RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 827, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՄԵԾ ԽԱՂ Է ՍԿՍՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

5 միլիարդանոց վարկ Իրանին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանից 5 մլրդ դոլարի հերթական վարկը ստանալու նախագծին: Այդ գումարը Իրանի կառավարության եկամուտների աղբյուր պետք է դառնա մարտի 21-ին սկսվող ֆինանսական տարվա համար: Թեհրանը Մոսկվայից վարկ է խնդրում 2013 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ, սակայն բանը դեռ չի հասել պարտավորեցնող պայմանագրի կնքմանը: Ավելի վաղ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանն ուզում է Ռուսաստանից 7 մլրդ դոլարի չափով հավելյալ միջոցներ ստանալ: Նրա խոսքերով, երկկողմ լայնընդգրկուն հարաբերություններ ունենալու համար դա բավարար չէ, հարկավոր է ընդլայնել այդ ոլորտը:

Ընթացիկ տարվա հունվարի 18-ին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստարչակը լրագրողներին հայտնեց, որ Իրանին միջպետական վարկի հատկացմանն ուղղված բանակցությունները շարունակվում են: Բայց քանի որ Իրանի խորհրդարանն ու կառավարությունն ընդունել են համապատասխան որոշում, գործարքի կնքումը կարելի է ավարտված համարել: Հատկացվող գումարը կուղղվի ատոմային էներգետիկայի, երկաթուղային փոխադրումների, ջրամատակարարման եւ ամբարտակնեի կառուցման ոլորտներին: Ամերիկյան անչափ դաժան տնտեսական պատժամիջոցների ճնշման տակ հայտնված Իրանը վարկերի կարիք ունի սեփական ենթակառույցը զարգացնելու համար:

Սակայն գոյություն ունի մի նրբություն: «Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհուրդը նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորությամբ Պենտագոնին է դիմում Իրանին հարված հասցնելու կամ այդ երկիրը քաղաքական ցնցումների ասպարեզ դարձնելու տարբերակների քննարկման խնդրանքով», Մոսկվայի կողմից մի քանի միլիարդ դոլարի հատկացումը քաղաքական կամ աշխարհաքաղաքական կարեւոր բնույթ է ստանում, գրում է The Wall Street Journal թերթը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա ռուս-իրանական հարաբերությունները բնութագրել է որպես լավ եւ գրեթե ռազմավարական: Այսինքն դրանք դեռ ռազմավարական չեն, չնայած Սիրիայի հարցում կնքված դաշինքին: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ Իրանի ղեկավարությունում տեղի է ունենում քննարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակահարմարության առնչությամբ: Ոմանք առաջարկում են ի նպաստ Իրանի օգտագործել ռուս-ամերիկյան հակասությունները եւ որպես պահեստային տարբերակ նկատի ունենալ Վաշինգտոնի հետ միջուկային նոր համաձայնագրի կնքումը: Ի դեպ, անցյալ տարեվերջին հենց նախագահ Դոնալդ Թրամփն էր առաջարկել Իրանին ստորագրել նրա միջուկային ծրագրին վերաբերող նոր համաձայնագիր:

Տեսականորեն Թրամփը կարող էր Իրանի նկատմամբ նուրբ դիվանագիտություն վարել իր նախորդ Բարաք Օբամայի ոճով, բայց դրա փոխարեն Թրամփի վարչակազմը ընտրել է այնպիսի տարբերակ, որը նախատեսում է Իրանի անձնատրություն ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Սպիտակ տունն ակտիվորեն օգտագործում է պատժամիջոցների ռեժիմը, չնայելով նույնիսկ այն բանին, որ Եվրոպայում Ռոհանին եւ նրա վարչակազմը ընդհանուր առմամբ ընկալվում են որպես արեւմտակենտրոն, իսկ Ռուսաստանի հետ Իրանի առեւտրատնտեսկան հարաբերությունների զարգացումըՙ որպես կարեւոր առեւտրային գործընկեր Ռուսաստանի հանդեպՙ Իրանի գործնական մոտեցման արտահայտություն: Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Թեհրանին 5 մլրդանոց ռուսական վարկի հատկացումը կարելի է դիտարկել որպես այդ երկրի հանդեպ կայուն քաղաքականության դրսեւորում եւ նրա հետագա զարգացման հեռանկարների դրական գնահատում: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ դա տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում:

Ռուսաստանի եւ Իրանի փոխհարաբերություններում միմյանց լրացնող տնտեսությունների ստեղծումը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կարող է ընկալվել որպես իրենց աշխարհաքաղաքական շահերին ուղղված մարտահրավեր: Իրադարձությունների նման ընթացքը Մերձավոր Արեւելքում էլ ոչ բոլորին է դուր գալիս : Այնտեղ վախենում են, որ Մոսկվայի ու Թեհրանի փոխհարաբերություններում կարող է ի հայտ գալ նոր օպերատիվ չափում այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են Պարսից կայսրության կազմում, ապա անցել են Ռուսաստանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեռք են բերել անկախ պետականության կարգավիճակ: Բացի դրանից, անկարելի է շրջանցել վերջին տարիներին նկատվող ռուս-թուրք-իրանական մերձեցման հարցը: Ի դեպ, Թուրքիան եւս ունի կայսերական պետականության փորձ: Եթե մոտենանք պատմական տեսակետից, ապա նախկին կայսրությունների կցատեղում մշտապես ի հայտ են գալիս քաղաքական ճյուղավորումներ, լինի դա Իրաքը, Լիբիան, թե Սիրիան: Այս տեսանկյունից հասկանալի են դառնում նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Ինչպես գրում է բաքվեցի փորձագետներից մեկը, Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանի եւ «ռուսամետ Իրանի, ինչպես նաեւ ռուսամետ Հայաստանի» միջեւ: Այս կապակցությամբ Թբիլիսին փորձում է ճեղքում կատարել դեպի Եվրոպա, իսկ Բաքուն իր բազմավեկտոր քաղաքականությանն ավելացնում է «ազգային շահեր», որոնց աշխարհաքաղաքական ուղղվածությունն առայժմ մնում է անորոշ: Պատճառը թերեւս այն է, որ ռուս-իրանական դաշինքը եւ ընդլայնվող առեւտրատնտեսական համագործակցությունը նոր ասպարեզ են բացում Հարավային Կովկասում (եւ ոչ միայն այնտեղ) կողմերի դիվանագիտական ջանքերի համար: Ինչպես այս կապացությամբ արձանագրում է The Washington Post թերթը, այս ամենը տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցության նվազման պայմաններում, երբ անցյալում երբեւէ մոտիկ դաշնակիցներ չեղած Ռուսաստանն ու Իրանը միավորում են ջանքերը հանուն սեփական դիրքերի ամրապնդման, իսկ Սպիտակ տունը ստիպված կլինի բացառիկ տաղանդ դրսեւորել իրադարձությունների ընթացքը փոխելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ