RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Չկա բանակցություն առանց Արցախի

Նախորդ շաբաթ Եվրոխորհրդարանը հյուրընկալել էր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը: Միջազգային բարձրագույն ատյանում Արցախի պատվիրակությունը մասնակցում էր հայահալածության թեմայով համաժողովին: Զուգահեռ հանդիպումներ ընթացան նաեւ Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորների հետ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերսկսման ելակետային հիմքում վերստին շրջանառվում է Արցախյան կողմի ներգրավումը: Հայկական կողմը այդ ներգրավումը համարում է անհրաժեշտություն:

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր Բրյուսելյան հանդիպումների ժամանակ եթե տողատակերով էր արծարծում այս տեսակետը, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, մասնավորապես նախորդ շաբաթ Բրյուսելում հստակորեն բարձրաձայնեց, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ եւ որ առաջնայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունն է:

Թե ինչքանով է իրատեսական Արցախին բանակցային կողմ ներգրավելն ու արդյո՞ք սա ժամանակ շահելու,ՙ բանակցային գործընթացը ձգձգելու միտում չի կարելի նկատել, Արցախի արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը , Բրյուսելում, Եվրոխորհրդարանի շենքում, պատասխանելով «Ազգ»-ի հարցերին մանրամասնեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության ապահովումը միշտ էլ եղել է հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Ըստ նրա, ՀՀ նախկին իշխանությունների օրոք էլ հարցը եղել է հետեւյալ ձեւակերպմամբ, «Մինչեւ Արցախը բանակցություններին չմասնակցի, ապա միամիտ է ակնկալել իրական որեւէ առաջընթաց: Ողջունելի է, որ ՀՀ նոր իշխանություններն այս մասին ավելի շատ են խոսում, ավելի հստակ շեշտադրումներով փորձում են հասկացնել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել Հայաստանի իշխանություններին: Եվ եթե շահագրգիռ կողմերն ուզում են խնդրի իրավ կարգավորում, ապա միակ ճանապարհը Արցախին բանակցային սեղանին վերադարձնելն է: Ժամանակին Ղարաբաղի պատվիրակությունն առանձին կազմով մասնակցել է գործընթացներին: Իսկ թե որքանով է այսօր սա համարվում իրատեսկան, դատելով այն ամենից, ինչ կատարվում է Ադրբեջանում, չեմ կարծում, որ լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել: Ադրբեջանը մերժում է Ղարաբաղի գոյությունը եւ ամեն կերպ հասկացնում, որ իրենք շահագրգիռ չեն Ղարաբաղի հետ խոսել: Սա նշանակում է, որ Ալիեւը պատրաստ չէ կառուցողական մոտեցում ցուցաբերել: Հայաստանն ու Արցախը միշտ էլ հայտարարել են, որ Արցախը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել բոլոր հարցերը: Եթե Արցախը որպես բանակցային կողմ հանդես չգա, ապա չենք կարող հիպոթետիկ ինչ-որ մոտեցումներ առաջարկել», ընդգծեց փոխարտգործնախարարը:

Մեր այն դիտարկմանը, թե այդ պարագայում արդյո՞ք միտումնավոր Արցախի խնդիրը դարձյալ չի մղվում դեպի անորոշություն եւ առժամանակ փակուղի գնում, Արմինե Ալեքսանյանն արձագանքեց, որ Արցախը եռանախագահների եւ միջազգային այլ կազմակերպությունների միջոցով վստահության մթնոլորտը վերականգնելու բազմաթիվ միջոցառումների ցանկ է առաջադրել: Սակայն ադրբեջանական կողմը, ցավոք, մերժել է: Այսինքն մենք պատրաստակամություն ենք հայտնել սկսել վստահությունից: Վերջերս առաջարկել ենք հետաքննության մեխանիզմներ ներդնել, որը թույլ կտա կատարել գործնական քայլերՙ բացահայտելու, թե ով է խախտում հրադադարը: Սա նշանակում է, որ հայկական կողմը թաքցնելու բան չունի եւ շահագրգռված չի հրադադարի ռեժիմը խախտելու: Բանակցությունների հիմնական անկյունաքարը ռազմական ճանապարհով հարցի լուծումը բացառելն է: Այս ճանապարհի առաջին քայլը որոշակի մեխանիզմների ներդրումն է, որը թույլ կտա խնդրի լուծման առաջին քայլերն անել, սակայն Ադրբեջանը ինչպես միշտ բացասական է արձագանքում: Չնայած միջազգային որեւէ ներդրում չեղավ, այդուհանդերձ Արցախն իր կողմից տեսաձայնային գիշերային սարքավորումների միջոցով ապահովել է սահմանային շուրջօրյա վերահսկումը, որպեսզի պարզ լինի որտեղից ինչ վտանգ է սպառնում: Միջազգային դիտորդներն էլ առաջարկեցին մեր իսկ ներդրած մեխանիզմներն օգտագործել, որպեսզի տեսնեն իրականում ով է խախտում հրադադարը»:

Մեր այն դիտարկմանը,թե Ալիեւն Արցախի հիմնանդիրը խաղարկում է, նրան ձեռնտու չէ խնդրի վերջնալուծում եւ միջազգային ատյաններում ձեւացնելով թե շահագրգիռ է, բայց իրականում հիմնախնդիրն օգտագործում է ներքին նպատակների, այլ խնդիրների լուծման համար, Արմինե Ալեքսանյանը նկատեց, որ հրադադարից ի վեր քսահինգ տարի է անցել, համանախագահները խաղաղության վերաբերյալ բազմաթիվ անգամներ են բանակցել, բայց տարիները ցույց են տվել, որ մեր հասարակությունները ոչ թե մոտեցել, այլ ավելի են հեռացել, վստահության մթնոլորտն ավելի է վատթարացել: Եթե մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակական կազմակերպությունների մակարդակով երկկողմ շփումների դեռ փոքր նշույլներ կային, ապա ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ամենահավատարիմ աղավնիները դարձան բազեներ եւ ռադիկալ դիրք ընդունեցին հայ գործընկերների նկատմամբ: Եթե մենք եւ միջազգային հանրությունն իրոք ուզում է, որ խաղաղություն լինի, ապա շեշտը պետք է դնել հասարակական սեկտորի հզորացման վրա: Պետք է փորձել այնպես անել, որ Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատվի, բարձրացնեն մարդու իրավունքների մակարդակը: Պետք է աշխատել նրանց հասարակության հետ, որպեսզի մենք տարբեր լեզուներով չխոսենք: Ղարաբաղը շատ ավելի առաջ է գնացել թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության տեսակետից: Մենք նույն լեզուներով պետք է խոսենք, որպեսզի իրար հասկանանք: Ադրբեջանը ճիշտ հակառակն է կատարել, հայատյացություն եւ ատելություն սերմանելով իրենք հիվանդ հասարակություն են ստեղծել, ինչը մեզ էլ ձեռնտու չէ: Նրանք մնում են մեր հարեւանները, մենք ապրելու ենք նույն տարածաշրջանում, ուրեմն պետք է շահագրգիռ լինենք խաղաղ գոյակցության: Մենք ընդամենը երկխոսություն ենք ուզում, որպեսզի իրար հասկանանաք:Եթե Ադրբեջանը ցանկանար,ապա մեր առաջարկներից գոնե մեկը կընդուներ: Ինձ թվում է Ադրբեջանը ոչ թե շահագրգռված է խաղաղությամբ, այլ խոսում է, որպեսզի ներքին պառակտումները հեռու պահի հասարակության աչքից»:

Ի դեպ Արցախի փոխարտգործնախարարն իր պահվածքով, անմիջական խոսքուզրույցով եւ բարեժպիտ կեցվածքով շատ ավելի հիշեցնում էր եվրոպական պաշտոնյաների: Մեր դիտարկմանը թե արդյո՞ք նա Արցախում էլ նույնպես անմիջական է մարդկանց հետ շփումներում: Ի պատասխան Արմինե Ալեքսանյանը հրավիրեց Արցախ, տեղում տեսնելու Արցախի պաշտոնյաների եւ ժողովրդի հետ շփումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ