RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1158, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԵՆՇԻԿՈՎԱՆ, ԴՍՏԵՐ ՀԵՏՙ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սովետական տարիներին ՎԳԻԿ-ի առաջին կուրսիՙ Լենինից ավելի կոմունիստ ուսանողներին տանում էին Ֆլորենցիաՙ էքսկուրսիայի: Բնականաբար ուսանողներին առաջին հերթին հետաքրքրում էր ոչ թե գիշերային կապիտալիստական Ֆլորենցիան, այլ քաղաքի Գեղարվեստի ակադեմիան: Պետք է նկատել, որ ուսանողներն առաջին անգամ էին մոտիկից հանդիպում արվեստի հետ, ինչը զգալովՙ խորամանկ, կապուտաչյա իտալացի գիդՙ Ջակոմոն նրանց ուղեկցում է այն սրահը, որտեղ իր ողջ պերճանքով կանգնած է Միքելանջելոյի Դավիթը: Ուսանողները սկզբում փակում են աչքերըՙ Դավթի տեսքից, բայց հետո արվեստն ու արգելված պտուղը հաղթում են: Երբ ակադեմիայից դուրս են գալիս, ուսանողուհիներից մեկըՙ ընկերուհուն ասում է. «Լսիր, դու զգացի՞ր, թե ի՞նչ մեծ էր Դավիթը»: Ընկերուհին պատասխանում է. «Ոչ միայն մեծ էր, այլեւ սառը»:

Ես գրեթե համոզված եմ, որ սովետական այս լեգենդը Հայաստանի կառավարությունում չգիտեն: Նախ, որովհետեւ կառավարության անդամներից շատերը անկախության սերունդ են եւ չգիտեն, որ մարտի են գնում միայն ծերունիները, բացի այդՙ անձամբ վարչապետն է հայտարարել, իհարկե Ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որ թանգարաններից արժեքավոր ստեղծագործությունները տարվելու են դպրոցներ եւ մոտիկից ներկայացվելու են երեխաներին: Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ սա իր ամենասիրած նախաձեռնությունն է: «Քո արվեստը» ծրագրով, ինչպես կոչվում է այս նախագիծը, դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշանով, պետավտոտեսուչների ուղեկցությամբ մեքենա, եւ երեխաները սպասում են, որ այնտեղից պետք է դուրս գան օլիգարխներ: Բայցՙ հրա՜շք, մեքենայից դուրս է բերվում, օրինակ հոլանդացի Յան Կոսսիրսի «Այծամարդու հյուրընկալումը գյուղացու մոտ» կտավը եւ երեխաները դողում են երջանկությունից: Ըստ վարչապետիՙ այսկերպ երեխաները կներարկվեն արվեստի կարեւորությամբ եւ կհասկանան, որ իրականում կան հոգեւոր ու մշակութային արժեքներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան որոշ այլ արժեքներ:

Ավելի ուշ, Ազգային պատկերասրահի փոխտնօրենն ասել է, որ արվեստի բարձր արժեքները դպրոցներ են տարվելու շատ կարճ ժամանակովՙ մասնագետների, ոստիկանների ուղեկցությամբ եւ հատուկ մեքենաներով, որոնք այսօր Հայաստանն ունի:

Թվում էՙ ամեն ինչ հրաշալի է, բայց երկու խնդիր կա: Նախ, կոնկրետ ո՞ր դպրոցներն են տարվելու արվեստի բարձր ստեղծագործությունները, միայն Երեւանի՞, թե նաեւ, ասենք Աչաջուր գյուղի: Եթե միայն Երեւանի, ապա միայն կենտրոնի՞, թե նաեւ Նուբարաշենի, որտեղ տարածված գարշահոտությունը, մեղմ ասած, համահունչ չէ օրինակ Էլիզաբեթ Վիժե-Լեբրենիՙ «Իշխանուհի Մենշիկովայի դիմանկարըՙ դստեր հետ» կտավը մոտիկից տեսնելու հետ: Եւ երկրորդ, ավելի կարեւոր խնդիրը, եթե երեխաներն այսօր սովորեն, որ Այվազովսկին, Սարյանը, Լորենցո Դի Բիչիի դպրոցի անհայտ վարպետը իրենք իրենց ոտքով են գալիս, որպեսզի իրենց տեսնեն, կմեծանան եւ մեծ դեպրեսիա կապրեն, երբ ուզենան մոտիկից արվեստ տեսնել, իսկ արվեստը հեռու կլինի, ինչը նորմալ է, երբ արվեստը բարձր է:

Մշակույթը, կտավը օլիգարխավարի դպրոց բերելը չէ, այլ երեխաներին թանգարան գնալ սովորեցնելն է, ինչն, ի դեպ, ավելի բարդ է: Բայց դժվարություններից վախենում են անճարները միայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ