RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1236, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՆ ՀԱՂԹՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վլադիմիր Լենինին եւ Չե Գեւարային միավորում է այն, որ երկուսն էլ հեղափոխական են: Բայց Լենինն ու Գեւարան տարբերվում են նրանով, որ պապիկին ժամանակակից հեղափոխականները չեն սիրում, մինչդեռ մաչոյի համար խենթանում են: Գոնե հետսովետական տարածքում այդպես է: Ի դեպ, պարզվում է ԱՊՀ երկրներին շատ է հետաքրքրում, թե ինչպես են հեղափոխություն անում: Ամեն դեպքում այդ երկրների մի շարք ակտիվիստներ ժամանել են Երեւան, որպեսզի ըմբռնեն հայկական հեղափոխության ֆենոմենը: Նրանցՙ հեղափոխության թեմայով դաս են տվել հայ ակտիվիստները, որոնք հասել են իշխանափոխության, իսկ ոմանք էլ հիմա պետական պաշտոնյա են:

Խոսակցությունը, ինչպես եւ հեղափոխությունը, սկսվել է փողոցից: Ո՞վ պետք է լինի փողոցում: Ենթադրում եմ, որ քննարկել են: Ասենք տատիկներն ու պապիկները, որոնք իրենց ծերունական իմաստնությամբ դուրս կգան եւ խելքի կբերեն երկիրը: Բայց քանի որ տատիկներն ու պապիկները երկար քայլել եւ եթե պետք է փողոցում քնել չեն կարող, բացի այդ ծերությունն այն է, երբ դու ամեն ինչ գիտես, բայց քեզնից ոչ ոք ոչինչ չի հարցնում, տատիկներն ու պապիկները փողոցից հանվել են: Միջին սերո՞ւնդը: Եւս աբսուրդային է, քանի որ միջին սերունդը որպես կանոն զբաղված է եւ հեղափոխություն անելու ժամանակ չունի: Ուրեմն երիտասարդությունը: Տարբերակ է, ամեն դեպքում հեղափոխություն անելու համար պետք է երիտասարդ լինես ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով, ե՛ւ մտքով: Բայց պարզվում է, հեղափոխություն անելու համար առաջին հերթին երիտասարդներին չէ, որ պետք է փողոց դուրս բերես, քանի որ նրանք բավականին տաքարյուն են, անկանխատեսելի վարքով, հետեւաբար նրանց բերման ենթարկելն ու դրա հիմնավորումը տալը բավականին հեշտ է:

Ուրեմն ո՞վ պետք է սկսի հեղափոխությունը: Այս հարցին լավագույնս պատասխանել է Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Մարդն ասել է, որ փողոցային պայքարի մեջ պետք է անպայման ներգրավել անչափահասներին, դե այսինքնՙ երեխաներին: Ըստ տեսության, երբ անչափահասը մտնում է փողոցային պայքարի մեջ, նրա ծնողը նույնպես գալիս է, տատիկն ու պապիկը նույնպես գալիս են, հորեղբայրն ու քեռին նույնպես գալիս են, հորաքույրների ու մորաքույրների մասին էլ չասեմ: Մի խոսքովՙ փողոցում պայքարող երեխան փողոցում պայքարող գերդաստան է: Բացի այդ, պայքարող երեխային բերման ենթարկելը ե՛ւ հոգեբանական, ե՛ւ իրավական դժվարություններ ունի, այնպես որՙ հեղափոխությունն սկսում են երեխաները:

Հետո՞: Հետո երեխաները հաղթում են, երեխաները միշտ են հաղթում, քանի դեռ Աստված չի որոշել, որ երեխաներն են իրենց հայրերին ու մայրերին ծնում: Իսկ վերջում տեղի է ունենում ամենաուշագրավը. հեղափոխությունն առաջնորդած երեխաներ դառնում են պետական պաշտոնյաներՙ կորսված մանկությամբ:

Ես չգիտեմ, թե ինչ են սովորել երեւանյան դասից ԱՊՀ ակտիվիստները, բայց գիտեմ, որ նրանց մեծ մասը իրենց հայրենիքներում չեն ապրում:

Ինձ թվում է, որ հեղափոխություն անել սովորելուց առաջ պետք է սովորել ապրել հայրենիքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ