RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2756, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀՇ-Ի ՆՈՐ ԳԱԼՈՒՍՏԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Պետության կառավարումը գիտություն է եւ մարդիկ դրան հասնում են տասնամյակների ու նույնիսկ դարերի ընթացքում: Կառավարման արվեստի սահուն փոխանցման համար ստեղծվում են հատուկ կառույցներՙ ինստիտուտներ, որոնք էլ դարերով կուտակված փորձը փոխանցում են մի սերնդից մյուսին:

Նախկինում նմանատիպ ինստիտուտներ էին թագավորական հարստությունները (դինաստիա), նախարարական տները եւ այլն: Նույնիսկ հայկական պետականության ոչնչացումից հետո էլ գոյություն ունեցող նախարարական տներըՙ Օրբելյանների, Պահլավունիների, Զաքարյանների եւ այլն, պահպանում էին ինքնավարություն, թեեւ արդեն այլ պետությունների հովանու ներքո:

Հետագայում, որպեսզի վերջնականապես ոչնչացվի հայկական պետականության նշույլները, վերացվեցին նախարարական այդ տները, այսինքն այն ինստիտուտները, որոնք կրում էին հայկական կառավարման ինստիտուտի հիշողությունները: Հայկական որոշակի ինքնավարություն պահպանվեց միայն Արցախում եւ Սյունիքում, որտեղ մնացել էին Մելիքների իշխանությունները:

Ժամանակի ընթացքում, երբ իշխանափոխությունը դարձավ ավելի արագ, քան նախկինում էր, սկսեց առավել կարեւորվել պետական ինստիտուտների նշանակությունը, որոնք կառավարման գիտելիքի եւ, ոչ պակաս կարեւոր, ավանդույթի ու հիշողության փոխանցումը մի կառավարչից մյուսին: Սակայն, երբ ոչնչացվում են այդ ինստիտուտները եւ դադարում է գործել կառավարման գիտելիքի սահուն փոխանցման գործընթացը, սկսվում է քաոս:

Այդ երեւույթըՙ կառավարման քաոսը, հատկապես նկատելի է հեղափոխություններից հետո, երբ իշխանության հասած նորելուկները նախ սկսում են ոչնչացնել կառավարման «հին» մեխանիզմներըՙ ինստիտուտները` փորձելով այն փոխարինել իրենցով: Սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո սկսվում է պետական կառավարման անորոշություն, որը որպես կանոն հանգեցնում է տնտեսական կոլապսի, որից դուրս գալու համար տարիներ, իսկ երբեմն` տասնամյակներ են պահանջվում:

Ֆրանսիական հեղափոխությունից սկսած մինչեւ հայկական «թավշյան», այս ճշմարտությունը որպես օրինաչափություն կրկնվել է: Խուսափել հնարավոր է միայն, եթե նորելուկները հասկանում են տնտեսական ու նաեւ որպես հետեւանք քաղաքական կոլապսի հետեւանքներն ու իրենց պատասխանատվությունն այդ ամենում:

Սակայն եթե դա չեն հասկանում ու չկա պատասխանատվությունը ստաձնելու ցանկություն ու գիտակցություն, ապա հեղափոխական լոզունգները, որոնց հիմքում հնի ոչնչացումն է, վերածվում են գործողությունների ու, որպես կանոն, թացը չորի հետ խառնելու սկզբունքով, սկսվում է տնտեսական սրընթաց անկումըՙ աղքատացնելով բնակչությանը եւ սննկացնելով պետությանը: Համաշխարհային պատմությունը այս երեւույթներին ականատես է եղել տասնյակ անգամներ, այս ամենի մասին կան գրված հազարավոր էջեր, բայց կառավարման գրագիտության տարրական կանոնների բացակայությունը ամեն անգամ ստիպում է մեկ անգամ եւս ականատեսը լինել գրքային այդ ճշմարտությունների կրկնմանը:

Հայաստանյան իրականության մեջ վերջին անգամ տնտեսական կոլապս եղել էր անցած դարի 90-ականներին, երբ իշխանության եկած ՀՀՇ-ն, հանձին իր ղեկավարության, մի քանի տարիների ընթացքում ոչնչացրեց Խորհրդային Հայաստանից ժառանգություն ստացած տնտեսական ու արդյունաբերական ամբողջ համալիրը: Նկատենք, որ ոչնչացման այդ գործընթացի հիմնական պատճառը կառավարման խորհրդային ինստիտուտների ոչնչացումն էր, երբ հայտարարվում էր, որ նախորդ ամեն ինչը վատ է, եւ որ մենք ամեն ինչ կսկսենք նոր էջից, կամ ինչպես այսօրվա իշխանություններն են սիրում ասելՙ նոր կետից:

Անցած դարի 90-ականներին Հայաստանում սկսված տնտեսական, էներգետիկ, պարենային եւ այլ տիպի ճգնաժամերի պատճառը կառավարման ունակությունների ու գիտելիքների պակասն էր: Այս իրավիճակը է՛լ ավելի էր խորանում, երբ կառավարիչների անփորձությանը գումարվում էր կառավարման ինստիտուտների զանգվածային ոչնչացումը:

Այսպես կոչված մթի ու ցրտի տարիները, ալյուրի ու, որպես հետեւանք, հացի բացակայությունը, դրանց ներմուծման ու արտադրության կազմակերպման անընդունակությունը հետեւանք էր իշխանության եկած ՀՀՇ-ականների կառավարման անընդունակության: Այդ իրավիճակը էլ ավելի էր խորանում, քանի որ աշխատանքից զանգվածաբար հեռացվում էին ունակ կադրերը եւ փակվում էին կառավարման ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու ընդունակ ինստիտուտները:

Եթե համեմատենք այն ամենը, ինչ Հայաստանում տեղի ունեցավ անցած դարի 90-ականներին, ապա պարզ է դառնում, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց նոր իշխանությունները քայլ առ քայլ կրկնում են իրենց հոգեւոր հայրերի` ՀՀՇ-ի սխալները: Կառավարման այսպես կոչված օպտիմալացման արդյունքում փաստորեն դադարեց գործել հինգ նախարարություն, որոնցից երկուսըՙ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական ռեսուրների նախարարությունները միասին ապահովում էին ՀՀ-ի ՀՆԱ (համախառն ներքին արդյունքի)-ի մոտ 50%-ը:

Հարվածը հենց այս նախարարություններին, դրանց օպտիմալացումը հուշում է, որ այստեղ կառավարման արդյունավետության բարձրացման հարցը չէ, այլ նախկին, այսպես կոչված կոռումպացված համակարգի «կազմաքանդման» օրակարգը: Իսկ որ դրա հետեւանքով տուժում են ՀՀ-ի տնտեսության ողնաշարը համարվող տնտեսության կարեւորագույն ուղղությունները, էական չէ, քանի որ, ինչպես նշեցի, կարեւորը հեղափոխական լոզունգներն են ու պոպուլիզմը:

Նույն երեւույթը տեղի է ունենում, երբ հեղափոխական իշխանությունները սկսում են կազմաքանդել խոշոր բիզնեսը: Գոնե մասնագիտական շրջանակների համար պարզ է, որ պետությունը պետք է խոշոր արտադրողների ու արտահանողների համար մշակի հարաբերությունների հատուկ օրակարգ, քանի որ այդ ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը եւ կոմերցիոն հաջողությունը ուղղակիորեն ազդում են պետության տնտեսական աճի վրա:

Ամերիկացիներն ասում են, «այն ամենը, ինչ ձեռնտու է Ջեներալ Էլեկտրիկին, ձեռնտու է ԱՄՆ-ին»: Խոշոր ընկերություններըՙ բիզնես կառավարման իրենց ունակությամբ ու ինստիտուցիոնալ հիշողությամբ պետության զարգացման հիմնական գրավականն են:

Իսկ երբ վերացվում է Գյուղնախարարությունը, իսկ դրանից հետո սկսվում է ՀՀ ագրարային տնտեսության հիմնական սպասարկողիՙ «Սպայկա» ընկերության կազմաքանդումը, հասկանալի է դառնում, որ մենք արագ տեմպերով մոտենում ենք պարենային նոր աղետի, որն իր ծավալներով կարող է ավելի կործանարար լինել, քան 90-ականների ՀՀՇ-ի մուտքը ՀՀ քաղաքական, ապա պետական դաշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ