RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1979, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՏԱԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բանակում սպան ինձ մեկ անգամ է ապտակել: Մեր զորամասի շտաբի պետն էր: Ես զորամասի մոտ հերթապահ էի, նրա մեքենան բարձրանում էր: Վարորդի հետ պայմանավորվել էինքՙ եթե շտաբի պետը հետը չէր լինում, մեքենայի լույսերը վառում-անջատում էր: Վառեց-անջատեց: Պարզվեց փոխգնդապետը իմացել էր մեր պայմանավորվածության մասին ու ինքն էր հրամայել իր վարորդին, որ լույսերըՙ վառի-մարի: Հասկանալով, որ շտաբի պետը մեքենայում չէ, ես զինվորական համազգեստիս կոճակներն արձակած, առանց գոտի, սիգարետով, գնացի մեքենային ընդառաջ: Փոխգնդապետն իջավ մեքենայից ու ապտակեց ինձ: Լավ արեց: Դրանից հետո ես համազգեստսՙ հավուր պատշաճի ու գոտիս ամուր սեղմած էի հերթապահում, կապ չունի որտեղ:

Երեւանյան մաքսատանը Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպն ինձ հիշեցրեց այս պատմությունը: Ինչպես գիտենքՙ վարչապետը գնացել է մաքսատուն, մտել սենյակներից մեկը, տեսել, որ դրա անկյուններից մեկում քցած է Հայաստանի պետական դրոշը, որը կեղտոտ է, կանչել է սենյակում աշխատող մաքսավորին, որը, պարզվում է, ավագ-լեյտենանտ է, ինչը շատ կարեւոր է, բարկացել կամ մուննաթ եկել նրա վրա (մոտեցման հարց է), հրահանգել, որ իր աշխատավարձով կարգի բերի դրոշն ու դիմում գրիՙ աշխատանքից ազատվի: Ավագ-լեյտենանտը ոչինչ չի ասել վարչապետին կամ նրա ներկայությամբ: Միայն, երբ Փաշինյանը գնացել է, լրագրողներից մեկին այս տղան ասել է, որ դրոշը ՊԵԿ-ի գույքը չէ, այլ ոստիկանության գույքն է: Գույքը, այսինքն դրոշըՙ ՀՀ պետական, ոստիկանության գույքն է: Կարող էր ՊԵԿ-ի գույքը լիներ, եթե լիներՙ գուցե ՊԵԿ աշխատակիցը մաքրեր ու գլխավերեւում կախեր, բայց քանի որ ոստիկանության գույքն է, թող ոստիկանները գան մաքրեն, հո ՊԵԿ աշխատակիցը ոստիկանության փոխարեն գործ չի՞ անելու...

Իրավունք ունի՞ արդյոք վարչապետը հրահանգել, որ աշխատողը դիմում գրի ազատվի, իրավունք ունի՞ ուսադիրներով մարդը գետնին նետել կամ գետնին պահել ՀՀ դրոշը, քանի՞ երեխա ունի այդ տղան, որը գործազուրկ դարձավ, ի՞նչ է նա ասելու իր կնոջը, երբ գնա տուն եւ հասկանա, որ ամբողջ երկրի առջեւ խայտառակ եղավ. սրանք կարեւոր հարցեր են, բայց ամենակարեւորը չեն: Ամենակարեւորը դասն է: Սրանից հետո Հայաստանի տարբեր գերատեսչություններում ու պետական կառույցներում նայելու են իրենց մոտ պահվող դրոշներին, նույնիսկ փորձելու են հիշել, թե որտե՞ղ են դրանք պահել, հանելու են պահարանների հետեւներից, տակերից, սենյակների անկյուններից, մաքրելու են ու տեղադրելու են իրենց գլխավերեւներումՙ դրոշի տեղում: Գուցե վարչապետի ահից, ինչը սարսափելի է, ու վտանգավոր: Գուցե գիտակցելով, հասկանալով, թե ինչ է դրոշը եւ ի՞նչ է նշանակում այն, որ մենք դրոշ ունենք: Ու եթե տասը մարդ հասկանա, թե ինչ է դրոշը, ապա մեկ մարդու գործազրկությունը ներելի է:

Կարո՞ղ էր վարչապետը նույն բանն ասեր, բայց հանգիստ, առանց բարկության կամ մուննաթի, իսկ կարո՞ղ էր մեր զորամասի շտաբի պետը գլուխս շոյեր ու ասեր, որ հաջորդ անգամ գոտիս ամուր ձգեմ: Իհարկե կարող էին, երկուսն էլ: Անշուշտ վարչապետը զինվորական չէ, մենք էլ երկիր ենք, ոչ թե զորամաս: Բայց որպեսզի զորամասը զորամաս դառնա, երկիրն էլՙ երկիր, միշտ պետք է լինի մեկը, որը կապտակիՙ հանուն դրոշի, որն առաջինն են դնում ազատագրված հողերում եւ առաջինն են վերցնում այն հողերից, որտեղից նահանջն անխուսափելի է:

Վերջերս իմացա, որ մեր զորամասի շտաբի պետը գնդապետ է դարձել: Շնորհավորում եմ, պարո՛ն գնդապետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ