RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՏՈՄՍԱԿ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հ.ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գիշեր «Ազգ»ի եւ «Հայ Ձայն»ի կայքէջերով ու ֆեյսբուքով հաղորդել էինք ցավալի լուրըՙ Լուիզ Մանուկյան-Սիմոնի վախճանվելը: Գույժը ստացել էինք առաջին ձեռքից եւ տարածել անմիջապես: Ոչ ոք չուներ այն, ո՛չ Սփյուռքում, ո՛չ էլ, առավելեւս, Հայաստանում: Սպասում էինք արձագանքներինՙ որոնք ընթերցողներից էին բացառապես, շատերըՙ ցավակցական գրառումներով:

Չորեքշաբթի առավոտյան արդեն սկսվեց տեղեկության ավելի լայն շրջանառությունը, առաջին հերթին համացանցային լրատվամիջոցներով: Եվ դա բնական էրՙ նկատի ունենալով վախճանյալի մեծ վաստակը, հեղինակությունը, վավերական բարերար լինելը: Անբնականը հղում չանելն էր, լրատվության աղբյուրի անտեսումը:

Քիչ ավելի ուշ սկսեցին գործել նաեւ մեր փառապա~նծ հեռուստաալիքները, որոնք ընդհանրապես սովորություն չունեն հղումներ անելու եւ, օրինակ, միջազգային բոլոր հեռուստաընկերություններից ողջ օրը գողանում եւ հա՛ գողանում են տեսանյութերըՙ խնամքով ջնջելով դրանց լոգոները: Այլ խոսքովՙ միամիտ հեռուստադիտողի մոտ ստեղծում են պատրանք, որ, ասենք, Կարակասից իրենց սեփական թղթակիցներն են հաղորդում վենեզվելական տագնապի վերջին զարգացումները:

Ավելորդ է ասել, որ առաջատա՜ր մեր հեռուստաընկերություններն էլ հարկ չհամարեցին նշել լրատվության աղբյուրը, դա համարելով, երեւի, իրենց հեղինակության համար վնասաբեր եւ կամ գովազդՙ տեղեկությունը հաղորդողին: Միակ բացառությունը կազմեց մեր գործընկեր «Առավոտ»-ը, հաստատելով օրինաչափությունը:

Դասագրքային ճշմարտություն է, որ հղումը, լրատվության աղբյուրի նշումը ոչ միայն պարտադիր է հեղինակային իրավունքի տեսակետից, այլեւ անհրաժեշտՙ ինքնաապահովագրման տեսակետից- հղումը տեղեկության սխալի պարագայում ազատում է լրատվամիջոցին հետագա պատասխանատվությունից:

Առաջին անգամը չէ, որ մեր թերթի նկատմամբ այսպես են վարվում մեր գործընկերները: Ամենաթարմ օրինակներից մեկը պատահեց վերջերս, վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցի ընթացքում, երբ առանց հղման ոչ միայն սեփականացրել էին Փաշինյանի պատասխանը, այլեւՙ մեր թղթակցի հարցը:

Ե՞րբ ենք քաղաքակրթվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ