RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1098, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈ ՍԹԻՎ ՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Սան Ֆրանցիսկոյում հրատարակվող «The Athletic» պարբերականում հրատարակված Մարկուս Թոմպսոն II-ի բավական ընդարձակ հոդվածը նվիրված է փետրվարի 8-ին այդ ֆինանսական եւ առեւտրական նավահանգստային կենտրոնում տեղակայված հայկական Քրուզյան-Զաքարյան-Վասպուրական (KZV) վարժարանում տեղի ունեցած 38-րդ գալա հյուրասիրությանը, որին ներկա են գտնվել «The Warriors» մարզական խմբի գլխավոր մարզիչ Սթիվ Քերը , իր ընտանիքի անդամների հետ:

Այդ ընտանիքի պատվին տրված երախտագիտական միջոցառումը պայմանավորված է եղել 99 տարի առաջ Սթիվի պապիկիՙ Ստենլիի, եւ տատիկիՙ Էլզայի գործադրած ջանքերի շնորհիվ Հալեպում եւ Մարաշում մոտ 10 հազար հայերի փրկությամբ:

Ստենլին այդ ժամանակ աշխատելիս է եղել Վաշինգտոնի Ուոլտեր Ռիդ հիվանդանոցում որպես քիմիկոս, երբ աշխատակիցներից մեկը ներս խուժելով ասել է, որ Մերձավոր Արեւելքի նպաստընկյալ (Near East Relief) կազմակերպությունը կամավորների է փնտրում Օսմանյան կայսրությունում կարիքավոր մարդկանց օգնելու համար:

«Նա անմիջապես կամավոր է արձանագրվում: 1919-ին Հալեպ է ժամանում եւ հայ տարագիրներին (հիմնականում կանայք եւ երեխաներ) օգնություն ցուցաբերում: Էլզա Ռեքմանը, որ հետագայում դառնալու էր նրա կինը, Թուրքիայի հայկական դպրոցներից մեկում է աշխատանքի անցնում նույն առաքելությամբ: 1920-ին, երբ ֆրանսիական զորքերը հանկարծակի հեռանում են տարածաշրջանից եւ հայերին դարձյալ հանձնում թուրքերին, Ստենլին ականատես է լինում հրեշավոր ջարդերին: Հետագայումՙ 1973-ին նա իր հուշերի գիրքն է հրատարակում «The Lions of Marash» (Մարաշի առյուծները) խորագրի ներքո: Ստենլին եւ Էլզան իրար հանդիպում են 1922-ին NER-ի լիբանանյան որբանոցում, եւ ամուսնանում: Մի տարի անց հեռանում են Լիբանանից մալարիայի բռնկման հետեւանքում: Բայց հետո դարձյալ վերադառնում են եւ աշխատանքի անցնում Բեյրութի ամերիկյան համալսարանում, Ստենլինՙ որպես բիոքիմիայի ամբիոնի վարիչ, իսկ Էլզանՙ որպես աղջիկների բաժնի դեկան: Սթիվի հայրըՙ Մալկոլմը, Բեյրութում է ծնվել: 1982-ին դարձել այդ համալսարանի նախագահը, բայց երկու տարի անց դարձել է երկու մահմեդական ջիհադիստների կողմից արձակված գնդակի զոհը: Սթիվը, որն այժմ 53 տարեկան է, այդ ժամանակ սովորելիս է եղել Արիզոնայի համալսարանում», պատմել է հավաքույթի ընթացքում կինովավերագրող Անի Հովհաննիսյանը, էկրանի վրա ցուցադրելով իր հեղինակած, բայց դեռ ընթացքի մեջ գտնվող «Քեր: Խաղաղության մարտիկները» վավերագրական ֆիլմից որոշ հատվածներ: Ֆիլմը ըստ նրա հիմնված է Ստենլիի նամակների եւ օրագրերի վրա:

Վարժարանի Սարոյանի անվան դահլիճում ավելի քան 400 հանդիսատեսներ, որոնց մեջ Քեր զույգի ջանքերով փրկվածների հետնորդները, մեծ հուզումով ու երախտագիտությամբ են դիտել եւ ունկնդրել այդ ընտանիքի պատմությունը: Սակայն ամենահուզվածը, անշուշտ, եղել է Սթիվը, հատկապես երբ ընթերցվել է մի հատված իր պապի նամակից. «Շատերն են կոտորվելու թուրքերի յաթաղանից: Գուցե այստեղ մնալով մենք կարող ենք փրկել ոմանց: Բայց եթե թուրքերը մեր դրոշն էլ չհարգեն, ապա ինչ է լինի, մենք պատրաստ ենք ամեն զոհողության, անգամ մեռնելու նրանցՙ հայերի հետ»: Նա չի կարողացել զսպել իր արցունքները: Երախտագիտական խոսքեր են հնչել վերապրողների թոռներից: Նա 10 տարեկան է եղել, երբ պապը մահացել է:

Հանդիսավոր երեկոյին ներկա են եղել նաեւ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետՙ Լոնդոն Բրիդը եւ կոնգրեսական Ջեկի Սփիըրը:

«Աննկարագրելի դրական էներգիա էր թեւածում դահլիճում: Լսել էինք Քեր ընտանիքի մասին, բայց այդ երեկո երախտագիտական զգացմունքները պարզապես դուրս ժայթքեցին եւ հուզեցին բոլորիս», նշել է հավաքից հետո Սան Խոսե պետհամալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը :

Երեկոն ավարտվել է «շուրջպարով», որին մասնակցել է նաեւ Սթիվը:

«Ընտանիքիս պատմությունը ճանաչելը մարդկանց ավելի լավ ճանաչելու առիթ է: Մենք էականում բոլորս նման ենք միմյանց, բայց պարզապես տարբեր անցյալ ունեցող, տարբեր մշակույթների զավակներ: Սպորտը մեզ հեշտությամբ միավորում է: Բոլորովին կարեւոր չէ, թե թիմերից ո՞ր մեկն է հաղթում, կարեւորը զգացական կապն է, որ մեզ առաջնորդում է», երեկոյի վերջում ասել է Սթիվը, որին որպես հիշատակ նվիրել են Արարատ լեռան մանրաքանդակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ