RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1224, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Եվրոխորհրդարանը օրերս հավանություն է տվել այն զեկուցագրին, որն առաջարկում է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Խորհրդարանը Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Պիրիի առաջարկությունն ընդունել է 109-ի դիմաց 370 քվեներով: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է Թուրքիայում կառավարող Արդարության եւ բարգավաճման կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի մեկնաբանաությունը. «Մեր տեսակետիցՙ տվյալ որոշումը ուժ չունի եւ վարկաբեկիչ է»: Որոշմանը կտրուկ հակազդել է նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն :

Դրա հետ մեկտեղ, պարզ չէ, թե Անկարայում ինչն են նկատի ունեցելՙ պնդելով, թե զեկուցագիրը հիմնված է միակողմանի «հայկական պատմությունների» վրա: Թեպետեւ, դրանով թուրք իշխանավորները հասկացրել են, թե իրենք Եվրոխորհրդարանի որոշումը ինչպես են օգտագործելու երկրում մարտի վերջերին կայանալիք ընտրությունների նախօրեին: Եվրոխորհրդարանը ԵՄ օրենսդիր մարմինն է, բայց դրա որոշումները հանձնարարական բնույթ են կրում: Հոլանդացի եվրոպատգամավոր Պիրիի զեկուցագիրը ունի հետաքրքրական մանրամասնություններ: Նախ եւ առաջ, դա Եվրոխորհրդարանի վերջին հակաթուրքական որոշումն է 2014-2019 թթ. ընդգրկող ժամանակահատվածում: Խորհրդարանի նոր կազմը հայտնի կդառնա ս.թ. մայիսի վերջերին նախատեսված ընտրություններից հետո:

Սա նաեւ Թուրքիայի առնչությամբ ընդունված ամենակոշտ փաստաթուղթն է: Բացի բանակցությունների կասեցումից, փաստաթղթում տեղ է հատկացվում երկու նոր տարրերի: Ցանկություն է արտահայտվում Թուրքիայի հետ ԵՄ փոխհարաբերությունները վերականգնել «արդյունավետ գործընկերության» հիմքի վրա: 2005 թ. անդամակցության բանակցությունները սկսվելուց ի վեր Եվրոխորհրդարանը իր որոշման մեջ առաջին անգամ արտահայտում է նման գաղափար: Մյուս տարրն այն է, որ բանակցությունները սառեցվում են, բայց Թուրքիան մնում է ԵՄ անդամության թեկնածու: Փորձագետները դա գնահատում են որպես Թուրքիային չվիրավորելու եւ արտասահմանցի ժողովրդավարներին չհիասթափեցնելու ձգտում:

Թուրքիայում միանձնյա կառավարման պատճառով Անկարան անկարող է պահպանել Կոպենհագենյան սկզբունքները: Եվ եթե Եվրոպայի խորհուրդը որոշի պաշտոնապես դադարեցնել անդամակցության բանակցությունները, ապա կկրճատվեն Եվրոպայից հատկացվող միջոցները: Դա խնդիրներ կառաջացնի Թուրքիայի բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններում: Եթե Թուրքիան զրկվի թեկնածուի կարգավիճակից, ապա կառավարող կուսակցությունը կարող է խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններում այդ միջոցների ծախսմանը:

Նույնիսկ եթե Եվրոխորհրդարանի որոշումից հետո թեկնածուական կարգավիճակը չվերացվի, արդեն իսկ հայտարարված է, որ Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Հարկ է առաջացնել զեկուցագրի հետեւյալ կետերը. 1. Ընդգծվում է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը շարունակվում է մինչեւ օրս: 2. Նշվում է որոշակի հետընթացը խոսքի, հավաքների ազատության եւ սեփականության իրավունքի, որոնք դատարաններում անտեսվում են արտակարգ դրության պայմաններում: 3. Բացահայտորեն քննադատվում է Գյուլենի շարժման եւ ընդդիմադիրների վրա ճնշումների գործադրման նպատակով Ազգային հետախուզական կազմակերպության կողմից արտերկրում զանազան կազմակերպությունների, առաջին հերթինՙ կրոնների գործերի նախարարության օգտագործումը: Նման իրավիճակը սպառնում է եվրոպական երկրների ինքնիշխան իրավունքներին եւ սոցիալական կարգերին, վնասում է այդ երկրների հետախուզական ծառայություններին: 4. Խիստ քննադատության է ենթարկվում թուրքական անձնագրերի չեղարկումը: Հակաահաբեկչական օրենքներն օգտագործվում են մարդու իրավունքների խախտման նպատակով: 5. Թուրքական կառավարությունը տհաճություններ է պատճառում իր մեթոդներովՙ ուրիշ երկրներից իր քաղաքացիների առեւանգումներով, եւ թաքուն հետապնդումներով: Եվրոխորհրդարանի զեկուցագրում առաջին անգամ խոսվում է թուրքական հետախուզությանՙ MIT-ի կողմից, մարդկանց ապօրինի առեւանգումների կազմակերպման մասին: 6. Նաեւ նշվում է, որ արտակարգ դրության հանձնաժողովն արդյունավետ չի գործում: 7. Ընդգծվում է դատական համակարգի անկախությանը սպառնացող բացահայտ վտանգը 4 հազարից ավելի դատավորների ու դատախազների հեռացման պատճառով: 8. Արհմիություններին անդամակցելը որակվում է իբրեւ լուրջ հանցագործություն, դա լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրում արհմիությունների զարգացման համար:

Այդուհանդերձ, Պիրիի խոսքերով, Թուրքիան չի զրկվում ապագայում անդամակցության նոր հայտ ներկայացնելու իրավունքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ