RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1651, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ՄԻԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վերջերս երկու վրդովեցնող իրադարձություններ տեղի ունեցան, գրեթե միաժամանակ, որոնց միջազգային հանրությունը արձագանքեց բոլորովին տարբեր, իրար հակասող կերպով:

Առաջինը Ֆրանսիայում կատարվեց: Նացիստական ոճի մակագրություններով (graffiti) սրբապղծվեց հրեական մի գերեզմանատուն: Նախագահ Էմանուել Մակրոնն անմիջապես արձագանքեց հանցագործության վայրն այցելելովՙ պարզելու համար վանդալիզմի էությունը եւ հաջորդ օրը Փարիզում եւ այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան հակա-սեմիտիզմի դեմ բողոքելու համար:

Հակա-սեմիտիզմը, իրոք, Ֆրանսիայում եւ եվրոպական մի շարք այլ երկրներում աճ է արձանագրում, սրելով անհանդուրժողականության վախի մթնոլորտը, որը տարիներ առաջ թեւածում էր ամբողջ Եվրոպայումՙ հատկապես Գերմանիայում իշխանությունը նացիստների ձեռքն անցնելուց հետո:

Երկրորդը Թուրքիայում կատարվեց: Դա հայերի դեմ շարունակվող վանդալիզմի հերթական գործողությունն էր, որն այդպես էլ չհուզեց միջազգային լրատվամիջոցներին:

Ֆրանսիայում կատարվածի նկատմամբ ցուցաբերված արձագանքն արդարացված էր, մինչդեռ այլ փոքրամասնությունների դեմ կատարվածի նկատմամբ անտարբերությունը անհասկանալի կամ դժվար բացատրելի է: Ի դեպ, տեղին է այստեղ հիշատակել ֆրանսիական կառավարության ընդունած «Loi Gaysot» օրենքը, որ հրեական Հոլոքոսթի ժխտումը պատժելի է համարում, մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ մի օրենք 2012-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից մերժվեցՙ խոսքի ազատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ:

Նման երկակի ստանդարտները, անտարակույս, ձեռնտու են դեմագոգներին եւ ռասիստներին, որոնք կարող են անարգել որոշ փոքրամասնությունների (ներառյալ հայերի) իրավունքները, վիրավորել ու հետապնդել նրանց եւ անպատիժ մնալ:

Թուրքիայում բարբարոսները իրենց ատելության թիրախ են դարձրել ոչ միայն հայկական գերեզմանատները, այլեւ Ստամբուլում գործող հայկական եկեղեցիները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հայոց Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատերին հայտնվել էր «Ձեր վերջը եկել է» մակագրությունը: Դրանից առաջ Զեինլինկ շրջանի հայոց Սուրբ Աստվածածին եկեղեցին էր վանդալիզմի թիրախ դարձել, իսկ 2018-ին Սուրբ Թագավոր եկեղեցին էր արժանացել «Այս հողը մերն է» ատելություն սերմանող մակագրության: 2016-ին Բոմոնտի հայկական Մխիթարյան վարժարանն էր արժանացել նույն ճակատագրին: Իսկ մի քանի տարի առաջ Քում Քափուի հայոց պատրիարքարանը ռումբի սպառնալիքի թիրախ էր դարձել:

Հայ համայնքը ստիպված է կրել այս բոլոր ստորացումները փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող պետական քաղաքականության պատճառով: Պետության հովանավորությունը վայելող այդ ատելության քաղաքականությունն էր, որ 2007-ին զգետնեց հայազգի լրագրող Հրանտ Դինքին:

Երբ թուրքերը նշում են, որ «այս հողը մերն է», նրանք անգիտակցաբար, բայց բնազդորեն հասկացնում են, որ կասկածներ ունեն այդ հողի իրենց պատկանելիության վերաբերյալ: Թուրք կամ օսմանյան ղեկավարներից շատերին զավթիչներ եւ քաղաքակրթությունների կործանիչներ բնորոշելը բոլորովին ռասիստական չէ, այլ իրական փաստերի հիման վրա կատարված պնդում: Նրանք գրավել են Փոքր Ասիան, կործանել հունական եւ հայկական քաղաքակրթությունը, ցեղասպանություններ կատարել, իսկ հիմա էլ հավատացած են, որ ժամանակն է մեզ վերջնագիր ներկայացնելու «Ձեր վերջը եկել է» մակագրությամբ:

Եթե Էրդողանի Թուրքիան անձ լիներ, մենք հավանաբար «այս հողը մերն է» արտահայտությունը լեզվի ֆրեյդյան սայթաքում կբնորոշեինք:

Երբ թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն իր ձայնն է բարձրացնում ընդդեմ ատելության ուղերձների, նրան փոխանակ պաշտպանելու կամ գովաբանելու, սպառնում են զրկել անձեռնմխելիությունից եւ բանտ նստեցնել: Փայլանը համարձակություն էր ունեցել ասելու. «Ատելության հողի վրա հանցագործություն է կատարվել Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու նկատմամբ: Նման հանցագործություններ հայկական եկեղեցիների եւ հրեական սինագոգների դեմ տարիներ շարունակ կրկնվում են բազմաթիվ անգամներ :

Ոչ միայն այդ հանցագործությունների ետեւում կանգնած ուժերը պետք է բացահայտվեն, այլեւ ընդհանրապես վերջ պետք է տալ ատելություն սերմանող քաղաքականությանը» :

Այս հանցագործությունները չեն կարող դիտարկվել որպես մի քաղաքականության չծրագրավորված հետեւանքներ, որովհետեւ հենց նման քաղաքականությունն է, որ ատելություն է հրահրում Թուրքիայում ապրող փոքրամասնությունների հանդեպ: Հենց այս րոպեին Էրդողանի վարչակազմը պատերազմ է մղում քրդերիՙ երկրի բնակչության մեկ քառորդի դեմ: Հրանտ Դինքը այդ նույն քաղաքականության զոհն էր: Միեւնույն քաղաքականության դրսեւորումներից է նաեւ այն հանգամանքը, որ պետական պաշտոնյաները իրենց զայրույթն են արտահայտում երկրում աշխատող հայ ներգաղթյալների դեմ: Այս անգամ, Էրդողանի AKP կուսակցության համախոհ աջակողմյան մի կուսակցություն է, որ պահանջում է 10-ից 30 հազար աշխատող ներգաղթյալների արտաքսումը: «Մեծ միություն» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեստիչին կառավարությանը խնդրել է արտաքսել այդ մարդկանց, ասելով. «Երկրում 100.000 հայեր են եկել Հայաստանից, որոնք ապօրինաբար իրենց ստամոքսներն են ուռճացնում: Մենք պետք է արտաքսենք նրանց: Ինչո՞ւ ենք թողնում, որ մնան»:

Նախ պետք է ասել, որ նշված թիվը չափազանցություն է: Երկրորդ, գոյություն ունի գործնական պատճառՙ լեզուն: Այդ մարդիկ հիմնականում աշխատում են տեղացի հայերի մոտ: Բոլորովին անտեսվում է նաեւ այն, որ թուրքերը մի ամբողջ պատմական Հայաստան են ոչնչացրել եւ իրենց ստամոքսները ուռճացրել թալանելով հայերի թողած ժառանգությունը:

Կարեւոր է նաեւ նշել, որ սպառնալիքը միայն ծայրահեղ աջակողմյանների կողմից չի հնչում: Նրանցից առաջ վարչապետներ Թուրգուտ Օզալն ու Թանսու Չիլլերը հանդես են եկել նմանօրինակ սպառնալիքներով, մինչ Էրդողանը անուղղակի ակնարկներով հասկացրել է, որ թուրքական պետությունը այնպիսի «մարդասիրական» կառույց է, որ պատժամիջոցներ չի ձեռնարկում «օրինախախտ» հայերի դեմ:

Մուսթաֆա Դեստիչին փորձում է վրեժ լուծել հայերից, որովհետեւ չի կարողանում մարսել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ այսուհետ ապրիլի քսանչորսը կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր:

Թուրքիայի կառավարությունը մկան եւ կատվի քաղաքականություն է վարում իր երկրի փոքրամասնությունների հետՙ մոլորեցնելու համար Եվրոմիությունը: Հատկանշական է Կարինի (Էրզրում) Սանասարյան կալվածի պարագան, որն առգրավված էր հայկական համայնքից: Բեմականացված դատավարությունից հետո այն համայնքին վերադարձվեց վերջերս, բայց անմիջապես նորից առգրավվեց անհասկանալի պատճառաբանությամբ:

Թուրքիայի ղեկավարները եվրոպացիներին միամիտ անձնավորություններ են համարում, որոնք ի վիճակի չեն հայտնաբերելու իրենց խորամանկությունները: Բայց արձանագրենք, որ Եվրոմիությունը վերջերս դադարեցրեց Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Թուրքերն ու ադրբեջանցիները երկարամյա արմատացած մտահոգություններ ունեն կապված պատմության ծանր դատաստանի հետ, քանի որ զբաղեցրել են բնիկ ժողովուրդների տարածքները եւ օրերից մի օր կարող են ստիպված լինել հաշիվ տալ:

Ահա այստեղ է, որ Սեւրի սինդրոմը գործում է: Եվ ահա, թե ինչու նրանք ժամանակի դեմ են պայքարում փորձելով վերացնել այդ տարածքներում հայկական ներկայության եւ քաղաքակրթության ամեն մի հետք, միաժամանակ հորինելով պատմություններ, թե իբր իրենց նախնիներից սելջուկ թուրքերն են ապրել Անադոլյան բարձրավանդակում եւ քրիստոնյա ալբանացիներՙ Ղարաբաղում եւ Նախիջեւանում:

Նախքան համաշխարհային Առաջին պատերազմը 2538 եկեղեցիներ եւ 451 վանքեր կային Թուրքիայում: Դրանք կա՛մ ամբողջովին ավերվել են, կա՛մ վերածվել ախոռների, թանգարանների, պահեստարանների կամ կինոթատրոնների:

«Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքում Լորի Մարշանժն ու Գիյոմ Պերիեն (Turkey and the Armenian Ghost, by Laure Marchange and Guillaume Perrier) գրում են. «Քանի որ հայերի կրոնական ժառանգությունը ամենաուժեղ արտահայտությունն էր իրենց նախնիների արմատների, այն դարձավ նվաճողների գլխավոր թիրախը: Թվերի լեզվով եթե արտահայտվենք, կտեսնենք, որ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ստվերում է մեր ժամանակների ադրբեջանական բարբարոսությունները Նախիջեւանում»:

Պատմաբան, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը միայնակ փաստագրել է Ղարաբաղի եւ Նախիջեւանի գրեթե բոլոր ճարտարապետական հուշարձանները, հրատարակել ավելի քան 200 գիտական աշխատություններ եւ 40 գրքեր դրանց մասին: Մինչ օրս, Հայաստանի իրարահաջորդ իշխանություններից եւ ոչ մեկը պատշաճ ուշադրություն եւ պաշտպանություն չի ցուցաբերել նրան եւ նրա հետաքրքրությունների թեմային: Ժամանակն է մի փոքրիկ գաղտնիք բացել այստեղ: Խորհրդային Միության փլուզումից առաջ, Այվազյանը դիմեց ինձ Մանուկյան մշակութային հիմնադրամումՙ տեղեկացնելու, որ Կովկասում ակնկալվում են կարեւոր իրադարձություններ, ուստի անհրաժեշտ է վավերագրական փաստեր հավաքել Ղարաբաղի եւ Նախիջեւանի հուշարձանների վերաբերյալ: Նախնական գումարը ստանալուց հետո, նա օտարազգի մի ֆոտոլրագրողի վարձեց, որպեսզի նկարի այդ բոլոր հուշարձանները:

Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում հայերին թույլատրված չէր Նախիջեւան գնալ: Ազերիներին հաջողվել էր այնտեղից արտաքսել մնացած հայ բնակչությանը: Նախիջեւանում Այվազյանը կարողացել էր փաստավավերագրել 89 հայկական եկեղեցիներ, 5840 զարդանախշված խաչքարեր եւ 22 հազար հորիզոնական տապանաքարեր: Բոլոր խաչքարերը ոչնչացվեցին 2005-ին Ադրբեջանի կառավարության թելադրանքով: ՅՈՒՆԵՍԿՕ -ին ուղղված բոլոր բողոքները մնացին անարձագանք: Հետագայում պարզվեց, որ երբ ԱՄՆ-ն դադարեցրել էր իր ֆինանսական աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Ադրբեջանն էր հինգ միլիոն դոլար նվիրել այդ կառույցին, որն էլ իր հերթին անմիջապես Ադրբեջանին ճանաչել էր «հանդուրժողականության երկիր»: Ինչպիսի՜ զավեշտախաղ:

Նահատակված հայերի ուրվականները հավիտյանս հետապնդելու են թուրքերին եւ ադրբեջանցիներին, որոնք շարունակելու են իրենց ոչնչացման եւ ժխտողականության քաղաքականությունըՙ խուսափելու համար պատմության ահեղ դատաստանից:

Ատելության հողի վրա Թուրքիայում գործադրված հանցագործությունները սառցալեռան միայն տեսանելի կատարն են: Մնացածը մակերեսի ներքեւում է, պատմության օվկիանոսի հատակում:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ