրատվատարածքում... հայերի ու հրեաների գերակտիվության մասին: Բլոգերըՙ ռուս մի մարդ, դժգոհություն է հայտնում, թե ինչու հայերն ու հրեաները ամենատարբեր քաղաքական հեռուստահաղորդումներում հանդես գալով որպես ռուս-ռուսաստանցի, խելք են սովորեցնում երկրի բնակչության 80 տոկոսը կազմող բնիկներին, թե ինչպես նրանք պետք է ապրեն, ինչ ներքին ու արտաքին քաղաքականություն վարեն, ինչ հայացքներ դավանեն եւ այլն: Առանձնակի չարություն չկար հաղորդման հեղինակի մոտ, պարզապես գտնում էր, որ առաջին հերթին ռուսները պիտի իրենք իրենց խելք սովորեցնեն, տոկոսային հարաբերության իրենք պիտի գերիշխեն ռուսաստանյան լրատվամիջոցներում: Թե ինչու դա այդպես չէ, բլոգերը լռում է:

Անշուշտ մի հարթակի վրա դնել հայերի ու հրեաների քաղաքական լրատվական ազդեցությունը Ռուսաստանում, տեղին չէ: Հրեաները տնօրինում են ամբողջ հեռուստաալիքներ, թերթեր, ամենատարբեր քաղաքականագիտական կենտրոններ, զբաղեցնում են համապատասխան վարչական բարձր պաշտոններ եւ այլն: Այդուհանդերձ մեր ներկայությունն էլ իրոք նկատելի է:

Եվ այսպես, անհատապես ո՞վքեր էին ներկայացվել տվյալ տեսանյությում. Մարգարիտա Սիմոնյան, Սերգեյ Կուրղինյան, Սեմյոն Բաղդասարով, Գեւորգ Միրզայան, Տիգրան Քեոսայան, Կարեն Շահնազարով, Միխայիլ Շահնազարով, Արայիկ Ստեփանյան, Ռոման Բաբայան: Ես չգիտեմ, կասկածներ է հայտնում բլոգերը, թե ինչքանով են իրենց հայ զգում այս մարդիկ, ինչքանով են կապված իրենց հայրենիքիՙ Հայաստանի հետ, բայց ահա նրանք բոլորը «մեր երկիրը», «մեր ժողովուրդը» ասելով հասկանում են Ռուսաստան եւ ռուս ժողովուրդ: Կարծես մենք կորցրել ենք մեր ազգային ինքնությունըՙ սրտնեղում է ռուս մարդը: Քոչում են այս հայերը մի հաղորդումից մյուսը, հանդես են գալիս մի լսարանից մյուսի առջեւ: Նույն հայերը:

Իսկապես ակտիվ են մեր հայրենակիցները, եւ նրանց հետ հաշվի են նստում: Հետաքրքրական է, որ նշված քաղաքականագետներից միայն մեկն է հայաստանածնունդՙ Երեւանիցՙ Արայիկ Ստեփանյանը: Մյուսները լույս աշխարհ են եկել Կրասնոդարում, Մոսկվայում, Միջին Ասիայում, Ռիգայում, Բաքվում:

Հիմա այն մասին, թե ինչքանով են հայ այս անձինք: Նրանցից ոչ ոք չի ժխտում իր ազգային պատկանելությունը: Սակայն ասել, թե նրանք ռուսական լրատվատարածքում ատամներով պաշտպանում են Հայաստանի ու հայության շահերը, իրատեսական չի լինի: Այս հայերը Հայաստանի շահերը տեսնում են Ռուսաստանի միջով, այն իմաստով, որ մեր երկրի միջազգային անվտանգության գլխավոր երաշխավորը հենց Ռուսաստանն է ու ամեն մի հակառուսական քայլ կարող է բացասաբար անդրադառնալ երկու պետությունների հարաբերությունների վրաՙ ի վնաս մեզ:

Եվ այս պարագան, ի դեպ, անբավականությամբ է ընդունվում Հայաստանում: Մասնավորապես, Երեւանում խոր վրդովմունք առաջացրեց աշխարհասփյուռ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակային քննադատական խոսքը հայոց մայրաքաղաքում անցկացված միջազգային մի սիմպոզիումի կապակցությամբ, որտեղ հայրենական թավշյա հեղափոխության հենքի վրա քննարկվել էր... ԱՊՀ երկրներում եւս նման հեղափոխություններ իրականացնելու տեխնոլոգիաների հարցը: Ասել է թե ամերիկացիների փողերով Երեւանում հավաքված ԱՊՀ-ական սկսնակ «փորձագետները» իմաստնանում են քաղաքական երկարակյացներ Պուտինին, Լուկաշենկոյին, միջինասիական միապետներին տապալելու նրբություններում: Մերժելի Սերժին գահընկեց անելու փորձի հենքի վրա: Եվ ո՞րն էր Սիմոնյանի, այսպես ասած, մեսիջ-մաղթանքը: Որՙ սիրելի հայրենակիցներ, ամերիկացիներին հաճոյանալու տենչով դուք ուզում եք ձեր դեմ տրամադրել Ռուսաստանի, հետխորհրդային տարածքի տիրակալների՞ն: Ծանր ու վտանգավոր բեռ չե՞ք վերցնում ձեր նորամարզ ուսերին: Արդյո՞ք իրավացի չէ ռուսասեր ըմբոստ հայուհին:

Կարծում ենք ոչ թե պետք է պատճառներ փնտրել մոսկվացի հայազգի քաղաքականագետների ոչ «հայանպաստ» գործողությունները դատապարտելու համարՙ նրանց համարելով գործիք ռուսների ձեռքին, այլ փորձել ակտիվ հարաբերություններ հաստատել նրանց հետՙ վերջիններիս դրդելով առավել հայամետ գործունեության: Հայաստանի վարչապետը, օրինակ, որ երկիր որ այցելում է, պարտադիր հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դրանց մեջ մեծ խորհուրդ կա: Ինչու Սերժ Սարգսյանը խուսափում էր նման շփումներից: Սակայն մասնավորապես Մոսկվա կատարած այցերի ժամանակ իմաստ կունենար, որ Հայաստանի ղեկավարը հատուկ հանդիպում կազմակերպեր հենց հայանդամ քաղաքագիտական-փորձագիտական հանրությունների հետ, որպիսիք Ռուսաստանում կան ու ճանաչված են: Իրենց հերթին հայաստանյան համապատասխան կազմակերպությունները կարող են այդ ազդեցիկ քաղաքական գործիչներին հաճախ հրավիրել Երեւան ու ակտիվ շփումների միջոցով Ռուսաստանում մեծացած ու ձեւավորված անձանց մեջ զարգացնել եւ ուժեղացնել հայկական ոգին, հայացնել նրանց: Սրանք տեխնիկական հարցեր ենՙ միանգամայն լուծելի:

Երբեմն նույնիսկ ափսոսանք ես ապրում: Նույն Մարգարիտա Սիմոնյանի հետ հաշվի է նստում նույնիսկ ներկայիս ռուսաց ամենազորըՙ Վլադիմիր Պուտինը: Սիմոնյանը ցանկալի հյուր է ռուսական ամենաբարձրակարգ քաղաքական հեռուստահաղորդումների համար: RT-ն գլխացավանք է դարձել արեւմտյան շատ երկրների համար, քանզի նրա հաղորդումները նորաբնույթ ու հավասարակշիռ են եւ իրենց անսովորությամբ գրավում են արեւմտյան լսարանի ուշադրությունը: Եվ չօգտագործել այդ եւ համանման ուժերը, այլ զբաղվել սոսկ փնովումներով, լուրջ զբաղմունք չէ: Ինչ արժե, օրինակ, որ մի պայծառ օր հայոց նորաթուխ խորհրդարանը Երեւան հրավիրի Մարգարիտա Սիմոնյանին, կարելի է նույնիսկ ամուսնուՙ Տիգրան Քեոսայանի հետ եւ հրապարակային բանավեճեր ծավալի ռուս-հայկական հարաբերությունների ու դրանց մեջ ռուսահայ համայնքի դերի շուրջ: Տեսանելի է , որ նորակազմ խորհրդարանի նույն դեմքերը սկսում են հոգնեցնել միմյանց: Թարմություն է պետք մտցնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ