RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



ՊԱՏՄԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 489, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Տեւական ընդմիջումից հետո հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը հաջողությամբ պսակվեց եւ 1918թ. մայիսին հայոց պետականությունը վերականգնվեց: Չնայած այն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, սակայն իր քաղաքական համակարգով, ասել է թե`պետական իշխանությամբ, որն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով տարբերվում է այլ համակարգերից, բավականին ժողովրդավար էր: Համակարգը, որը հասարակության կառուցվածքը պայմանավորող հանգամանք է, որով եւ սահմանադրորեն որոշվում է դրանում գործող ուժերի փոխհարաբերությունների բնույթը, իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիների փոխահարաբերությունները, նրանցից յուրաքանչյուրի իրավունքների եւ պարտավորությունների ամբողջությունը, անհամեմատ ավելի ազատական բնույթ ունեին, քան ՀԱՀ-ն նախորդած ռուսական եւ օսմանյան համակարգերում:

ՀԱՀ-ն ժողովրդավարության այնպիսի հատկանիշների դրսեւորումներով, ինչպիսիք էին իշխանությունների հանդուրժողականությունը այլախոհ քաղաքական ուժերի նկատմամբ, բազմակուսակցական խորհրդարանի եւ ազատ մամուլի առկայությունը եւ այլ դրական հատկանիշներ, ունեցավ իր արժանավոր տեղը XX դարի սկզբի զարգացած եւ առաջադեմ քաղաքական համակարգ ունեցող երկրների շարքում: Մեր ասելիքը հիմնավորելու համար դիտարկենք մի քանի կարեւոր դրսեւորումներ, որոնք առկա էին սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող, սակայն առաջադեմ մտածողության կրող Հայաստանի առաջին հանրապետությունում (այսուհետեւ ՀԱՀ):

Տասնամյակներ շարունակ հիմնական իշխող կուսակցության անունով «դաշնակցական» անվանված ՀԱՀ-ն ոչ այնքան եւ ոչ միշտ է եղել այդպիսին: Անկասկած, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ՀԱՀ-ի գոյության բոլոր տարիներին վճռական դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում: Սակայն նրա կողքին եւ նրանից ոչ պակաս ակտիվ են եղել նաեւ Հայ ժողովրդական, Սահմանադրական ռամկավար, Սոցիալ դեմոկրատ, Էսեռ եւ այլ կուսակցությունները: Եթե ձախ թեւին պատկանող վերջին երկուսը եւ բոլշեւիկները մշտապես գտնվեցին ընդգծված ընդդիմության դաշտում, ապա ժողովրդականներն ու նրանց գաղափարակից ռամկավարները, ճիշտ գնահատելով երկրում ստեղծված կացությունը, շատ հարցերում համագործակցեցին իշխանությունների հետ: Ավելին, օգտվելով ՀԱՀ-ի ժողովրդավար համակարգի ընձեռած հնարավորությունից, ժողովրդականները մաս կազմեցին 1918 թ. նոյեմբերի 4-ին կազմված եւ մինչեւ 1919թ. մայիսի 28-ը գործած կոալիցիոն կառավարությանը` 8 նախարարական պորտֆելներից զբաղեցնելով 4-ը (Հ. Քաջազնունու գլխավորությամբ կազմված կառավարությունը 9 նախարար ուներ, որոնցից Ռազմականը անկուսակցական էր):

ՀԱՀ-ի քաղաքական համակարգի ժողրվդավարական դրսեւորում էր նաեւ խորհրդարանում կին պատգամավորների առկայությունը: 1919 թ., երբ եվրոպական երկրների մեծ մասում կանայք ընտրական իրավունք չունեին, էլ չասենք ասիական ու այլ տարածաշրջանների շատ պետական համակարգերի մասին, Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին:

Ընդհանուր առմամբ հայ կնոջ դերակատարության մասին մեզանում շատ է գրվել: Սակայն ինչպես ՀԱՀ-ի պատմությանը վերաբերող շատ հիմնախնդիրներ, այնպես էլ այդ շրջանում հայ կնոջ դերակատարությանը միայն վերջերս են սկսել հիմնավորապես անդրադառնալ (Զեյթլյան Ս., «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992, նույնի` «Հայ կնոջ ուղիին հետքերով», Անթիլիաս, 2013: Սարգսյան Ս., Մտորումներ հայ կնոջ դերակատարության մասին, «Պայքար» թերթ, 10 հոկտեմբերի, 2017 եւ այլն):

Հայ իրականության մեջ կանայք ընտրելու իրավունք են ստացել հայ ժողովրդի պատմության մեջ հենց առաջին` 1919 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում: Ընտրվել են երեք կին պատգամավորներՙ երեքն էլՙ ՀՅԴ-ից: Նրանցից մեկը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինն էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը : Նրանք ամուսնացել էին 1917-ին, երբ Արամը Երեւանի «դիկտատորն» էր: Կատարինեն բժշկուհի էր, 2-րդ գումարման պառլամենտի Առողջապահության հանձնաժողովի անդամ: Իրեն նվիրել է գաղթականների ու որբերի օգնությանը` պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնունՙ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացավ 1917թ. Երեւանում: 1919 թ. այդ ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը` Սեդա Մանուկյանը:

Սակայն նրանց ամուսնական կյանքը տեւեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919-ի հունվարի 29-ին Արամը բծավոր տիֆից մահացավ, իսկ դրանից երկու ամիս անց Կատարինեն խորհրդարանի պատգամավոր ընտրվեց:

Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշեւիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Կատարինեն չորս ամսեկան դստեր` Սեդայի հետ ապաստանում է քրոջ բնակարանում, ապա մեկնում Կրասնոդար` Արամի ազգականների մոտ: 1927-ին վերադառնում է Երեւան եւ կրկին նվիրվում բժշկությանը: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին եւ իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր, հիշում էր Սեդա Մանուկյանը: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»: Նա հաճախ ասում էր, որ «Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը»: Կատարինեն մահացել է 1965-ին, իսկ դուստրը` Սեդան, մինչեւ 1976 թվականը ապրում էր Երեւանում, ապա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 2005-ինՙ 86 տարեկան հասակում: 1998-ին նա այցելել է Երեւանՙ Սարդարապատի թանգարանին նվիրել հոր իրերը եւ լուսանկարներ:

Մյուս կին պատգամավորը Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանն էր: Ծնվել է 1886 թ., Էդիրնեում (Թուրքիա): Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլիպեում (ներկայիս Պլովդիվ): Եռանդով լեցուն եւ հայրենիքին անմնացորդ ծառայելու գաղափարներով ներշնչված 16-ամյա աղջիկ էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն` հեղափոխական Սարգիս Բարսեղյանին: Վերջինիս հորդորով էլ օրիորդների մի խմբակ ստեղծեց, որի նպատակը լուսավորություն եւ հեղափոխական գաղափարներ տարածելն էր: Ժնեւում գրականություն եւ մանկավարժություն ուսանելու շրջանում էլ Էտնա կեղծանունով սկսում է ստեղծագործել: Հետագայում նրա պատմվածքները լույս տեսան առանձին գրքովՙ «Փոթորիկէն վերջ»:

Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Կիրասոնում եւ Վանում: Պերճուհու ամուսնական կյանքը կարճ տեւեց: Նրանք ամուսնացան 1909թ., իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, ձերբակալվեց եւ նահատակվեց: Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրեց զավակին: Նա տեղափոխվում է Բուլղարիա, անուհետեւ` Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո անցնում է Երեւան եւ ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում (Near East Relief): Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի նման տարագրվեց: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվեց Փարիզում, որտեղ պաշտոնավարեց Նանսենյան գրասենյակում եւ շարունակեց գրական գործունեությունը: Երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց 1940թ.:

Մյուս պատգամավորը` Վարվառան , Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետության տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր եւ ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը:

Հայաստանի խորհրդայնացումից հետո ամուսինը բանտարկվեց: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարյան, ամուսինը եւ երկու զավակները ոտքով փախան Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Հարավային Իրան, հետագայում` Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյայի առողջության վրա եւ ընտանիքն ստիպված տեղափոխվեց Լիբանան: Բեյրութում Վարյան նորից ներգրավվեց հասարակական գործունեության մեջ` մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932թ. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց` ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարյայի առողջությունը, եւ շատ չանցած նա եւս կնքեց իր մահկանացուն:

Այս անգամ բավարարվենք սրանով: Հաջորդիվ կներկայացնենք ՀԱՀ-ի քաղաքական համակարգի այլ ժողովրդավարական եւ առաջադեմ դրսեւորումներ:

Նկար 1. Կատարինե Զալյան-Մանուկյան

Նկար 2. Վարվառա Սահակյան

Նկար 3. Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ