RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 575, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ն ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

С-400-ը եւ թուրք-ամերիկյան հարաբերությունները

Մոսկվայում նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման նախօրեին ամերիկացիները Անկարայի թեւերը ոլորելու աննախադեպ փորձ ձեռնարկեցին: Դա տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի 70-ամյակի առթիվ Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի եւ Մարշալի գերմանական հիմնադրամի կազմակերպած նիստի ժամանակ:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարեց հետեւյալը. «Թուրքիան պետք է ընտրություն կատարի, թե ուզո՞ւմ է արդյոք մնալ պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքի անդամ, թե՞ ուզում է սպառնալիքի տակ դնել իր գործընկերության անվտանգությունըՙ ընդունելով մեր դաշինքը թուլացնող անխոհեմ որոշումներ»: Ամերիկացի փորձագետներից շատերը այդ հայտարարությունն ընկալեցին որպես Թուրքիան ՆԱՏՕ-ից վտարելու սպառնալիք: Թուրքական Yeni Ca թերթը եւս դա գնահատում է որպես սպառնալիք եւ ահաբեկում: Ի պատասխանՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանից հ-400-ի ձեռքբերումը անվիճելի է եւ որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը իր երկրին հարկավոր է հարեւան տարածաշրջաններում առկա սպառնալիքների պատճառով, իսկ «ՆԱՏՕ-ն անկարող է բավարար չափով պաշտպանել մեր օդային տարածքը», ասաց նաՙ Վաշինգտոնին մեղադրելով այն բանում, որ նա Անկարային կանգնեցնում է դժվարին երկընտրանքի առջեւ:

Իհարկե, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում խնդիրները կուտակվել են վաղուց եւ աստիճանաբար: Փորձագետներից շատերը որպես հաշվարկման ելակետ վերցնում են Սիրիայի ճգնաժամի սկիզբը, որի զարգացման ընթացքում ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը շեշտը դրել է սիրիացի քրդերի վրա, ավելի ճիշտՙ նրանց այն կառույցների վրա, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական: Անկարան տվյալ հարցում զգայուն է հենց Թուրքիայում քրդական անջատականության գոյության պատճառով: «Այն պետությունը, որին մենք դաշնակից ենք համարում, փորձում է ահաբեկչական բանակ ստեղծել մեր սահմանների մոտակայքում», հայտարարել է Էրդողանը: Անկարան ձգտել է եւ ձգտում է թույլ չտալ իր սահմանների երկայնքով քրդական միջնատարածքի ստեղծում: Բացի դրանից, Թուրքիան հիվանդագին է արձագանքում Արեւելյան Միջերկրածովքում ԱՄՆ-ի գործողություններին, որտեղ ԱՄՆ-ի դաշնակիցներն են Հունաստանն ու Իսրայելը: Բացի դրանից, Վաշինգտոնը լռելյայն խթանել է Անկարայի սահքը դեպի «մեղմ իսլամացում»: Բայց երբ հասունացան այդ քաղաքականության պտուղները, Թուրքիային սկսեցին մեղադրել միահեծան իսլամական վարչակարգի ստեղծման մեջ:

Ամերիկա-թուրքական հարաբերությունների վատացումը չէր կարող չունենալ ռազմավարական հետեւանքներ: Թուրքիային պարզապես պարփակեցին Մերձավոր Արեւելքի սահմաններում եւ դրդեցին մերձենալ Ռուսաստանի հետ: Երբ ի հայտ եկավ հ-400-ի գնման հարցը, ամերիկացիներն ունեին դրա շրջափակման բոլոր հնարավորությունները: Նրանք խափանեցին Թուրքիայի փորձերըՙ ձեռք բերելու չինական HQ-9 համակարգ, որը ռուսական հ-300 հակաօդային պաշտպանության համակարգի նմանակն է:

Այդ ժամանակ Վաշինգտոնը որոշակի բարդություններ ստեղծեց թուրք-չինական հարաբերություններում: Միեւնույն ժամանակ, ամերիկացիները թուրքերին հորդորում էին գնել ամերիկյան Patriot համակարգՙ կիրառելով ձգձգումների մարտավարություն: Այն տպավորությունն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը փորձում է Էրդողանին նեղ կացության մեջ դնել եւ մեկ հարվածով երկու նապաստակ խփելՙ կախման մեջ դնել Թուրքիայի անվտանգությունը եւ միաժամանակ փչացել Էրդողան-Պուտին վստահական քաղաքական երկխոսությունը: Սակայն, ինչպես գտնում է թուրքական Cumhuriyet թերթը, Վաշինգտոնը թույլ տվեց լուրջ վրիպում: Թերթի կարծիքով, հ-400-ը Թուրքիայի համար դարձավ ավելին, քան զենքի գնումը: Դա արդեն երկրի քաղաքականության անկախացման խորհրդանիշն է, ի տարբերություն Հունաստանի, որն ունի հ-300 համակարգեր: Բայց ո՞րն է Անկարայի հանդեպ Վաշինգտոնի այդ կոշտ դիրքրոշման պատճառը:

Խնդիրն ունի ռազմաքաղաքական կողմ, որին ուշադրություն են դարձնում շատ փորձագետներ: Եթե Թուրքիայի ստացած հ-400 համակարգերը կարողանան տեսնել F-35 ռազմօդանավերը, ապա դրանց վաճառքը կձախողվի: Մինչդեռ Վաշինգտոնն ակնկալում է միայն Եվրոմիության երկրներին դրանք վաճառելովՙ ստանալ շուրջ 650 մլրդ դոլար: Ամերիկացիները պնդում են, թե ռուսական զենիթահրթիռային համակարգերը անկարող են տեսնել F-35-ը: Անկարան պատասխանում է. «Եթե դա ճիշտ է, ապա մենք առաջինը կիմանանք այդ մասին եւ կհայտնենք»:

Կա նաեւ մեկ այլ բան: Ուժեղանալովՙ Թուրքիան վարում է անկախ արտաքին քաղաքականություն եւ դուրս է գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից: Դա ճգնաժամային երեւույթներ է առաջացնում ՆԱՏՕ-ի հարավային թեւում, որի վրա հույս են դնում ամերիկացիները, բայց նաեւ հիմք է ծառայում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կասկածի տակ դնելու համար:

Որքանո՞վ է դա լուրջ: Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի փորձագետ Դոնալդ Ջենսենի կարծիքով, որը մեջբերում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության խորացումը, այնուամենայնիվ, չի հանգեցնի ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն: Ինչո՞ւ: Ջենսենի խոսքերով, ներկայումս տեղի է ունենում շատ կարեւոր գործընթաց: Սեւ ծովը դառնում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական մրցակցության ասպարեզ, իսկ Թուրքիան դրա կենտրոնում է, քանի որ վերահսկում է կարեւորագույն նշանակություն ունեցող նեղուցները: Այնպես որ, Էրդողանը Արեւմուտքի աչքին որքան էլ սարսափելի թվա, «Թուրքիան վերջինիս պետք է մրցակցության մեջ Ռուսաստանին հաղթելու համար»: Այդ դեպքում Փենսը ինչո՞ւ է հանդես գալիս Անկարային ուղղված սպառնալիքներով:

Միանգամայն հնարավոր է, որ Սեւ ծովում Թուրքիան չպաշտպանի օտարի շահերը, թեեւ նա Ռուսաստանը չի համարում ՆԱՏՕ-ի այլընտրանք, կամ ՆԱՏՕ-ն Մոսկվայի այլընտրանք: Թուրքիան կարեւոր դիրք է գրավում տարածաշրջանում, չնայած որ խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ: Սա մեծ չափով բացատրում է, թե ինչու է Անկարան փորձում հավասարակշռություն պահպանել Արեւմուտքի եւ Արեւելքի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: հ-400-ի ձեռքբերումը Էրդողանի համար որոշ իմաստով Վաշինգտոնի ազդեցությունից ձերբազատվելու դրսեւորումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #14, 12-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ