RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



ԿՐՈՆԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 746, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Նախապատմություն եւ ենթատեքստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու առաջարկությամբ: Այդ մասին նա հայտարարել է TGRT հեռուստառադիոընկերությամբ հեռարձակված հարցազրույցում: Նրա խոսքերով, «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, ըստ որումՙ բոլոր դավանանքների մարդիկ կկարողանան անվճար մուտք գործել այնտեղ»: Առաջին անգամը չէ, որ Էրդողանը հանդես է գալիս այդ նախաձեռնությամբ: Վերջին անգամ նա այդ քայլին դիմել էր 2016 թ. հունիսի սկզբներին, երբ Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ռամադանի ամսվա ընթացքում ամեն առավոտ հեռուստատեսությամբ Սուրբ Սոֆիա տաճարից պետք է առավոտյան աղոթք հեռարձակվեր: Այս անգամ կարգավիճակի փոփոխությունը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներրը Իսրայելի տարածք ճանաչելու որոշման հետ:

Բայց խնդիրն արդեն միայն այդ հին քրիստոնեական տաճարը չէ: Վերջերս արեւմտյան լրատվամիջոցներում Ստամբուլը սկսել են ավելի ու ավելի հաճախ անվանել Կոնստանդնուպոլիս: Առաջին հերթին դա կապված է այն բանի հետ, որ Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը ինքնավարություն է շնորհել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն եւ իր ներկայացուցիչներն է նշանակել Կիեւում: Էրդողանը, որը հույս ուներ որոշակի պայմաններում ինչպես Վաշինգտոնի այնպես էլ Մոսկվայի հետ խաղարկել ուկրաինական խաղաքարտը, սխալվեց:

Ինչպես նշում է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բրեմերը , ուղղափառ աշխարհում փոխվել է ուժերի դասավորությունը: Նախ եւ առաջ, տեղի է ունենում ամբողջությամբ վերցված ուղղափառ հանրակցության պառակտում, երկրորդՙ ուղղափառության պառակտում հենց Ուկրաինայում: Երկրորդ սահամափակվում են իրադարձությունների ընթացքի վրա ազդելու Ռուս ուղղափառ եկեղեցու հնարավորությունները: Վերջապես, Կոստանդնուպոլսի կենտրոնում ի հայտ է գալիս ուժի նոր կենտրոն, դեպի ուր կկողմնորոշվեն հունալեզու եկեղեցիները, այսինքն ձեւավորվում է երկու ուղղափառ դաշինք:

Տվյալ փոփոխությունը դեռեւս դժվարությամբ են ընկալում փորձագետները, քանի որ ստեղծվում է Կոստանդնուպոլսի կանոնական տարածքի նոր աշխարհագրույթուն, որի կենտրոնը Թուրքիայում է, բայց գլխավոր ուժերը դրսում են: Կոստանդնուպոլսի մասին խոսեցին նաեւ տեղի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքի ընտրությունների կապակցությամբ, որի իրավասությանը ենթակա են Թուրքիայում եւ Կրետե կղզում գործող բոլոր ծխական համայնքները: Սակայն շատ հարցեր տնօրինում է բացառապես Սբ. Էջմիածինը: Եվ սա Անկարայի համար եւս մեկ կարեւոր գործոն է, որից նա կուզենար ձերբազատվել, բայց ինչպե՞ս: 2017 թ. դեկտեմբերի սկզբներին Հունաստան կատարած այցելության ժամանակ Էրդողանն անսպասելի կերպով հայտարարեց, որ հարկավոր է վերանայել 1923 թ. Լոզանի պայմանագիրը, որը որոշել էր ժամանակակից Թուրքիայի սահմաններըՙ դրանով իսկ ձեւակերպելով Օսմանյան կայսրության տրոհումը: Այն ժամանակ շատերը դա կապեցին Էգեյան ծովում գոյություն ունեցող երկկողմ տարաձայնությունների հետ: Սակայն պայմանագիրը սահմանում էր նաեւ Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը:

Հիշեցնենք, որ 1918-1923 թթ. Կոստանդնուպոլսի պատրիարքության կազմում տեղի ունեցավ պառակտում: Մի մասը սկսեց կողմնորոշվել դեպի հունական ազգային կենտրոնը, եւ այդ կապակցությամբ թուրքերն առաջ քաշեցին պատրիարքին երկրից վտարելու հարցը: Այս կապակցությամբ այսօր պատմաբանները հաճախ վկայակոչում են իտալական Oriente Moderno թերթին հույն պատրիարք Մելետիոսի 1922 թ. հոկտեմբերին տված հարցազրույցը, ըստ որի, եթե պատրիարքությունը չկարողանա ազատորեն գործել Թուրքիայում, ապա հարկ կլինի այն տեղափոխել Աթոս: Նույն ամսին եպիսկոպոսները երկու անգամ քննարկել են Թուրքիայից ինքնակամ հեռանալու հարցը: 1923 թ. հունվարի 4-ին թուրքական պատվիրակությունը Լոզանի միջազգային կոնֆերանսի անդամներից պաշտոնապես պահանջեց պատրիարքությունը տեղափոխել Սրբազան լեռՙ «նկատի ունենալով դրա թշնամական վերաբերմունքը թուրքական կառավարության հանդեպ»: Իտալացիները հակված էին համաձայնել, բայց դեմ էին Մեծ Բրիտանիան, Ֆրանիան եւ ԱՄՆ-ը: Որոշվեց պատրիարքությունը թողնել Ստամբուլում: Ճիշտ է, 1924թ. դեկտեմբերին Թուրքիան արտաքսեց պատրիարք Կոնսնտանտինին, որը, թուրքահպատակ լինելով, չէր ապրում Ստամբուլում, ինչը պահանջվում էր Լոզանի պայմանագրով:

Ի վերջո, Աթաթուրքին հաջողվեց գահընկեց անել Կոնստանտին VI-ին, ինչը նախադեպ դարձավ ժամանակակից Թուրքիայում: Բայց հին ձեւով երկիրն այսօր կարող է գործել միայն լուրջ վտանգի գիտակցման դեպքում: Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսին ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո նախ թուրքական, ապա նաեւ արեւմտյան լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե Բարդուղիմեոս պատրիարքը մեղսակից է օրինական կառավարության դեմ ուղղված դավադրությանը,«որին մասնակցել են նաեւ Գյուլենը եւ ԿՀՎ-ն»: Դժվար է դատել դրա հավաստիության մասին: Սակայն իտալական Il Foglio հրատարակությունը եզրակացրել է, որ իրադարձությունները, հավանաբար, խաղարկվել են Բարդուղիմեոսի վիճակը բարդացնելու նպատակով: Թուրքական Aksam հրատարակությունը ենթադրում էր, որ իրավիճակն «առայժմ փրկում է ԱՄՆ-ըՙ գործողություն իրականացնելով Ուկրաինայում»:

Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1960-ականներին Անկարան սպառնում էր երկրից արտաքսել պատրիարք Աթենագորասին: Դրան դեմ էր ԱՄՆ-ըՙ երկյուղ արտահայտելով, թե ԽՍՀՄ-ը կարող է օգտվել առիթից եւ ռուս ուղղափառ եկեղեցին առաջ մղել որպես ուղղափառ աշխարհի առաջնորդ: Այժմ ԽՍՀՄ-ը գոյություն չունի, բայց Մոսկվայում այսօր դժվար թե ինչ-որ մեկը հանդես գա ի պաշտպանություն Բարդուղիմեոսի: Սակայն Անկարայի իշխանություններին ձեռնտու չէ երկրում Կոստանդնուպոլսի պատրիարքի եւ ուղղափառ եկեղեցու ազդեցության ուժեղացումը, ինչը սպառնում է անկախ հոգեւոր իշխանության զորացմամբ: Դա կլիներ յուրատեսակ կրոնական պետություն Թուրքիայի ներսում, իսկ դա կընկալվեր որպես երկրի փլուզման որոշակի դրսեւորում:

Այնպես որ, Սբ. Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու հայտարարությունից հետո կարող է որոշում ընդունվել նաեւ Բարդուղիմեոի վերաբերյալ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ի դեպ, Աթոսում արդեն հայտարարել են, որ «վարչական տեսակետից իրենք չեն ենթարկվում Կոստանդնուպոլսի պատրիարքին, որը Աթոսի ինքնավարության կառավարող պատրիարք չէ, այլ միայն հոգեւոր հայր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ