RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1137, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹԻԿՆՈՑԻ ԵՎ ԴԱՇՈՒՅՆԻ ԵՆԻՉԱՐԻՆԵՐԸ»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության փորձագետ

Պատահական չէ, որ Ռուսաստանի դաշնության հատուկ ծառայություններում, հատկապես Դաշնային անվտանգության ծառայությունում (ԴԱԾ) գործում է բավականին մեծ թուրքական բաժին եւ այդ ստորաբաժանման ճյուղավորումը մեծանում է ամեն տարի: ԴԱԾ-ը զբաղվում է հակահետախուզական աշխատանքով, եւ բնականաբար նրա աշխատանքային ճակատը մեծանում է ուղիղ համեմատական կարգով Թուրքիայի հետախուզության ակտիվությանը զուգընթաց: Ակտիվանում է ոչ միայն Թուրքիայի հետախուզությունը, այլեւ այդ երկրում բնակվող հյուսիս-կովկասյան եւ ղրիմ-թաթարական հայրենակցական միությունները, որոնք նույնպես սնվում եւ ակտիվանում են նրանց համար հստակ մշակվող ծրագրերի շրջանակներում: Ռուս հակահետախույզները հաճույքով են ավելացնում աստղերն իրենց ուսադիրների վրա հերթական «պանթուրքիստական դավերը» բացահայտելու համար: Ինչ խոսք, Թուրքիայի ողջ հետախուզական համաստեղությունը «աչքաթող արեց» Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունը», Ռուսաստանի հետ առճակատումը եւ արդյունքում Ղրիմի անեքսիան ՌԴ կողմից: 2014 թ. փետրվարի 18-21-ը Կիեւում Եվրոմայդանի վերջին օրերն էին, նախագահ Յանուկովիչը նույնպես իր իշխանության վերջին օրերն էր ապրում Ուկրաինայում, զոհվել էր 82 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել եւ վիրավորվել 622 մարդ: Փետրվարի 22-ին Ուկրաինայի Ռադան (խորհրդարանը) ընտրեց իր նոր ղեկավարին` Ալեքսանդր Տուրչինովին:

Ռուսաստանը, օգտվելով քաոսային իրավիճակից (իհարկե այդ ծրագրերը վաղուց էին մշակված), սկսեց արագ փոխադրել իր ռազմական կոնտինգենտը (առանց տարբերիչ նշանների եւ ուսադիրների) Ղրիմի թերակղզի: Դա մեծ դժվարություն չէր ներկայացնում, չէ՞ որ Ղրիմում տեղակայված էր ռուսական Սեւծովյան նավատորմը, եւ, բացի այդ, անմիջապես ստեղծվել էին ռուսական կոզակների կամավորական ջոկատներ:

2014 թ. մարտի 16-ին թերակղզում անցկացվեց հանրաքվե եւ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Այստեղ արդեն էական չէր, հանրաքվեն օրինակա՞ն էր, թե ոչ, արդյունքներն իրավակա՞ն էին, թե չէ:

Ունե՞ր արդյոք թուրքական հետախուզությունը այս ամենի վերաբերյալ մտավախություններ: Միաժամանակ ուներ ե՛ւ մտավախություններ, ե՛ւ տեղեկատվություն: Չէ՞ որ Ղրիմի բնակչության 13%-ը սուննի թաթարներ էին եւ, անհնար էր, որ Թուրքիայի հետախուզությունը չունենար այնտեղ օպերատիվ հնարավորություններ:

Սակայն հետախուզության մշակույթը հենց նրանում է, որ էքսկլյուզիվ տեղեկատվություն ձեռք բերելու հետ միասին ճիշտ վերլուծվեն աշխարհաքաղաքական ռեալիաները աշխարհում եւ կոնկրետ վայրերում:

Ռուսաստանն այսօր հեղեղված է թուրքական ընկերություններով եւ «Ղուրանի աշակերտներով», որոնք հաջողությամբ սողոսկել են Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտները, սկսած պետական կառավարման ոլորտներից, վերջացրած ԲՈՒՀ-երում պրոֆեսորա-դասախոսական կազմից:

Հետախուզությունները, ինչպես հայտնի է, հիմնականում օգտագործում են երկու ուղղվածության ռեզիդենտուրաներ (հետախուզական կայաններ). դեսպանատների «ծածկի» տակ եւ արտադեսպանատան, եթե իհարկե հաշվի չառնենք էլեկտրոնային, տիեզերական, ռադիոհետախուզությունը եւ այլն: Հանուն արդարության պետք է նշել, որ առաջին երկու տարբերակներում թուրքական հետախուզությունը բավականին առաջընթաց ունի եւ այդ ուղղություններում նրանից կարելի է շատ բան սովորել:

Իհարկե Ռուսաստանը Թուրքիայի հետախուզության հիմնական թիրախներից մեկն է, բայց դա չի նշանակում, թե այլ ուղղություններ եւ թիրախներ չկան: Հետախուզական աշխատանքը հնարավոր չէ հաշվարկել միայն վերլուծությամբ եւ կանխատեսումներով, դրա համար գոյություն ունի «հակահետախուզություն» հասկացությունը, որի հիմնական խնդիրն է հաշվարկել իր կողմից պահպանվող օբյեկտի, գերատեսչության, պետության խոցելի կետերը եւ կանխարգելել հակառակորդի հետախուզության ներթափանցումը այդ կետեր:

Փորձենք դիտարկել ինչ հետաքրքրություններ կարող է ունենալ Թուրքիայի հետախուզությունը Հայաստանի հանդեպ.

- օպերատիվ-քաղաքական տեղեկատվության հավաքում,

- քաղաքական եւ տնտեսական իրավիճակի զարգացումներ,

- տեղեկատվություն զինված ուժերի, դիվանագիտական կազմի,

հատուկ ծառայությունների վերաբերյալ,

- ինչ նոր ուժեր կարող են գալ իշխանության,

- ով կարող էր փոխարինել Սերժ Սարգսյանին,

- որ հերթական պետությունն է սկսել ուսումնասիրել 1915 թվականի

Ցեղասպանության հարցը եւ ինչ որոշումներ կարող են կայացվել

այդ ուղղությամբ: Խանգարել այդ զարգացումներին,

- ինչ նոր բարձր տեխնոլոգիաներ են մշակվում Հայաստանում,

- ղարաբաղյան հիմնահարցը,

- հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը եւ այդ

ուղղությամբ Ադրբեջանին ռեալ ռազմա-քաղաքական օգնության

ցուցաբերում եւ հետախուզական տեղեկատվության

տրամադրում:

Այս հարցերի շարանը կարելի է մեծացնել, սակայն չի կարելի բաց թողնել ամենակարեւորը` հայ-ռուսական հարաբերությունները: Չէ՞ որ Հայաստանն ինքնին լինելով փոքր երկիր, փոքր մարդկային եւ տնտեսական ռեսուրսներով, ոչ միայն ուժային կառույցներով չի կարող լուրջ ռազմական վտանգ ներկայացնել 80 միլիոն բնակչությամբ, մեկ միլիոնանոց զինված ուժերով եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար: Սակայն Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով, լուրջ պլացդարմ է Ռուսաստանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների համար,միասնական, ուժեղ, կոնսոլիդացված Հայաստանը եւ հայկական Սփյուռքը լուրջ խոչընդոտ է «Մեծ Թուրանի» եւ պանթուրքիստական գաղափարախոսության աշխարհաքաղաքանության դեմ:

Ահա թե ինչ ուղղությամբ է աշխատում Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) եւ ռազմական հետախուզության Սեւծովյան գոտու դեպարտամենտը: Իմիջիայլոց, հենց այդ դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումներն են աշխատում Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ուղղություններով, կուտակում, վերլուծում եւ պատրաստում տեղեկատվություն արտաքին քաղաքական կոնցեպցիաներ (տեսլականներ) մշակելու համար:

Հետախուզական կետեր են աշխատում նաեւ սահմանային հսկիչ-անցագրային կետերում (ՀԱԿ) Թուրքիայի վիլայեթներում, տարբեր քաղաքներում, մարզերում, բոլոր այն վայրերում, ուր այցելում են զբոսաշրջիկները, առեւտրականները, բիզնեսմենները, գիտնականները, քաղաքական գործիչները (հետախուզական այդ «մաղով» են անցնում նաեւ հայ զբոսաշրջիկներն ու առեւտրականները):

Շարունակելի 2-րդ, հաջորդիվՙ «Լրտեսական գայթակղություններ»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ