RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2561, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴԵՂԵՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապրիլ 24-ին ազգովին նշեցինք Հայոց ցեղասպաության 104-րդ տարելիցը: Դա ինձ համար նաեւ անձնակա՛ն մեծ վշտի օր էրՙ նախապապերս Վան-Վասպուրականի Ալջավազ քաղաքի, պապերսՙ Կարսի նահանգի Շատեւան գյուղի ծնունդ են: Անցյալ տարի զարմիկս, իբրեւ զբոսաշրջիկ, այցելել էր Արեւմտյան Հայաստան, գտել էր Շատեւան գյուղը, բայց Ալջավազ քաղաքըՙ ո՛չ: Հետը ժամանակակից Թուրքիայի անգլալեզու քարտեզ էր բերել, որի վրա գտա Շադեւան անունը: Պատմում էր, թե գյուղում հայերին հիշեցնող ոչ մի հետք չկար, բնակիչները թուրքեր ու քրդեր էին: Ալջավազ քաղաքը նույնպես քարտեզի վրա...չկա՛ր: Միգուցե նախապապերիս ծննդավայր-քաղաքի անունը փոխվե՞լ էր: Երբեւէ չեմ տեսել, բայց Ալջավազն ու Շատեւանը ի՛մն են, արյանս մշտամորմոք հիշողության մեջ, որ մանկության օրերից ինձ են փոխանցվել տատ ու պապերիս անվերջանալի պատմությունների հետ:

Այժմ դժվար չէ թեկուզեւ որպես զբոսաշրջիկՙ Արեւմտյան Հայաստան գնալը: Բայց ես միշտ խուսափել եմ այդ հնարավորությունից: Ուղղակի անկարող եմ ինքս ինձ ստիպել, որ իմ նախապապերի ու պապերի հայրենիքՙ որպես հյուր կամ զբոսաշրջի՛կ գնամ: Վախենամՙ սիրտս չդիմանա: Հայրենի եզերքի հանդեպ սերնդե-սերունդ փոխանցվող այս ահռելի կարոտի մեծությունը երբեւէ կհասնի՞ Թուրքիայի պետական այրերի ուղեղներին: Կասկածում եմ: Նախ, նրանք թո՛ւրք են... Հայոց ցեղասպանության ոճիրն ուրացող անխտիր բոլոր թուրքերին անձամբ ես... մարդ չեմ համարում: Նույնիսկ Հայոց ցեղասպանության ոճիրն ընդունող ու դրա համար սեփական նախնիներին դատապարտող թուրքերի՛ն եմ դժվարանում լիարժեք ընդունել որպես մարդ: Քանզի անգամ «քաղաքակի՜րթ» թուրքերի բացարձակ մեծամասնության մտքովն անգամ չի անցնում, որ իրենք, որպես ցեղասպանների ուղղակի շառավիղ, պարտավոր են փոխհատուցում տրամադրել իրենց պապերի անագորույն ձեռքով ոչնչացված մի ամբողջ ժողովրդի վերապրող ժառանգներին: Հայոց ցեղասպանության 90 ամյակի օրերին Երեւանում անցկացվող միջազգային գիտաժողովում իմ ականջով լսեցի, թե ինչպես այդ ոճիրը դատապարտող թուրք պրոֆեսորներ Մուրադ Բելգեն եւ Թաներ Աքչամը, միմյանց հետ կիսաձայն խոսելովՙ զայրույթ էին արտահայտում: Իբրՙ տե՛ս է՜, սրանք համարձակվում են Թուրքիային փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասի՜ն մտածել... Թուրք պրոֆեսորների այդ խոսքերն ինձ համար թարգմանեց լեզուն հասկացող լուսահոգի ընկերսՙ Գրիգոր Գույումջյանը: Բայց քանի որ այս զուտ թրքական հեգնանքը հիշյալ պրոֆեսորների հրապարակային ելույթի ժամանակ չհնչեցՙ ես այդ մասին որեւէ տեղ չհիշատակեցի: Ուղղակի մտածեցիՙ եթե իբրեւ թե քաղաքակի՜րթ, Հայոց ցեղասպանության ոճիրն ընդունող ու դատապարտո՜ղ, հայերին «բարեկա՜մ» թուրքերն ա՛յս մակարդակի էին, հապա մյուսների՞ մասին ի՛նչ մտածենք...

Ես պատրաստ եմ ժամանակակից թուրքերի հետ քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից մեզ տրվելիք փոխհատուցման ձեւերի հարցը: Դա կարող է լինել մեզնից բռնազավթած հողերի գոնե մի մասը մեզ վերադարձնելու, մեր նախնիների երբեմնի բնակավայրերում մեզ բնակվելու իրավունք վերապահելու, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար «արյան գին» վճարելու, նաեւՙ գույքի կորստի՛ դիմաց վճարելու, միգուցե նաեւՙ այլ ձեւերով: Քննարկմա՛ն խնդիր է:

Բայց այդպիսի փոխհատուցման հարց քննարկելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ թուրք պետությունը ազնվություն ունենա աշխարհին ի լուր հայտարարելու, որ ինքը, որպես Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքական կառավարողների իրավահաջորդ, ընդունում ու դատապարտու՛մ է իր նախնիների մարդակերությունը: Նաեւՙ ներում է խնդրում ոչ միայն հայ ժողովրդից, այլեւ ողջ մարդկությունից, որովհետեւ ցեղասպանության ոճիրը համայն մարդկության եւ մարդկայնության դեմ կատրաված ոճրագործություն էր: Քանի դեռ թուրքական պետությունը, որպես թուրք ժողովրդին ներկայացնող հավաքական կառույց դա չի արելՙ մնացած ժողովուրդները չեն կարող վստահ լինել, որ թուրքերը իրենց նախորդների գազանությունը չեն կրկնի ո՛չ միայն մեր, այլեւ ուրիշների՛ վերաբերմամբ: Դա մարդեղենության քննություն կլինի անխտիր բոլոր թուրքերի համար:

Երբեւէ նրանք կկարողանա՞ն հանձնել այդ քննությունըՙ ցույց կտա ապագան: Գուցե եւՙ շա՛տ հեռավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ