RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱՆՉՊԱՐԻՑՙ ԲԵՐՔԱՇԱՏՈՎ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մեղրաձոր, հետո էլ..

Հայաստանի Հանրապետությունում կարծես մի շրջան է սկսվում, երբ Աստծո յուրաքանչյուր օր ստիպված թե պարտադրված ենք արմանք-զարմանքի հերթական չափաբաժինն ստանալ: Թվում է մանրամասների մեջ մտնելու կարիքը չկա, քանզի մեզնից յուրաքանչյուրը կարող է իր նախընտրությամբ որոշել, թե իրադարձություններից որը կամ որոնք են իր համար կարեւոր ու ցնցող, հիշարժան ու տպավորիչ: ՀՀ շարքային քաղաքացուս համար, ով նաեւ համեմատաբար ակտիվ լրագրությամբ է զբաղվում, հատկապես փորձում տնտեսական գործընթացներում կարեւորել հայ գյուղի ու գյուղացու վիճակը, քանզի նրանցով է պայմանավորված երկրի առաջնահերթ խնդիրներից պարենային ապահովությունն ու պարենանվտանգությունը, հիշարժան էր ՀՀ վարչապետի անակնկալ այցը Արարատի մարզի Ռանչպար համայնք:

Հայկական սովետական հանրագիտարանի 9-րդ հատորից տեղեկանում ենք, որ գրեթե հայերենացված այս գյուղի անվանումը պարսկերեն ռանջբառ-ն է, որը նշանակում է հողի աշխատավոր, մշակ: Նրանք հիմնականում հողից ու արտադրամիջոցներից զրկված հողագործներ էին, որպիսի բնակավայրեր Երեւանի խանությունում թվով 6-ն են եղել: Խորհրդային կարգերի օրոք Ռանչպար անվանումով մեկ գյուղ մնաց Մասիսի շրջանում, ուր զբաղվում էին թե՛ բանջարաբուծությամբ, թե՛ անասնապահությամբ, նաեւ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, կերային կուլտուրաների մշակությամբ: Թերեւս այս ամենի արդյունքում գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմա անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում, կերային մշակաբույսերին էլ փոխարինում են արոտավայր դարձած տարածքները: Հաջորդիվՙ վարչապետի այցի շուրջ մտորումներս:

Համայնքի փողոցից հեռուստահեռարձակումը դիտելու առաջին պահի տպավորությունս այն էր, որ ՀՀ վարչապետը գյուղատնտեսական այս վայրն է ընտրել, քանզի Արարատյան դաշտավայրի Մասիսի շրջանը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու առումով լավագույններից է: Միայն այն, որ բուսաբուծության համար առաջնահերթ բարենպաստ շրջանը տեւում է 210 օր եւ ավելի, որի պարագայում կարելի է 2-3 մշակաբույսի աճեցմամբ զբաղվել, տարածքի միջին բարձրությունը 800 մետր է, մոտակայքով հոսում են Քասաղ եւ Հրազդան գետերի ստորին հոսանքները եւ սահմանամերձ Արաքսը, արդեն իսկ ոգեւորող են. այստեղ արժե ապրել եւ արարել:

Գյուղաբնակները վարչապետին տեսնելով անակնկալի էին եկել եւ իրոք չգիտեին ինչպես վարվել: Չէ՞ որ հյուրը երկրի ղեկավար պաշտոնյան է, անառարկելի հեղինակություն, ում թերեւս միայն հյուրասիրել է պետք, հետը նկարվել, հարսանիքի հրավիրել, ոտքերի տակ գառ մորթել, տան ուրախությանը մասնակից դարձնել, զուռնա-դհոլ հնչեցնել: Թող վարչապետն ընդդիմանա, այցը գործնական ոլորտ տեղափոխելու փորձ անի, իրենց ոգեւորությունն ու ուրախությունը մեղմելու ձգտի, միեւնույնն էՙ չպետք է զիջել, այլ հյուրասիրության առաջարկը պնդել: Ավա՜ղ հանդիպումն ակնկալված այս հունով չընթացավ, քանզի ռանչպարաբնակներն այլ տրամադրությամբ էին համակված: Առիթն իր բազում հնարավորություններով եկել էր, այնպես որ հարկ էր ամեն օր միմյանց միջեւ ծավալվող խոսքն ու զրույցը ՀՀ վարչապետի մասնակցությամբ շարունակել: Այն ստացվեց, քանզի իրենց Նիկոլը, որին մեծագույն հարգանքով պարոն վարչապետով էին դիմում, ամենայն անկեղծությամբ ու պարզությամբ էր ունկնդրում ու զրուցում, երբեմն պատասխանի ոճ ընտրում, գործնական առաջարկներ անում, տրված հարցերին հարցով պատասխանում, երբ հարկ էր գտնումՙ լռում էր, մեկ-մեկ էլ խոստումներ հնչեցնում: Ռանչպարեցիները հիմնականում թե՛ խոսքի, թե՛ տեսքի առումով կարծես ընկճված էին, իրենց խոսքերով ասածՙ վարկերի տակ կքած, գազից, խմելու ու ոռոգման ջրերից զրկված, արտադրած գյուղատնտեսական մթերքների իրացման վիճակից նեղսրտած, դրսից փողի սպասումով... Ավելացրեք սրանց գյուղապետի օլիգարխիկ խնամիական կապերը, ունեցած ավազահանքային բիզնեսը, համայնքի էլ արոտավայրերի տարեցտարի պակասող հեկտարները, մայրերի ու տատիկների առաջնահերթությունների շարքիցՙ մանկապարտեզի բացակայությունը, փողոցների անբարեկարգությունն ու գիշերային լուսավորություն չունենալը, ստացվում է մի պատկեր, ուր ստիպված ես ապրում, տարիներդ մաշում, քանզի հագուկապդ վաղուց մաշված է, բնականաբար դիմագիծդ աղավաղված:

Վարչապետն իր անակնկալ այցի հետեւանքներից ելքեր էր փնտրում, խոսեց հողերը խոշորացնելուց, լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա ձեռքբերելուց, այլ լուծումների հնարավորությունից: Նկատենք, որ տարօրինակորեն դրանք չընդունվեցին, ոգեւորության տեսանելի նշանի չարժանացան: Հողերի խոշորացումից մշտապես է խոսվում, միմյանց հաջորդող ՀՀ գյուղատնտեսության նախարարներն ինչ-ինչ առավելություններ ու հնարավորություններ են փորձում ներկայացնել, երբեւէ որեւէ դրական օրինակ չբերելով: Գյուղաբնակների թերահավատությունը մեկը չէ. չեն վստահում յուրօրինակ նոր կոոպերատիվի ղեկավարին, որը կա՛մ համայնքապետն է, կա՛մ նրա ընտանիքի անդամն ու ազգակիցը, ով նաեւ տեխնիկայի սեփականատերն է: Շատ հաճախ հողագործներից մեկի մոտ կարտոֆիլն է լավ բերք տալիս, հարեւանի մոտ պղպեղն է առատ ստացվում, երրորդի մոտ լոլիկը, հիմա ո՞ր մշակաբույսը գերակա համարես, որ միասնական ընտրությունը ճիշտ ստացվի: Այսօրինակ մոտեցումներով հողագործներից յուրաքանչյուրն իր յուղով տապակվում, օգուտ-վնասի խնդրի առջեւ է կանգնում:

Էլ ավելի բարդ է վիճակը լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու առումով: ՀՀ կառավարությունն անշուշտ օգնում է, համաֆինանսավորում հատկացնում, սակայն գրեթե անլուծելի է տեխնիկա գնողի կողմից կանխավճարի մուծումը, որը կարող է տասնյակ միլիոնավոր դրամներից մինչեւ հարյուր միլիոնավոր դրամներ կազմել: Արդյունքումՙ անունը կա, ամանում չկա, գյուղապետարաններն իրենց ֆինանսական միջոցների պակասից են խոսում, գյուղաբնակներն էլ հողի հարկը վճարելու անկարողությունից:

Եկավ կովը, հաղթեց սովը

Ասվածը հանրահայտ ճշմարտություն է, քանզի այս անասնատեսակը որոշ հոգածության եւ ուշադրության պայմաններում յուրաքանչյուր առավոտ եւ երեկո կաթի այնքան քանակ է տալիս, որ խնամող տերը նեղությունը մասամբ հաղթահարում է, այսպես ասածՙ սոված չի մնում: Տողերիս հեղինակը հարցումներ է անցկացրել իր բնակավայր Զեյթուն վարչական շրջանի տասնյակ ընտանիքներին կաթնամթերք վաճառող Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի անասնապահների շրջանում, կապված սեփական անասունների կաթնատվության հետ: Պատասխանները տատանվել են տարվա տարբեր ժամանակահատվածներում օրական 7-8 լիտրից մինչեւ 12-13 լիտրի սահմաններումՙ միջին էներգետիկ արժեք պարունակող կերերի օգտագործման պարագայում: Եթե հարցը տեղափոխենք Ռանչպար գյուղական համայնք, այստեղ կարելի է ավելի բարձր կաթնատվություն ակնկալել անգամ 500-1000 քառակուսի մետր հողակտորների վրա անասնակերի նպատակով եգիպտացորեն մշակելու արդյունքում: Եգիպտացորենի այն կողրերը, որոնք հունիս-հոկտեմբեր ամիսներին հայտնվում են ՀՀ առեւտրային ցանցում, հիմնականում ստացվում են Արարատյան դաշտավայրի տարբեր համայնքների հողագործների աշխատանքի արդյունքում: Միայն չգիտես ինչու են դրանք հայտնվում վաճառասեղաններին ու ցուցափեղկերում, երբ աշխարհի որեւէ այլ վայրում դրանց հիմնական տեղը անասնագոմն է: Ահա այն պարզ գործընթացը, որի արդյունքում տարբեր երկրների կաթ արտադրողներն իրենց միլիոնավոր կովերից տարեկան 12-15 հազար լիտր կաթնատվություն են ապահովում: Կվաճառես այն, թե՞ դրանից կարագ ու պանիր կպատրաստես, քանզի դրանք երկարաժամկետ պահպանման շրջան ունեն եւ առավել բարձր գին են երաշխավորում, քո գործն է, քո բիզնես հետաքրքրությունը: Ահա այն պարզ ճանապարհը, որով անցնում է մեր բոլորի համակրանքը վայելող հոլանդական լինի թե իսրայելական գյուղատնտեսությունը:

Կխոսվի՞ արդյոք այսօրինակ գործընթացների շուրջ ՀՀ վարչապետի այցից օրեր հետո, ցույց կտա ժամանակը: Իրադարձությունները հուշում ու վկայում են, որՙ ամենայն հավանականությամբ չի խոսվի: Ապացու՞յցը. մինչ այսօր համապատասխան մասնագիտական մտքի գրեթե աննկատ պահվածքը, վիճակը յուրօրինակ ինքնահոսի մատնելու գործելաոճը: Ասվածի վկայությունն է մասնագիտական մտքի այն հասկանալի անտարբեր պահվածքը, որ նկատվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այլ պետական մարմնի մաս դարձնելու որոշման հանդեպ: Գյուղական մոտ 900 համայնքները, տասնյակ ագրարային անվանվող միջին ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կարծես ընդունելով իրենց անզորությունից մինչեւ անգործությունը, որեւէ ձայն-ծպտուն չեն հանում սույն որոշման առիթով, հիմնավորելով, որ իրենք ոլորտում անելիք չունեն: Ընդվզելու որեւէ դրսեւորում չկա նաեւ բուն նախարարության աշխատակազմում, քանզի արդեն իսկ վստահ են, որ շարունակելու են իրենց գործունեությունը նույն ոճով, իրենց հատուկ մոտեցումներով: Իսկ դա միանշանակ հաստատում է, որ ՀՀ վարչապետի հերթական յուրաքանչյուր այց որեւէ գյուղական համայնքՙ այն նույն պատկերն է ուրվագծելու, ինչի ականատեսը եղանք Ռանչպար համայնքում:

Անգամ եթե գյուղական բնակավայրը հնչեղ ու գեղեցիկ Բերքաշատ թե Մեղրաձոր անվանվի, գյուղաբնակի հոգսը դրանից չի թեթեւանա: Խնդիրն այլ բացատրություն ունի, որը կոչված են պարզել եւ լուծել այն իրենց գործունեության նպատակ հռչակած պետական այրերըՙ գյուղատնտեսության շարքային մասնագետից մինչեւ բարձրագույն պաշտոնյաները. եթե, իհարկե, գյուղոլորտում բարեփոխում են ցանկանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ