RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2618, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՇԱՏԱՑՆԵՆՔ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, Գերմանիա

Դյուսսելդորֆի «Պրովայն» ( ProWein ) տոնավաճառի մեծ սրահում այնքան աղմուկ կա, որ եթե ականջս չսրեմ, իմ հարցերին սեր ու ժպիտ շռայլող Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի ձայնը չեմ լսի: Գեղեցիկ ու աշխույժ այս կինը չափազանց համեստ է, երբ պատմում է մասնագիտական հաջողությունների, մեր երկիրը պատշաճ ներկայացնելու իր ձգտման ու ձեռքբերումների մասին: «Ազգ»-ի մարտի 22- ի համարում հակիրճ պատմել ենք տոնավաճառին Հայաստանի մասնակցության մասինՙ խոստանալով անդրադառնալ մեր երկրի համար գերակա ոլորտի խնդիրներին: Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ մարտի 17- ին կայացած մեր զրույցըՙ ստորեւ:


Մայրս ուղղորդեց գինեգործություն մասնագիտությունն ընտրել, հետագայում հնարավորություն ունեցա Ֆրեզնոյի համալսարանում ուսանելու եւ ահավոր շատ սիրեցի իմ մասնագիտությունը: Վերադարձից հետո ոլորտում եմ աշխատել, գինի եմ արտադրում նաեւՙ «Զառա վայնս»-ը, որ այստեղ չեմ ներկայացրելՙ շահերի բախում չլինի: Դասավանդում եմ Հայաստանի ագրարային համալսարանում, Երեւանի գինու ակադեմիայում: Տեսնելով ոլորտի բացերը, փորձել ենք այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը ստեղծվեց 2016- ի հուլիսինՙ կառավարության կողմից, աշխատելու առաջարկ ստացա 2017-ի մայիսից: Մինչ օրս ակտիվ գործունեություն ենք ծավալում, օգնում ենք մեր ընկերություններին ներկայանալ մեզ համար թիրախային շուկաներում, կազմակերպում ենք ցուցահանդեսներ: Մեր գինիների մասին շատերը չգիտեն: Բավականին բարձրորակ գինիներ եւ արտադրողներ ունենք, ուստի ծրագրեր ենք իրականացնում, որ ճանաչելի դառնանք: Վերջին 2 տարիների ընթացքում շատ հաջողություններ ենք գրանցելՙ ընդլայնել ենք արտահանման աշխարհագրությունը. Նախկինում 10, 12 երկրում էինք ներկայացված , հիմա 30- ից ավել են, արտահանման հետ արտադրությունը մեծանում է, փորձում ենք աշխատանք իրականացնել նոր այգիներ հիմնելու, որակյալ խաղող աճեցնելու եւ միջազգային ստանդարտներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ:

- Ի՞նչ լուրջ բացթողում կա, որ ուղղելու առաջնահերթություն ունի:

- Ակտիվ շուկաներում աշխատելը նաեւ իր բացասական կողմն ունիՙ երբ ագրեսիվ մտնենք շուկա, քանակի խնդիր կունենանք, մեր ունեցած խաղողն այսօր հազիվ մեզ է բավականացնում: Արտադրությանը զուգահեռ մենք պիտի աշխատենք ծրագրեր անել, որ շատանան խաղողի այգիները: Դրանք պետական աջակցության կարոտ ծրագրեր են:

- Ի՞նչ պիտի անի պետությունը:

- Առաջին հերթինՙ մեր հիմնադրամը պիտի պահպանի. քաղաքական որոշում է կայացվելՙ փակել բոլոր հիմնադրամները:

Սա մի կառույց է, որ համախմբել է բոլոր գինի արտադրողներին, վեր է հանում ոլորտի առկա խնդիրները եւ այդ ուղղություններով աշխատանք է կատարում, արտադրողների խոսքը հասցնում է կառավարություն: Ցավոք, Հայաստանում չկան նմանանտիպ կառույցներ, չկա ասոցիացիա, չկան գործակալություններ, սա միակ կառույցն է եւ հուսամՙ կպահպանվի:

- Իսկ եթե չպահպանվի՞:

- Ճիշտն ասածՙ այդ փորձն ունեցել ենք, երբ ոլորտով զբաղվել են նախարարություններ, այլ կառույցներ, եւ արդյունքն այսքան ակնհայտ չի եղել: Սրա մասին վկայում են բոլոր արտադրողները, պետական այլ կառույցներ, երբ տեսնում են մեր աշխատանքի արդյունքը: Մենք իհարկե արդեն ծրագրել ենք ստեղծել ասոցիացիա, որտեղ կհամախմբվեն բոլոր ընկերությունները, անդամակցության վճար կմուծեն, տեսնենք քանի ընկերություն կմիանա, միգուցե մեր ձայնը ասոցիացիայի միջոցով հասցնենք տեղ: Վստահ չեմՙ լավ կաշխատի, թե՞ ոչ: Դեռ կարիք ունենք մեծանալու, զարգանալու: 52 գինի արտադրող ունենք, նրանցից 5, 6- ն են, որ խոշոր են եւ ունակ այսօր ինքնուրույն ներկայանալու, նման ցուցահանդեսներին մասնակցելու, բայց իրենք մեզ հետ են ներկայացված այստեղ, քանի որ երկիրը ներկայացնելու գաղափարախոսությունն ավելի կարեւոր է, քան իրենց մասնավոր ընկերությունը: Այս համախմբվածությունը, այն, ինչի հասել ենք, արժե պահել մի քանի տարի, հետո, երբ ոլորտն ուժեղանա, ավելի շատ գումար կվաստակեն, վստահ եմ, որ իրենք իրենց կառույցը հնարավորություն կունենան պահել: Այս պահին մտավախություն ունեմ, որ դեռ պատրաստ չենք անկախանալու: Բացի դրանիցՙ պետության մասնաբաժինը, մասնակցությունը պետք է լինի, նաեւՙ կառավարելու, որոշումներ կայացնելու հնարավորություն պետք է ունենա, եւ ինչպես ընկերություններն են ասումՙ զսպաշապիկի դեր տանի:

Ուղղակի ողջ աշխարհում շատ հաջողված օրինակներ կան, գինեգործության հայտնի երկրներում սկսել են նման կառույցներով, պետությունն աջակցել է, ստեղծել է հիմնադրամներ, գործակալություններ, օգնել է, որ ոլորտը ոտքի կանգնի, հետո ոլորտն անկախացել է: Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան սկսել են պետության աջակցությամբ, ստացել են դրամաշնորհներ, նույն Վրաստանը 100 տոկոս աջակցություն է ստանում պետությունից, եւ իրենք շատ լավ օրինակ են մեզ համար: Իրենք էլ մեզ նման ներկայացնում են կովկասյան գինիներ, եւ եվրոպացիները, ԱՄՆ եւ ուրիշ գինի սպառողներ մեզ այդ աշխարհագրական անվամբ են ընկալում: Վրացիները 5 միլիոն դոլար են ծախսում աշխարհում վրացական գինին ներկայացնելու համար: Մենք ունենք փաստեր, որ վկայում են, թե 6000 տարի եւ ավել գինի ենք արտադրել, բայց վրացիները ագրեսիվ քարոզչություն են տանում եւ տարածում են, թե հնագույն գինեգործական երկիրն են: Պետությունը մեծ աջակցություն պիտի ցույց տա: Մենք ունենք հայկական հայտնի սորտերՙ Արենին եւ Ոսկեհատը, որ եվրոպական սորտերի տեղեկատվական բազայում գրանցված ենՙ որպես ադրբեջանական սորտեր: Անցյալ տարի այդ հետազոտություններն արել ենք, բոլորի անձնագրերն ունենք, ստեղծել ենք էլեկտրոնային տեղեկատվական բազա եւ ապացուցել, որ հայկական սորտ են: Մինչ օրս որեւէ մեկը դրանով չէր զբաղվել: Այսինքնՙ բավականին շատ աշխատանք է տարվում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, մեր սորտերի պահպանության, մեր տեխնոլոգիաների վերականգման առումով: Հուսամ, որ պետությունը կշարունակի աջակցել ոլորտին, շատ բան ունենք աշխարհին ասելու, անելու:

- Տիկի՛ն Մուրադյան, հիմնադրամը պահպանելուն զուգահեռ պետությունը ներքին սպառման համար որեւէ գործառույթ պիտի իրականացնի՞ՙ մարդկանց քիմքին գինին առավել նախընտրելի դարձնելու առումով:

- Ներքին սպառման համար բավականին ծրագրեր իրականացնում ենքՙ հիմա ավելի շատ գինետներ կան, ավելի շատ են գինու գավաթի շուրջ համախմբվողները, նույնիսկ եթե գինուց չեն էլ հասկանում, միեւնույն է, մոդեռն է եւ խմում են գինի: Պետությունը նման ծրագիր չի անումՙ օղու կամ բարձրալկոհոլային խմիչքների ներմուծումն ասենք սահմանափակի կամ խանգարի: Պետությունը սատարում էր այն առումով, որ նախկինում գյուղնախարարությունը շատ ծրագրեր ուներՙ սարքավորումների ներմուծման համար ցածր տոկոսադրույքով վարկեր էին տրամադրում, կաթիլային ոռոգման համակարգով այգիների ներդրման ծրագրեր: Մենք գինու սպառման ավելացմանը նպաստող ծրագրեր ենք իրականացնում: Փառք Աստծո, այս տարի սպառման խնդիր չունենք, քանի որ ավելի շատ ներքին շուկայում է սպառվում, քան արտահանվում է: Այսպես ասեմՙ 10 միլիոն արտադրվում է գինի, մոտ 2,5- 3 միլիոնն արտահանվում է, մնացածը սպառվում է ներքին շուկայում, որ բավականին լավ ցուցանիշ է: Դրան օգնում են մայիսին կազմակերպվող գինու փառատոնները, տարբեր ռեստորաններում, բարերում գինին ներկայացնելը, վարպետության դասերի կազմակերպումը:

- ՀՀ նոր կառավարության անդամներն ի՞նչ խմիչք են նախընտրում, Ձեր ասածՙ հների նման գինեսե՞ր են: Երբեմն պետության ղեկավարների նախասիրությունները լավ գովազդ են դառնում:

- Համոզված եմ, որ նորերն էլ հետաքրքրություն ունեն: Առիթ չի եղել, շատ չեմ շփվել նորերի հետ:

- Օտարերկրյա դեսպանությունները գովազդու՞մ են մեր գինին:

- Այո, շատ: Գինու տուրիզմն է զարգանում: Վերջերս Իտալիայի դեսպանի տանը հյուր էինք: Նա ասաց, թե շատ հավանում է, եւ նկատում, որ յուրաքանչյուր արտադրող ունի շատ լավ գինի, տարեցտարի ավելանում է որակյալ արտադրանք ունենալու ձգտումը:

- Ի՞նչ է նշանակում լավ գինի:

- Դա այն գինին է, որ բաժակի մեջ չի մնում: Որպես մասնագետ այսպես ձեւակերպեմՙ երբ սորտի յուրահատկությունը փոխանցվում է գինուն, ասենքՙ խմում ես եւ զգում, որ Արենի է, ոչ մի ուրիշ համ ու հոտ չի խանգարում:

- Շատերն ասում են, որ արհեստական գունավորումն էլ խնդիր է դարձել: Հայաստանում կա՞ն նման գինիներ:

- Հիմա արդեն ոչ: Իրականում գինու սպառողներն այժմ գրագետ են, տարբերակում են լավը կեղծից: Մրցակցության շնորհիվ կեղծը դուրս է մղվել: Որակյալ գինի արտադրողներն իրենց ազդեցությունը թողել են: Եթե մի պահ քանակի վրա էին շեշտադրում, հիմա միանշանակՙ որակի:

- Երբ ասում են հայկական գինին բացառիկ է, հատկապես ո՞ր տեսակը նկատի ունեն:

- Մենք շեշտադրում ենք միանշանակ մեր տեղածին սորտերը: Նաեւ քննարկում ենքՙ ո՞րն է հայկական գինին, այն, որ պատրաստված է Հայաստանում եվրոպական սորտերից, թե՞ այն, որ տեղական սորտերից է պատրաստված: Մենք հետաքրքիր ենք մե՛ր սորտերով: Գինու միջազգային սպառողը չի ձգտելու գալ Հայաստան , որ եվրոպական սորտերիՙ pinot noir, cabernet sauvignon եւ այլ տեսակներից գինի համտեսի, նրան հետաքրքրում է տեղականը: Դրա համար շեշտադրում ենք մեր էնդեմիկ սորտերից պատրաստված գինիները: Չենք կարող էժան անորակ գինի արտադրել, քանի որ մեր հաջողության գրավականը լինելու են բարձրարժեք գինիները: Ցավոք, թե հուրախություն մեզ, գինիներն էժան չեն, եւ որպեսզի հաջողություն ունենանք դրսում, պիտի շատ խոսենք, ներկայացնենք, թե որակական բարձր հատկանիշներն են մեր գինու թանկ լինելու պատճառը: Ունենք կոլեկցիոն այգի, որտեղ հավաքագրել ենք 400 նմուշ, հետազոտություններ ենք անումՙ տեսնելու, թե այդ նմուշներից որ սորտերն են մեզ համար շատ կարեւոր, այնուհետ կտարածենք այդ սորտերը, դրանով հետաքրքրական դառնալով, քանի որ տարբեր երկրներում 1, 2 սորտի հետ են աշխատում, իսկ 300-ից ավելի սորտ ունենալն արդեն հետաքրքրական է: Հիմա օգտագործում ենք խաղողի 55 սորտ, որ իրականում օգտագործվում է արտադրության մեջ, բայց մեր այցեքարտը մնում են Արենին ու Ոսկեհատը, վերջին տարիներին էլ շատ բուռն հավանության է արժանանում Խնդողնի սորտը, որ ներկայացնում ենք միջազգային շուկայում առավել հեշտ է արտաբերելի Սիրենի անվամբ: Ունենք գինեգործական 6000- ամյա պատմություն, բայց այս կարճ ժամանակահատվածումՙ 10 տարում ենք վերածնունդ ապրում:

- ԵԱՏՄ շուկայում հետաքրքրություն կա՞ մեր արտադրանքի հանդեպ:

- Մեզ չեն ճանաչում, բայց երբ այցելում են Հայաստան, շատ տպավորվում են ու շատ- շատ են օգնում շուկա մտնելու համար, դառնում են մեր դեսպանները:

Նկար 1. Ձախից աջ` ՀՀ խաղողագործների եւ գինեգործների հիմնադրամի ներկայացուցիչ Լիաննա Աբելյանը եւ տնօրեն Զարուհի Մուրադյանը ProWine 2019-ի Հայաստանի տաղավարում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ