RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ԱՆՑՅԱԼԻՑ` ԱՅՍՕՐ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության գծով փորձագետ

3-րդ մաս

Թուրք հասարակության համար, որի ճնշող մեծամասնության կրթության եւ դաստիարակության հիմքում ընկած է ազգայնամոլությունը, աղավաղված պատմությունը «պանթուրքիզմի գաղափարախոսությունը», որին անընդհատ ներշնչվում է Օսմանյան կայսրության («Մեծ Թուրանի») վերականգնման անհրաժեշտությունը, որն առաջնորդվում է փաշա Ահմեդ Դավութօղլիի (նախկին արտգործնախարար, վարչապետ) «Ռազմավարական խորություն» գրքով («Strategic Derinlik», լույս է տեսել 2002 թ.), ըստ որի Թուրքիային անհրաժեշտ է մշտական թշնամիների կերպար: Եվ ահա, այդ կերպարի կերտմամբ ակտիվորեն զբաղվել եւ զբաղվում են Թուրքիայի ազգայնամոլական ուժերը, Գլխավոր շտաբի համապատասխան զինվորական շրջանակները եւ իհարկեՙ հետախուզության համապատասխան ստորաբաժանումները:

Թշնամու կերպար` ի դեմս քրդերի, հայերի, հույների, կիպրոսցի հույների:

Իհարկե հայերի թշնամական կերպարը կերտելիս «ավագ եղբայրներին» մեծ աջակցություն են ցույց տալիս կրտսեր եղբայրները` ազերիները:

Քրդերը հիմնականում սուննի մահմեդականներ են (կան եւ շիա քրդեր), բնակվում են հիմնականում Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում: Քրդերը շատ վաղուց դարձել են գործիք ուժային կենտրոնների ձեռքերում` ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Այդ հանգամանքը հատկապես ուժեղացել է «Արաբական գարունը» սկսվելուց հետո:

Թուրքերը հայերի հարցը լուծելուց հետո ձեռնամուխ են եղել նաեւ քրդերի բնաջնջման քաղաքականությանը` հիմնականում պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքում: Այնտեղ բնակվում են 20 միլիոնից ավելի քրդեր, նրանք նույնիսկ ներկայացված են թուրքական խորհրդարանում:

Փաստորեն Թուրքիայում գոյություն ունի «քրդական հարց», որը ժամանակակից թուրք իշխանությունների համար դառնում է պրոբլեմատիկ, չնայած ընդհանուր առմամբ այն վերահսկելի է ուժային կառույցների եւ հատկապես հետախուզության համար:

Քրդերի երազանքն է ունենալ իրենց անկախ պետությունը վերոնշյալ երկրների շրջանակում:

2017 թ.-ին Հյուսիսային Իրաքում (Քիրքուքում) փորձ արվեց հանրաքվեի միջոցով ստեղծել քրդական պետություն: Նրանք նույնիսկ հայտարարեցին իրենց այդ իրավունքի մասին:

Այս առումով քրդերն ունեին եւ ունեն ԱՄՆ եւ Իսրայելի իշխանությունների (հատկապես հետախուզությունների) լրիվ աջակցությունը, սակայն փորձը չհաջողվեց: Եթե դրան կողմ էին ԱՄՆ -ը եւ Իսրայելը, ապա դեմ էին Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի օրինական իշխանությունները: Իսկ Ռուսաստանը, որը կարող էր վճռական դերակատարում ունենալ այդ հարցում (հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ խորհրդային տարիներից քրդերը լուրջ աջակցություն ունեին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեից) շատ արագ չեզոք դիրք բռնեց եւ չպաշտպանեց քրդերին: Բայց քրդերի ձախողման հիմնական պատճառն այն էր, որ նրանք միասնական եւ կազմակերպված չեն գործել, ապաշնորհ են պետություն կերտելու գործում, գործող կուսակցությունները եւ զինված խմբավորումները դժվար են կողմնորոշվում եւ ընկնում են տարբեր ուժային կենտրոնների ազդեցության տակ, գործում են այդ կենտրոնների որոշումներով, չնայած պետք է խոստովանել, որ քրդերը լավ կռվողներ են: Նրանց մասնատելու եւ տարբեր կողմնորոշումների մեջ գցելու գործում մեծ, շատ մեծ դերակատարում ունի Թուրքիայի հետախուզությունը:

Եվ այսպես, քրդական հարցը մեծ ծանրությամբ բեռ է թուրք իշխանությունների համար, հետեւաբար լուրջ թիրախ է հետախուզության համար: Քրդական անջատողականների դեմ պայքարի (կամ ավելի լավ է ասենք պատերազմի) համար Թուրքիան տարեկան ծախսում է մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար (դա մինչեւ սիրիական պատերազմը, իսկ հիմա հաստատ ավելի շատ): Քուրդ ապստամբների դեմ Թուրքիայի զինված ուժերը անցկացնում են լայնամասշտաբ զինվորական գործողություններ ինչպես իրենց, այնպես էլ Իրաքի եւ Սիրիայի տարածքմներում:

Անջատողական քրդերի մեջ աչքի է ընկնում 1978 թ. ստեղծված Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ)` Աբդուլլահ Օջալանի («Ապոյի») գլխավորությամբ:

Քրդական բանվորական կուսակցության մարտիկները կուսակցության ռազմական թեւ ընդունվելիս, տալիս էին հետեւյալ երդումը.

«Ես հավատարմության երդում եմ տալիս կուսակցության, առաջնորդի եւ բոլոր այն հերոսների առջեւ, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն Քուրդիստանի հեղափոխության, ինչպես նաեւ աշխարհի բոլոր այն զոհված հերոսների, որոնք կյանքը տվել են հեղափոխական պայքարին: Ես երդվում եմ աշխարհի ողջ մարդկության առջեւ, քուրդ ժողովրդի առջեւ, բոլոր այն ընկերներիս առջեւ, որոնք չեն խնայել իրենց կյանքը Քուրդիստանի համար :

Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ...»

Ոչ ոք ճշգրիտ վիճակագրություն չունի, թե անցած 41 տարում, այս չհայտարարված պատերազմի ընթացքում, ինչքան թուրք եւ ինչքան քուրդ են զոհվել (մոտավոր հաշվարկներով քառասուն հազար հոգուց ավելի):

Քրդական հարցը ինչ-որ փուլում, զուտ ռազմա-ահաբեկչական շրջանակներից դուրս է եկել եւ մտել քաղաքական փուլ եւ հարցը միջազգայնացվել է, սակայն պատերազմը մինչեւ այսօր չի ավարտվել:

1999 թ. փետրվարի 15-ին. «Ապոն» հայտնաբերվեց եւ ձերբակալվեց Քենիայում, այնուհետեւ տեղափոխվեց Իմրուլու կղզու բանտ (Թուրքիա, Մարմարա ծով): Նրա գտնվելու վայրը հայտնաբերեց իսրայելական հետախուզությունը` «Մոսսադը» (այն ժամանակ գոյություն ունեին ջերմ հարաբերություններ եւ ամուր համագործակցություն երկու պետությունների, ինչպես նաեւ«Մոսսադի» եւ Թուրքիայի հետախուզության` MIT-ի միջեւ): «Ապոյի» տեղը հայտնաբերվել էր բջջային հեռախոսից օգտվելու հետեւանքով: Նա փորձում էր հեռախոսով ղեկավարել ՔԲԿ-ն:

Թուրքիայի գլխավոր դատախազ Սեւդեր Վոլկանը 139 էջանոց մեղադրական ակտ ներկայացրեց Պետական անվտանգության դատարան (տրիբունալ), որը ղեկավարվում էր 1 ռազմական եւ 2 քաղաքացիական դատավորների կողմից: Մեղադրական ակտը պահանջում էր «քուրդ ահաբեկիչ եւ սեպարատիստ» Աբդուլլահ Օջալանի համար մահապատիժ:

Ապոն ողջ է, նա դատապարտվել է ցմահ բանտարկության, նրա հետ հաճախ հանդիպում եւ բանակցում են թուրք պետական պաշտոնյաները` բանտային պայմաններում: Երբեմն հանդիպումներից հետո, «Ապոն» հայտարարություններ է անում եւ դիմում իր քուրդ մարտակից ընկերներին եւ զինակիցներին` վերջ տալ խնդրի ռազմական լուծմանը եւ սկսել խաղաղ բանակցություններ:

Հաճախ «Ապոյի» հետ հանդիպում է MIT-ի նոր ղեկավարը` Հաքան Ֆիդանը : Մինչ «Ապոյի» հայտնաբերումը Քենիայում լուրեր էին տարածվել, որ նա թաքստոց է գտել Հայաստանում, հետո ԼՂՀ-ում, հետո ավելի կոնկրետՙ թուրքական մամուլում նշվում էր Լաչինի շրջանը: Թուրքական հետախուզությունը եւ դրա գործակալները ակտիվորեն փնտրում էին նրան մեր տարածքում:

Որոնողական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին MIT- ի գործակալները:

Մեծ ջանքեր պահանջվեցին Հայաստանի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներից, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցվի, որ Հայաստանի պետական մարմինները չեն համագործակցում քուրդ անջատողականների հետ:

Շարունակելի 3 եւ վերջը հաջորդիվՙ «Ռազմավարական խորություն»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ