RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 604, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՆՇՈՒՅԼՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

«Գազպրոմը», ճանապարհները եւ Բաքուն

Օրերս, երբ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլիան հայտարարեց, որ Թբիլիսին ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններ է սկսել Վրաստանով դեպի Հայաստան գազի տարանցման նոր պայմանագրի պայմանները որոշելու նպատակով, դրանում արտասովոր ոչինչ չկար:

Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր անցյալ տարեվերջին: Մինչեւ 2017 թվականը Վրաստանը որպես տարանցման վճար ստանում էր Հայաստան առաքվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10%-ը: Այն ժամանակ դա ձեռնտու էր Թբիլիսիին: Նրա գազի պահանջմունքը լիովին բավարարում էր Ադրբեջանը: Ավելին, Վրաստանը միակ տարանցիկ երկիրն է, որի տարածքում ստեղծված է Ադրբեջանի հիմնական էներգետիկ ենթակառույցըՙ Բաքու-Սուփսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղները, Հարավային գազային միջանցքը: Դա զգալի շահաբաժիններ է բերում վրացիներին, ուրիշ էլ ի՞նչ է պետք: Սակայն նախարար Քոբուլիան կարեւոր ճշգրտում կատարեցՙ հայտարարելով, որ Վրաստանը մատակարարումների բազմազանության նպատակով կգնի ռուսական գազ, եւ որ Ռուսաստանի հետ պայմանագիր կստորագրվի հավանաբար փետրվարի վերջերին: Թեեւ անցյալում հաճախ ասում էին, թե Թբիլիսիին պետք չէ ռուսական գազ, քանի որ ադրբեջանականը լիուլի բավարարում է:

Եվ հանկարծ տեղական լրատվամիջոցներում հայտնվում են վրացի փորձագետների դատողություններն այն մասին, որ «ռուսական գազը որակով գերազանցում է ադրբեջանականին», եւ որ «Գազպրոմի» առաջարկած գներն էլ համադրելի են ադրբեջանականների հետ (որոշ տեղեկությունների համաձայն, Վրաստանի համար ադրբեջանական գազի 1000 խորանարդ մետրի գինը կազմում է շուրջ 110 դոլար): Կարելի է հետեւություն անել. Թբիլիսին, ինչպես եղել է անցյալում, Բաքվի հետ խաղարկում է ռուսական խաղաքարտըՙ փորձելով իջեցնել ադրբեջանական գազի մատակարարման սակագները:

Սկզբունքորեն, այդ խնդիրը կարելի է լուծել տեխնիկական բանակցությունների միջոցով: Վրացի փորձագետները բերում են հետեւյալ տվյալները. Ռուսաստանից Վրաստանի ստանալիք գազի 20 տոկոսը կամ 400 մլն խորանարդ մետրը «չնչին քանակություն է եւ չի կարող եղանակ ստեղծել վրացական շուկայում, եւ դա չպետք է մտահոգի Ադրբեջանին»: Սակայն Բաքվում, չգիտես ինչու, սկսեցին նյարդայնանալՙ ըստ երեւույթին կասկածելով, որ գազի մատակարարումները բազմազանեցնելու Վրաստանի մտադրության հետեւում, այնուամենայնիվ, թաքնված է «մեծ քաղաքականությունը»:

Բանն այն է, որ չնայած Թբիլիսիի ու Անկարայի հետ համաձայնությանը, այդպես էլ չի հաջողվել վրացական ուղղությամբ շրջափակել Հայաստանը, ինչպես նաեւ փակել Հայաստանն Իրանին կապող «կյանքի ճանապարհը»: Վերջինս, հավանաբար, կշարունակի գործել ի հեճուկս ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ճնշմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ստեղծվում է հետաքրքրական աշխարհաքաղաքական իրադրություն: Եվրոմիությունը ոչ միայն չմիացավ Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին, այլեւ հովանավորում է Վրաստանին, օժանդակում է էներգառեսուրսները բազմազանեցնելու նրա ջանքերին: Իսկ Վրաստանի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլու հաղթանակից հետո Բաքվում զգացին, որ կորցնում են վերահսկողությունը այդ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Ադրբեջանը նույնիսկ սկսեց խոսել Վրաստանի «գազային դավաճանության» մասին, մինչդեռ ինքը «ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»:

Բացի դրանից, «Գելա Վասաձեի հետ մեծ խաղ» հաղորդման հեռուստաեթերում ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը պատմեց, որ «Վրաստանի հետ հարաբերություններում բավական հաճախ այնպես է ստացվում, որ Ադրբեջանը խոսակից չի ունենում, իսկ Վրաստանի հանրային կարծիքի մեջ գերիշխող է դարձել այն միտքը, թե երկիրը գրեթե մեկ քայլի վրա է Եվրոպայից, մինչդեռ Ադրբեջանը չի շտապում այնտեղ», ուստի իրենց ճանապարհները տարբեր են: Պատգամավորի խոսքերով, Բաքուն պատճառ չի տեսնում, որպեսզի Վրաստանը բացի Գալիի միջանցքը: Խոսքը տվյալ դեպքում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով Վրաստանից դեպի Ռուսաստան նոր անցակետերի բացման պայմաններին առնչվող նոր պայմանագրի նախապատրաստման մասին է: Մուսաբեկովը շարունակում է. «Անշուշտ, մենք սկսում ենք խորհել Վրաստանի ներկայիս ղեկավարության քաղաքական նպատակների մասին: Թե որքանով չեն համընկնում մեր տեսակետները տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերաբերյալ. մենք դա պետք է հստակորեն հասկանանք, որպեսզի կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը»:

Մուսաբեկովը մեկն է ադրբեջանցի հայտնի քաղաքագետներից, որոնք նրբորեն զգում են տարածաշրջանի քաղաքական իրադրությունը եւ ամրագրում աշխարհաքաղաքական լայն գործընթացների հետ կապված նոր գործոնների հայտնվելը: Խնդիրն այն չէ, որ Թբիլիսին պատրաստվում է ընտրություն կատարել հօգուտ Մոսկվայի, այլ այն, որ նա սկսել է ակտիվորեն տեղաշարժվել քրիստոնեական Եվրոպայի կողմը եւ Ադրբեջանի հանդեպ դրսեւորել «ռացիոնալ եսասիրություն», որը Բաքվում ընկալվում է քաղաքական ենթատեքստով: Ըստ տրամաբանության, Վրաստանի նոր նախագահը իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետք է կատարեր դեպի Ադրբեջան: Բայց նա մեկնեց Եվրոպա, ինչը, Մուսաբեկովի կարծիքով, վկայում է, որ «պետությունների ղեկավարների անձնական ու վստահական շփումը կորսված է, այն առանձնապես հավանություն չի գտնում նախարարների միջավայրում, եւ այդ հանգամանքները ավելի մեծ դրամատիզմ են հաղորդում իրադարձություններին»:

Ի՞նչ կլինի հետագայում: Ադրբեջանի իշխանություններն առայժմ սպասողական վիճակում են: Ի դեպ, արդեն Վրաստանի նախագահական ընտրությունների նախօրեին Բաքվի Haqqin.az կայքը կոչ էր անում Զուրաբիշվիլու հաղթանակի եւ Վրաստանում հակաադրբեջանական ընդդիմության ստեղծման դեպքում Սաակաշվիլու կողմնակիցներին հնարավորություն տալ Ադրբեջանում ստեղծելու արդյունավետորեն ձեւավորված կառույցներ, հենակետեր հենց վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում: Այնպես, որ Բաքուն կարող է մոտ ժամանակներս Վրաստանում գործի դնել իր քաղաքական լծակները, այնտեղ աշխուժացնել քաղաքական ընդդիմության գործունեությունը, որպեսզի ներգործի իրադարձությունների ընթացքի վրա: Սակայն արդյունքի հասնելը դյուրին չի լինի տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական վերակողմնորոշումների պատճառով, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Թուրքիան թաղվել-մնացել է մերձավորարեւելյան ճգնաժամի մեջ եւ դժվար թե կարողանա ազդել Հարավային Կովկասի իրադրության վրա: Իրանը չի խաղա Ադրբեջանի կողմից: Մոսկվային մասնակից դարձնել նույնպես չի հաջողվի. Բաքուն բաց է թողել հարմար պահը: Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու Վրաստանի ձգտումը վաղ թե ուշ կհանգեցնի խճուղային եւ երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման միջոցով Հայաստանի հետ նրա գործընկերության ընդլայնմանը:

Ըստ որում, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը կմղվեն երկրորդ պլան, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանին քաշում են այնտեղ, որտեղ նա արդեն մեկ անգամ եղել էՙ դեպի Մերձավոր Արեւելքի իսլամ: Մինչդեռ Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա: Ինչպես ասում է վրացի քաղաքագետ Գեորգի Չխեիձեն , «որքան էլ գայլին կերակրես, միեւնույն է նա կդրսեւորի քրիստոնեական համերաշխություն»: Մնացյալը քաղաքական սխոլաստիկա է եւ վիճակագրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ