RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1547, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԴԻՍԿՈՒՐՍՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զարմանալի բան. արցախյան հարցի բոլոր ժամանակների բանակցողները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ողջ են, իսկ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների պատմությունն ուզում է ճշտել Մինսկի խմբից: Խորհրդարանում, անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, հաստատելով այսօր Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպման լուրը` նա մեկ անգամ եւս կրկնեց, թե գնում է հանդիպման` ճշտելու Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ դիրքորոշումները, հստակ մեկնաբանություններ ստանալու, իմանալու բանակցությունների պատմությունը...

Եթե բանակցություններն այս հանդիպմամբ վերսկսված համարվեն` դժվար թե շատ երկար ժամանակ մեկնաբանություններ ճշտելու պատճառաբանությունն անցնի, եթե մանավանդ Ալիեւը շարունակի (իսկ որ կշարունակի` ոչ ոք չի կասկածում) պնդել մեզ համար անընդունելի մեկնաբանություններրը: Իքս պահի Փաշինյանը ստիպված կլինի դիրքորոշում հայտնել: Եթե Փաշինյանը կարողանա հասնել բանակցությունների նոր տրամաբանությանՙ նոր ելման դիրքից, բանակցությունների իմիտացիայից հրաժարվելով եւ հստակ դիրքորոշումներ հայտնելով, Արցախի մասնակցությունը պարտադրելով, ապա միգուցե որոշ (բայց շատ քիչ) ժամանակ կունենա կարեւոր դիրքորոշումներ արտահայտելուց առաջ: Ժամանակը պետք է ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ Ալիեւին: Առաջինին, որպեսզի դեռ տնտեսության մեջ դրական փոփոխություններ չարձանագրած` կուտ չգնա Արցախի հարցին: Երկրորդին` առայժմ դեմքը փրկելու համար, մինչեւ լուծի իշխանության ժառանգման հարցը: Այնպես որ, իրոք, շատ կարեւոր հանդիպում է` Նիկոլ Փաշինյանի համար` «կատուն ճղելու» տեսակետից, ինչպես ժողովուրդն է ասում, եւ ինչպես ինքն էր մի ժամանակ այդ բարբառային ձեւն օգտագործել իր հրապարակումներից մեկում:

Փաստորեն ահա այն առիթը, որը հնարավորություն կտա Փաշինյանին` կա՛մ քննադատության ալիքից խույս տալ եւ որոշ ժամանակ գործով զբաղվել, կա՛մ, հակառակը, մինչեւ կոկորդն ընկղմվել այդ քննադատության մեջ: Առաջին դեպքում խորհրդարանում նրա ներկայացրած եւ այս տարի սպասվող տնտեսական բարենպաստ վիճակագրրության ֆոնին` ամրապնդել իր քաղաքական դիրքը, երկրորդ դեպքում` ֆորա տալ ընդդիմադիրներին, որոնց դրսեւորվելու միակ հնարավորությունն առայժմ մնում է Արցախի հարցը:

Հիշեցնենք`այս անգամ բանակցություններից առաջ Ադրբեջանը փորձել էր իր դիրքերն առաջ մղել Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում եւ արժանի պատասխան ստացել, հիմա էլ աղմկում է, թե իբր հայկական կողմից ադրբեջանցի զինվոր է սպանվել, որը երեւի իրականություն չէ` կճշտվի:

Մենք կուզեինք արցախյան հարցի բանակցային հնարավոր պարտադրանքների հարցը դիտարկել մի այլ տեսանկյունից էլ:

Ստեղծվել է հակասական պահ, երբ եվրոպացիք, միջազգային կառույցներն առհասարակ տեսականորեն կարող են պահանջել բանակցություններով հարցի լուծում հենց հայկական կողմից, նկատի ունենալով իշխանության եւ բանակցող վարչապետի լեգիտիմության մեծ ռեսուրսը (Բաճդենին հիշենք): Միեւնույն ժամանակ, որքան էլ տարօրինակ է, լեգիտիմ ղեկավարին (պարտավորությունների կատարումը) հարվածի տակ չդնելու ու որպես ղեկավար կայանալու համար հարկ է ժամանակ տալ եւ Արցախի հարցի հապշտապ լուծում չպարտադրել` չձախողելու համար նրան, սա եւս այդ կառույցները, որոնք առիթ-անառիթ իրենց աջակցությունն են հայտնում նոր իշխանություններին, պետք է որ նկատի ունենան: Ո՞ր տարբերակն է ընտրվելու` հվանաբար Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դա կուրվագծի:

Արցախի հարցն իրոք դառնում է Նիկոլ Փաշինյանի համար մի ծանր քննություն, որի հաղթահարումից կախված կլինի շատ բան: Հուսով ենք` եվրոպական կառույցները, որոնք տարբեր ձեւերով թիկունք են կանգնում Հայաստանում սկսված փոփոխություններին, եւս սա հասկանում են, այդ թվում`հենց երեկ Ազգային ժողով այցելած ու Փաշինյանի հետ հանդիպած ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, որի հետ հանդիպմանը Փաշինյանը ասում էր, թե ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվումՙ ԵԽ եւ ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի: Տիկին Լիլիանն էլ ուրախ-զվարթ, որպես հետագա համագործակցության առհավատչյա, երեկ Հյուսիսային պողոտայում Եվրոպայի հրապարակն էր բացումՙ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ: Դե հիմա եթե ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն ու մյուս կառույցներն աջակցելու են Փաշինյանին, չարժե ուրեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկդիմի գործունեությամբ ղարաբաղյան հարցի շահարկման դագանակով խոչընդոտել դրանց, համանախագահ երկրներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ:

Երկու ծանր օր խորհրդարանում

Վարչապետ Փաշինյանը երկու ծանր օր անցկացրեց խորհրդարանում` Վիեննայի բանակցություններից անմիջապես առաջ:Թվում է` սա խորհրդանշական է: Նա Հայաստանի նախորդ տարվա բյուջեի կատարողականը վերածեց ավելի շատ կառավարության ապագա գործունեության ուղղություններն ու թվային պատկերը ներկայացման, որ չէր արել այս տարվա բյուջեն ներկայացնելիս: Նա խոսում էր այս տարվա առաջին ամիսների ցուցանիշների ամփոփումից հետո ուրվագծվող բարենպաստ պատկերի մասին` այս տարվա բյուջեի եկամտային մասը 40 միլիարդ դրամով նախատեսվածից ավելի համալրման հարկային հավաքագրումների աննախադեպ սպասման մասին, որը թույլ կտա տարվա ընթացքում 10 տոկոսով ավելացնել 38 հազար ուսուցիչների եւ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը: Այսպիսով`այս տարվա բյուջեն առաջին անգամ կգերակատարվի: 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել այս վերջին շրջանում, շուկայում մենաշնորհ ունեցողների մենաշնորհի տոկոսը զգալի նվազել էՙ այլ մասնակիցների հայտնությամբ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 1,9 տոկոսւվ, տնտեսական ակտիվության ցուցանիշը`7,6 տոկոսւվ: Նրա այս ելույթին (բյուջեի կատարողականի քննարկմանը) նախորդել էր մի օրինագծի քննարկում, որով նվազագույն թոշակը հասցվում էր 25 հազար դրամի: Խոսքը ոչ թե բազային թոշակի մասին է, այլ, անկախ ստաժից, 25 հազար դրամից պակաս թոշակ ստացող այլեւս չպետք է լինի:

Վարչապետի ներկայացրած թվերը հուսադրող են, ի տարբերություն նրա ընդդիմախոսների այն քննադատության, թե ոչինչ չի արվել մեկ տարում, ամեն ինչ վատ է: Վարչապետն ասում էր, թե անցած տարում, չնայած երեք վարչապետի փոփոխության, երկու նոր համապետական ընտրությունների` հնարավոր է եղել տնտեսական անկայունություն թույլ չտալ, խուսափել հետընթացից: Նա իր դրական թվագրումների մեջ նշում էր հիպոթեկային վարկավորման ծավալների մեծացման եւ տոկոսների նվազման դրական դինամիկան, գյուղատնտեսական վարկերի տոկոսների նվազման եւ այլ փաստեր: Միգուցե նաեւ արտերկրի զանազան հաշիվներից Հայաստանից անօրինական կերպով դուրս բերված որոշակի գումարների վերադարձով (չնայած` այդպիսի գործընթացի բարդությանը) հնարավոր լինի դրական դինամիկան անշրջելի դարձնել, մեր կյանքի էական, նկատելի եւ շոշափելի բարելավման արձանագրում անել: Մանավանդ` Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» իրագործումն ի վերջո տարավ- հասցրեց երջանիկ լինելու, միմյանց հյուր գնալու, միմյանց հետ շփումով երջանիկ լինելու բանաձեւին: Նա մի քանի անգամ նշեց, թե երկրում փողի խնդիր չկա` պետությունը բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցում է , կա այդ փողի արդյունավե՛տ օգտագործման խնդիր:

Նրա ելույթից պարզ դարձավ, որ համապատասխան միջազգային փորձաքննություններից հետո միգուցե ե՛ւ Թեղուտի, ե՛ւ Ամուլսարի հանքավայրերը կաշխատեն, կախված կլինի փորձաքննության արդյունքներից: Նա կողմ էր բարձր որակավորմամբ անձանց բարձր աշխատավարձերի քաղաքականությունը խթանելուն` «պպզելու» սովորույթին պետք է փոխարինի բարձր կրթությամբ բարձր աշխատավարձի համար պայքարելու մղումը: Արտաքին ոլորտում ցնցումներ չպետք է լինեն, թեեւ արդեն եկել է նաեւ այդ ոլորտում Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքին համարժեք գնահատական տալու ժամանակը:

Չգիտենք, կապրենք-կտեսնենք: Շատ բան ասվեց, մանավանդ`վարչապետին յոթ տասնյակի չափ հարցեր ուղղվեցին, ու նա բոլոր հարցերին փորձում էր ըստ էության պատասխանել, բավական կանգ առավ գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ պրոբլեմների վրա: Անգամ խոստացավ ջրօգտագործողների միություններում ստուգումներ անցկացնել, տեսնելու համար, թե ինչպես է , որ միության ղեկավարը «Բրաբուսով» է շրջում, բայց վատ է կառավարում ոլորտը եւ տապալում ոռոգման գործը, դեռ աշխատավարձի պարտք կուտակում աշխատակիցներին:

Եւ վերջում` Փաշինյանի մի պատասխան առանձնացնենք այն քննադատությանն ի պատասխան, թե արտաքին ոլորտում միակողմանի համագործակցություն է, եւ, օրինակ, ԱՄՆ ուղղությամբ համագործակցությունը կաղում է. «Իսկ ԱՄՆ-ը ինչպես արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցող աննախադեպ փոփոխություններին` գործնականում զրո արձագանք», հակադարձեց վարչապետը, դրա պատճառների մեջ նշելով նոր իշխանության կողմից մեր երկրի ինքնիշխանության կարեւորումը.«Դրան լուրջ ենք վերաբերում բոլոր ուղղություններով», ասաց, եւ ըստ նրա` ՀԱՊԿ- ում ոչ թե ձախողել ենք, այլ հաջողել, մեր նկատմամբ հարգանքը մեծացել է, Սիրիա էլ գնացել ենք մեր ինքնիշխանության ու պատմական առաքելության նպատակներով: Նա առաջարկեց ընդդիմախոսություն կառուցելիս կրքեր բորբոքելու տրամաբանությունից այլեւս չելնել` հին դիսկուրսից դուրս գալ, քանի որ այդ դիսկուրսը իշխանություն պահելու, կոռուպցիոն դրսեւորումներ թույլ տալու, ընտրություն կեղծելու դիսկուրսն է, իսկ իր օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի.«Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, եւ կարող է հեռացնել ժողովուրդը»,ասաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ