RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Հ. ԱՖՅԱՆ

Իսկ վարչապետը հաջորդ անգամ որտե՞ղ է գնալու, կապ չունիՙ աշխատանքային, պաշտոնական, թե պետական այցով: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե վարչապետը Բրյուսելից հետո գնալու է Կոպենհագեն, ապա խնդրում եմ ինձՙ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ, ինչո՞ւ ոչՙ դուխով քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության բացարձակ արժեք, տանել իր հետ: Միեւնույն է, երկրի առաջին ինքնաթիռում ազատ տեղեր շատ կան, բացի այդ ես շատ կարեւոր գործեր ունեմ Դանիայի մայրաքաղաքում, ավելինՙ մանկուց, ինչ ծանոթ եմ Հանս Քրիստիան Անդերսենին, երազում եմ Կոպենհագենում լինելու մասին: Քայլել իմ ամենասիրելի հեքիաթասացի քայլած նեղ ու ոլորուն փողոցներով, տեսնել դրանցից այն մեկը, որտեղ մարել է այն փոքրիկ աղջկա վերջին լուցկին, զբոսնել Քրիստիանա ազատ քաղաքով, որը Կոպենհագենի զգալի մասն է կազմում եւ ունի որոշ ինքնավարություն: Անչափ մեծ է ցանկությունս մոտիկից տեսնել բարրոկո ոճի Շառլոտենբերգ պալատը, աշխարհի ամենաթանկ օպերաներից մեկը համարվող Կոպենհագենի Օպերայի տունը եւ վերջապես Արքայական թատրոնը, որը հիմնադրվել է 18-րդ դարում եւ համարվում է ամենահին ազգային թատրոնը եւ որի բեմին, ասում են, ամենալավն է հնչումՙ ինչ-որ բան նեխել է Դանեմարքում արտահայտությունը:

Խոստանում եմ, որ երկրի համար մեկ ինքնաթիռում հանգիստ կնստեմ տեղս, եթե անգամ հարցեր տամ, ապա դրանք նախօրոք կհամաձայնեցնեմ վարչապետի մամուլի խոսնակի հետ, հենց ինքնաթիռում կհանեմ գլխիցս աղքատությունն ու Կոպենհագենում աջ ու ձախ չեմ վատնի պետական բյուջեից ոչ մի լումա: Նույնիսկ եթե քաղաքի ամենաթանկ ռեստորաններից մեկումՙ Կրեբսեգարդենում ընթրիքին ուտեմ ապխտած ձկով սենդվիչ, ինչը դանիականՙ ինքնատիպ խոհանոցի ամենահարգի ուտեստներից է ի դեպ,, ապա կվճարեմ բացառապես սեփական գրպանիցս, ավելինՙ երբ վերադառնանք Երեւան, ես պատրաստ եմ հայտարարագիր ներկայացնել, թե որտեղի՞ց իմ գրպանում Կոպենհագենի ամենաթանկ ռեստորաններից մեկում ապխտած ձկով սենդվիչ ուտելու փող: Չմոռանամ ասել, որ ինձ չի հետաքրքրում Սթրոգեթ փողոցը, որը Կոպենհագենի շոփինգ կենտրոնն է, եւ ուրեմնՙ ես փող չեմ ծախսելու օրինակ Լուի Վիտոն եւ Պրադա մաքուր բրենդային խանութներում:

Եւ վերջապես ամենակարեւորըՙ խոստանում եմ վերջում, երբ ջրահարսի հետ սելֆի անեմ, տակը կգրեմՙ շնորհակալություն, պարոն վարչապետ:

Իսկ հիմա լուրջ: Առաջարկում եմ կառավարությանը ամեն անգամ, երբ վարչապետը արտերկիր է մեկնում, հայտարարել առաջին ինքնաթիռով արտասահման գնալու մրցույթ: Չէ՞ որ Հայաստանում իշխանությունն այլեւս պատկանում է քաղաքացիներին, ուրեմն առաջին ինքնաթիռը նույնպես մերն է: Հայտերը կարելի է ուղարկել ինչպես կառավարության աշխատակազմ, այնպես էլ վարչապետի տիկնոջ գրասենյակ: Կարելի է նույնիսկ տոմսեր վաճառել, շուկայականից ավելի էժան, անշուշտ: Կարծում եմ այսկերպ հա՛մ պետական բյուջեն կլցվի, հա՛մ էլ մենք մեր սիրելի վարչապետի հետ կլինենք նույնիսկ օդում: Երկուսն էլ, կարծես թե պետական քաղաքականություն են, չէ՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ