RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2420, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

ՄԱՐԻՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, http://www.ysu.am/news/hy/Official-opening-ceremony-of-the-bust-of-Grigor-Gurzadyan

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում մարտի 19-ին համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Կիսանդրու բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ. Գուրզադյանի որդի Վահագն Գուրզադյանը, ԵՊՀ-ի եւ տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ ու մտերիմներ: Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյանը :

Պրոֆ. Արամ Սիմոնյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին եւ ասաց, որ մեծ պատիվ է Գրիգոր Գուրզադյանի նման համալսարանական ունենալը. «Այս կիսանդրին մենք բացում ենք որպես հարգանքի տուրք մեծ գիտնականի հիշատակին, որը երկար տարիներ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ եղել է Աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր կազմում»:

Միջոցառման ընթացքում ականավոր գիտնականի մասին ներկաների համար կենսագրական ակնարկ կարդաց Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմաբան Կարեն Բայրամյանը : Նա հիշատակեց Գ. Գուրզադյանի ավելի քան 200 գիտական հոդվածներն ու մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններըՙ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա նշեց, որ Գուրզադյանը դեռեւս 1960-ականներին ղեկավարել է Արեգակի ու աստղերի գերմանուշակագույն ու ռենտգենային դիտումները, ինչպես նաեւ նրա ղեկավարությամբ ստեղծվել են «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները, որոնք գերազանցում էին ժամանակակից աշխարհում իրականացվող տիեզերական գիտափորձերը եւ հանգեցրել էին կարեւորագույն գիտական արդյունքների:

«Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաեւ բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքերՙ նվիրված գիտությանը, արվեստին»,- ընթերցեց պարոն Բայրամյանը:

Ելույթով հանդես եկավ ակադեմիկոսի աշակերտներից ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Զախարյանը , որն անդրադարձավ Գ. Գուրզադյանի բեղմնավոր գիտական գործունեությանն ու վաստակին:

Անվանի գիտնականի որդինՙ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը , խոսելով հոր թողած գիտական ժառանգության մասին, շեշտեց, որ ուրախ է ներկա լինելու նրա կիսանդրու բացման արարողությանը: «Համալսարանի ղեկավարությունը, հաշվի առնելով Գ. Գուրզադյան գիտնականի վաստակը հայաստանյան գիտության մեջ, գնահատելով նրա բազմամյա դասախոսական գործունեությունը համալսարանում, գտավ, որ վերջինս պետք է վերադառնա համալսարան եւ հավերժանա այս պատվավոր ճեմասրահում»,- ասաց Վ. Գուրզադյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ