RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 686, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԲԱՐԴ Է ՈՒ ԽՃՃՎԱԾ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Փետրվարի 14-ին Սոչիում հրավիրվեց Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողովը, մասնակցությամբ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Սա այդ քաղաքում հրավիրված 4-րդ գագաթաժողովն էր, որի օրակարգում, ինչպես միշտ, Սիրիայի ճգնաժամն էր: Որքան էլ գագաթաժողովի մասնակիցներ Ռուսաստանն ու Իրանը դեռեւս 2017 թ. հունվարի 23-ին մեկնարկած Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցեն Թուրքիայի հետ, Սիրիայի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ունեն լուրջ տարաձայնություններ:

Մինչ Ռուսաստանն ու Իրանը աջակցում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Թուրքիան, ի դեմս Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամեն կերպ ձգտում էր հասնել վերջինի տապալմանը: Ինչպես հայտնի է, 2011-ի մարտին, երբ ընդդիմության քողի տակ Դամասկոսի վարչակարգին պարտադրվեց դրսից, մասնավորապես Լիբիայից բերված բազմահազարանոց վարձկան ահաբեկիչների դեմ չհայտարարված ավերիչ պատերազմը, Էրդողանը, որ ամենայն ամբարտավանությամբ «դաժան մարդասպանի, արյունարբու բռնապետի» պիտակ էր կպցնում նախագահ Ասադի վրա, սկսել էր Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ Սիրիա ներխուժելու հաշվարկներ անել: Դեռ ավելին, նա նույն թվի սեպտեմբերին հայտարարել էր. «Թուրքական զորքերը հինգ ժամից կհասնեն Հալեպ, իսկ ես երեկոյան նամազը կանեմ Դամասկոսի Օմայան մզկիթում»:

Ակնհայտ է, որ Ասադի վարչկարգին իր նախաձեռնությամբ տապալելու դեպքում Էրդողանը միաժամանակ ստանալու էր Դամասկոսում նոր իշխանությունների կազմավորման նախաձեռնությունը: Նա դրանով ամրապնդելու էր Թուրքիայի դիրքերը Սիրիայում, որտեղից թուրքական ազդեցությունը տարածելու էր հարեւան երկրների վրա, որպեսզի իրականացնի Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դառնալու վաղեմի երազանքը: Որքան էլ նախագահ Ասադի հարցում համամիտ լինեին Էրդողանի հետ, ԱՄՆ-ն ու Արեւմուտքի դաշնակիցները, որոնք Սիրիայում նախընտրում էին գործել ահաբեկչական կազմակերպությունների միջոցովՙ քան դառնալ պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցը, տուրք չտվեցին նրա նկրտումներին: Դրանով հանդերձ Թուրքիան, ընդառաջելով Արեւմուտքին, որպես գլխավոր հովանավոր, շարունակեց աջակցել ինչպես ահաբեկիչներին, այնպես էլ ահաբեկչական 19 խմբավորումներից կազմավորված «Ազատ Սիրիայի» այսպես կոչված բանակին:

Համենայն դեպս, Ասադի նկատմամբ արեւմտյան տերությունների բացասական դիրքորոշումը 2012-ի հունիսի 30-ին «Սիրիայում անցումային կառավարություն» կարգախոսով Ժնեւում գումարված գագաթաժողովում բախվեց Ռուսաստանի բուռն հակազդեցությանը: Արեւելք-Արեւմուտք տարաձայնությունները հետզհետե խորացան հաջորդ գագաթաժողովների ընթացքում, ինչի հետեւանքով Ժնեւյան գործընթացը ձախողվեց: Դա նախադրյալներ ստեղծեց, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման նախաձեռնությունն անցնի Աստանայի գործընթացին, որտեղ գլխավոր դերակատարը Ռուսաստանն էր:

2015 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը միջամտեց Սիրիայի քաղաքական զարգացումներին: Շնորհիվ ռուսական ռազմական միջամտության, ինչպես նաեւ Իրանի աջակցության, նախագահ Ասադի վարչակարգը ոչ միայն չեզոքացրեց իշխանությունից իր հեռանալու վտանգը, այլեւ ձեռք բերեց Արեւմուտքի ճնշումներին դիմակայելու, միաժամանակ Իրաք-Շամ իսլամական պետության եւ Ան Նուսրայի գլխավորած ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու լայն հնարավորություն: Թուրքական «Այդընլըք» հանդեսը 2017 թ. սեպտեմբերի 30-ի համարում վկայում է, որ ռուսական ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ասադի վարչակարքը երկրի տարածքի 85 %-ը, Հալեպը, Պալմիրան ու Դեր Զորը ներառյալ, մաքրեց «Իսլամական պետության» եւ Ան Նուսրայի ահաբեկիչներից, ոչնչացնելով 45 հազար ահաբեկիչ, 240 դաշտային հրամանատարով հանդերձ, 800 ռազմավարժական ճամբար, 550 զինապահեստ եւ շարքից հանեց 300 նավթավերամշակման կայան ու նավթամուղ, որոնց շահագործումը իսլամիստական ահաբեկիչներին տարեկան 500մլն. դոլար եկամուտ էր ապահովում:

Ռուսաստանի ռազմական միջամտությունից հետո Արեւմուտքը հետզհետե հրաժարվեց նախագահ Ասադին իշխանությունից հեռացնելու մտադրությունից: Ավելինՙ Բարաք Օբաման, որ մինչ այդ Ասադի հեռացումը համարում էր երկրում ստեղծված իրավիճակի հրամայականը, վերանայեց իր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա մի քայլ առաջ անցավ նախորդից. նախ դադարեցրեց «ընդդիմադիրներին» տրամադրվող ռազմական օգնությունը, ապա Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշում ընդունեց: Ի դեպ, Թուրքիան եւս սկսել է վերագնահատել ստեղծված իրավիճակը, այլապես արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն փետրվարի 19-ի մամուլի ասուլիսում չէր մատնանշի, թե Անկարան քննարկում է Դամասկոսի վարչակարգի հետ հնարավոր երկխոսության հավանականությունը :

Ռուսական ռազմական միջամտությունը սոսկ նախագահ Ասադի դիրքերը չամրապնդեց Արեւմուտքի, Թուրքիայի, շրջակա արաբական պետությունների, այդ թվում վերջիններիս հովանավորությունն ու աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, այլեւ նոր հորիզոններ բացեց Ռուսաստանի առջեւ: Շնորհիվ այդ միջամտության Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ Ուկրաինայում ծավալվող մրցապայքարը տեղափոխեց Սիրիայի տարածք, Տարթուսի ռազմաբազայի կողքին Լաթաքիայում տեղակայեց Խիմեյմիմի ռազմատիեզերական բազան, ինչպես նաեւ Դամասկոսում, Հալեպում, Համայում եւ այլուր ձեռք բերեց ռազմական 12 օբյեկներ, որոնք մեծապես «Իսլամական պետության» ահաբեկիչներին ենթակա շրջաններում էին:

Ռազմական միջամտությունն աննախադեպ ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը Սիրիայում: Միաժամանակ նա ռազմաքաղաքական ներկայություն ձեռք բերեց Արեւելյան Միջերկրականում , նրա առջեւ բացվեց Սիրիայի տարածքից շրջակա արաբական երկրները վերահսկելու հեռանկարը: Այլ կերպՙ այդ միջամտությունը հօգուտ Ռուսաստանի փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Համապատասխանաբար թուլացան Արեւմուտքի, ԱՄՆ-ի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների դիրքերը:

Ստեղծված իրավիճակում մինչ այդ ԱՄՆ-ին ապավինած Սիրիայի դեմոկրատական ուժերը (որոնք իրենց մեջ ներառում են դեռեւս 2003 -ին Հյուսիսային Սիրիայում կազմավորված քրդական Դեմոկրատական միասնություն կուսակցությանըՙ PYD-ին եւ նրա ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներինՙ YPG-ին), սկսեցին Ռուսաստանին հարելու հակումներ ցուցաբերել: Դա հատկապես ակնառու դարձավ, երբ ամերիկացիները հրաժարվեցին «Իսլամական պետության» ահաբեկիչներից մաքրված, Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող ամբողջ տարածքը, որը հետապնդում էր Իրանի ներթափանցումը Սիրիա կանխակայելու նպատակ, քրդական ուժերի վերահսկողությանը հանձնելու մտադրությունից:

Դրա փոխարեն Վաշինգտոնը քրդերին խոստացավ անվտանգության գոտի հյուսիս-արեւելյան Սիրիայումՙ ինքնավարության հիմունքներով: Քանի որ 32 կմ խորությամբ այս գոտին նախատեսվում է ստեղծել Թուրքիայի սիրիական սահմանի երկայնքով, նաեւ սահմանակից է Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանին, ուստի դրան բուռն հակազդեցությամբ արձագանքեց թուրքական կողմը, թե ամերիկացիները Թուրքիայի հարավում Իրաքից մինչեւ Միջերկրական քրդական միջանցք են ստեղծում:

Մինչ Թուրքիան սպառնում էր քրդերին, նույնացնելով ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերին PKK-ի հետ, թե Եփրատի արեւելքը կմաքրենք ահաբեկիչներից, հանկարծ Վաշինգտոնը հայտարարեց, որ ամերիկյան զինծառայողները համաձայն նախագահ Թրամփի որոշման դուրս են բերվում Սիրիայից: Թրամփն այդ որոշումն ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, 23 օր հետո, հունվարի 11-ին հայտարարվեց դրա իրագործման մասին:

Նախագահ Թրամփի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դաշնակից երկրներում աշխուժորեն վիճարկվող որոշումը մեծ հիասթափություն պատճառեց քրդական շրջանակներին: Դրա ընդունմամբ Սիրիայի դեմոկրատական ուժերը երկխոսություն հաստատելու ակնկալիքով սկսեցին ակտիվացնել շփումները ռուսական կողմի եւ Ասադի վարչակարգի հետ, մատնանշելով, որ դեմ չեն լինի սահմանների պաշտմանությունը հանձնել կառավարական զորքերին, եթե քրդերին ինքնավարություն տրամադրվի: Թեեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 18-ին նախազգուշացրեց Թուրքիային, որ առանց ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու զերծ մնա ամեն մի միջամտությունից, մատնանշելով. «Ամերիկյան զորքերը Սիրիայից այնպիսի փոխհամաձայնությամբ ենք դուրս բերելու, որ Թուրքիան ի վիճակի չլինի սպանել քրդերին», բայց դա չմեղմեց քրդերի հիասթափություը: Միչդեռ վերջիններս դեռեւս Օբամայի օրոք համարվում էին ԱՄՆ-ի ցամաքային զորքերը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, առանց հաշվի առնելու պաշտոնական Մոսկվայի եւ Դամասկոսի հետ երկխոսություն հաստատելու քրդական շրջանակների ջանքերը, սկսել էր հույսեր փայփայել, որ ամերիկյան զորքերի հեռացումից հետո նախ կգրավի Մանբիջը, ինչպես 2017-ի մարտին Ռուսաստանի թողտվությամբ գրավել էր Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբը, իսկ 2018-ինՙ Աֆրինը, ապա ընդդեմ Սիրիայի դեմոկրատական ուժերի ռազմական գործողությունների կանցնի Հյուսիս-արեւելյան Սիրիայում: Նրա հույսերը, սակայն, չարդարացան: Փետրվարի 22-ին, երբ Էրդողանը հեռախոսազրույց էր ունենում նախագահ Թրամփի հետ, Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ամերիկյան զինծառայողներից 200-ը մնալու են Հյուսիսային Սիրիայում:

Հաջորդ օրը նույն Սանդերսը, որին նախ հաստատեց հետքայլ կատարած Թրամփը ապա եւ Foreign Policy հանդեսը, հայտարարեց, որ եւս 200 զինծառայող տեղակայվելու է Սիրիայի հարավում, Ալ Թարիֆ ռազմաբազայում: Թեեւ 400-ը մեծ թիվ չէ, սակալն ԱՄՆ-ի պարագայում կարեւորը Թուրքիայի համար ոչ թե զինվորների թիվն է, այլ կրած համազգեստը: Այսինքն Թուրքիան չի կարող նույնիսկ Մանբիջի վրա հարձակվել, ինչի մասին շարունակ խոսում է 2016-ից ի վեր:

Ինչպես երեւում է Թուրքիան հաշվի չի առնում նաեւ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծելու հարցին Մոսկվայի դրական մոտեցումը եւ այդ հարցը Դամասկոսի հետ համաձայնեցնելու ջանքերը: Չի բացառվում, որ այդ ինքնավարությունը լինի Եփրատից մինչեւ Իրաքի սահման ընկած տարածքը քրդական ուժերի վերահսկողութլանը հանձնելու ամերիկյան ծրագրի փոխհատուցումը: Ակնհայտ է, որ ինքնավարության ձեւավորման դեպքում Թուրքիան կզրկվի Սիրիայի հյուսիսային շրջաններում «ահաբեկիչների» դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունից, ավելինՙ երկրի միասնականության վերականգման պայմաններում ստիպված կլինի զորքերը դուրս բերել Սիրիայից եւ նախագահ Ասադի վարչակարգին հանձնել գրաված բոլոր քաղաքները, Իդլիբը ներառյալ:

Ամենայն հավանականությամբ ռուսները 2017-18-ին թույլ էին տվել Թուրքիային գրավելու Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբն ու Աֆրինը, որ թուրքական գործոնի օգտագործմամբ զսպաշապիկ հագցնեն քրդերին, ի չիք դարձնելու համար Սիրիայում ԱՄՆ-ի քրդական ծրագիրը:Քանի որ նախագահ Թրամփի որոշմամբ ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից, որոնց ընդհանուր թիվը 2500 է, կնշանակի ամերիկացիներն արդեն հրաժարվել են իրենց ծրագրից, ուստի վերջին շրջանում խոսում են ոչ թե Արեւելյան Սիրիան քրդերին հանձնելու, այլ Հյուսիս-արեւելյան Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու եւ քուրդ բնակչությանը թուրքերի հարձակունից պաշտպանելու մասին միայն:

Ինչ էլ որ լինի, Սիրիայում տիրող իրավիճակը չափազանց բարդ է, իսկ քաղաքական զարգացումների մասին տեղեկատվությունըՙ ավելի քան աղտոտված:Երկրում ներկա են միմյանց հետ մրցակցող միջազգային դերակատարների կողքին նաեւ տարածաշրջանային դերակատարները, որոնք լինելով միեւնույն ճամբարումՙ միմյանց են հակադրվում: Անհաշտ մրցակցության պայմաններում միջազգային դերակատարները անընդհատ կարծիք են փոխում: Այս ամենի հետեւանքով էլ ավելի է խճճվում Սիրիայի առանց այդ բարդ իրավիճակը, բացառելով վերլուծությունները փոքրիշատե հիմնավորելու հավանականությունը, էլ չենք խոսում կանխատեսումների մասին: Թերեւս միակ կանխատեսումը, որ առանց վարանելու կարելի է անել, դա Սիրիայում քաոսային իրադրության հետագա խորացումն է: Դա միանգամայն ձեռնտու է միջազգային ուժերին, միայն թե վերահսկելի լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ