RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1100, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՄՆԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ, ԹԵ ՈՎ Է ՀԱՅԸ

Հարցազրույցը վարեց ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է թեմի ամենավերջին նորությունների մասին, ապա անդրադարձել հայ համայնքում Եկեղեցու գործունեությանն ու ծրագրերին:


- Սրբազան, տեղյակ ենք, որ շուտով Մոսկվայի հայկական եկեղեցուն կից պետք է վարժարան բացվի: Գործի ընթացքը ո՞ր փուլում է:

- Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի ծնունդը մեզ համար ձեռքբերում է: Արդեն ստացել ենք պետական բոլոր համապատասխան վկայականները, արտոնությունները, լիազորություններըՙ եկեղեցական համալիրում ունենալ կրթական հաստատություն նախապատրաստականՙ 5 տարեկանից մինչեւ 11-րդ ավարտական դասարան: Մոտ ժամանակներս կհայտարարենք բաց դռների օր, որպեսզի ծնողները գան եւ ծանոթանան վարժարանի պայմաններին:

- Ովքե՞ր են սովորելու այդ դպրոցում, հատուկ ընդունակություններ ունեցող երեխանե՞րը:

- Սովորելու են այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն ուսում առնելու, սեր ունեն դեպի կրթությունը: Անշուշտ, մեզ համար կարեւոր չէՙ ունեւոր ընտանիքից է երեխան է, թե ոչ: Վարժարան ընդունվելու են ըստ իրենց մտավոր կարողությունների: Նախատեսում ենք մեկ առաջին դասարան, որտեղ կսովորի 15-ից 20 երեխա: Կգործեն 5 տարեկանների համար նախադպրոցական մեկ դասարան, 6 եւ 7 տարեկանների համար նույնպես մեկական դասարան: Ամեն տարի մեկ դասարանով կբարձրացնենք մինչեւ 11-րդ դասարան: Մեր վարժարանի առավելությունն այն է, որ հայոց լեզուն եւ գրականությունը լինելու են պարտադիր դասավանդվող առարկաներՙ բոլոր առարկաներին զուգահեռ, ոչ թե արտաժամյա:

- Բացի հայերենից եւ ռուսերենից ուրիշ ի՞նչ լեզուներ են ուսուցանվելու:

- Վարժարանում պարտադիր սովորելու են անգլերեն, բայց աշակերտների եւ ծնողների ցանկությամբ կապահովենք նախընտրելի լեզուների ուսուցումըՙ չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն: Անշուշտ, դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն, բայց մեր կրթական ծրագրում շատ կարեւորում ենք ռոբոտատեխնիկական ուղղությունը:Աստծո կամոք, հանդիսավոր բացումը նախատեսում ենք 2019 թվականի սեպտեմբերին: Եթե լիարժեք պատրաստ չլինենք, գուցե բացումը հետաձգենք մինչեւ 2020 թվականը:

- Վարժարանը լինելու է վճարովի՞:

- Մոսկվայում գործող վարժարանների հետ համեմատածՙ մեզ մոտ կլինի նվազագույն վճարում: Իսկ այն աշակերտները, որոնք կդրսեւորեն բացառիկ ունակությունններ եւ դժվարություն կունենան ուսումը շարունակելու, ապա վարժարանն իր հիմնադրամից սիրով կստանձնի այդ աշակերտների ուսման վարձը: Վճարման տարբեր ձեւաչափեր են լինելուՙ ծնողը կարող է տրամադրել 10-ց մինչեւ 50 տոկոս, մնացածը կվճարի վարժարանըՙ հոգաբարձուների խորհրդի միջոցով: Մեր նպատակն է պատրաստել շնորհալի, ուսյալ հայորդիներ, որոնք ավարտելուց հետո իրենց կրթությունը կշարունակեն բարձրագույն հաստատություններում, այն նպատակով, որ պիտի ծառայեն Մայր հայրենիքի եւ Ռուսաստանի հզորացմանը, դարավոր բարեկամության ամրապնդմանը եւ կյանքի առաջընթացին: Ոչ միայն գիտելիք պիտի տանք, այլեւ դաստիարակենք ճշմարիտ արժեքներով ապրող մարդիկ: Արդեն 10 եւ ավելի տարիներ այդ գործին է ծառայում Մոսկվայի «Հայորդյաց տունը», որտեղ սովորում են 1500-ից ավելի սան: Մոսկվայի քաղաքային իշխանությունների հետ փորձում ենք հողային հարցեր լուծել եկեղեցուն կից 120-150 երեխայի համար մանկապարտեզ բացելու նպատակով: Մանկապարտեզի անհրաժեշտություն կա ոչ միայն հայ մանուկների համար. մեր քաղաքը բազմազգ է ու բազմակրոն, մեր դռները բաց են լինելու բոլոր ցանկացողների համար:

- 2019 թվականը առատ է հոբելյաններով, ինչպե՞ս եք պատրաստվում դրանք նշել:

- Տարին մեր ազգի համար հոբելյանական է: Կազմակերպեցինք գրական երեկո Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված: Պատրաստվում ենք մեծ շուքով նշել Կոմիտաս վարդապետի եւ մեծ բանաստեղծ, մտավորական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Մեր հայագիտական բաժինը անցկացնելու է գիտաժողով եւ աշխարհի տարբեր երկրներից հրավիրելու է կոմիտասագետների, թումանյանագետների: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի Մոսկվայում կազմակերպենք ցուցահանդես եւ մեզ տրամադրեն Կոմիտասի անձնական կյանքը լուսաբանող իրեր, լուսանկարներ: Պատրաստում ենք նաեւ համերգային ծրագիր: Մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օրեր առաջ նշեց իր ծննդյան 80-ամյակը: Շնորհավորելով վարպետինՙ համաձայնություն ձեռք բերեցինք Մոսկվայում ստեղծագործական երեկո անցկացնել իր եւ իր բարեկամների մասնակցությամբ: Տարին նաեւ պատմական-հոբելյանական էՙ նշվելու է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակը եւ այդ առիթով նախատեսում ենք Խոնարհման բարձունքին մեծ մատուռ-թանգարան կառուցել:

- Համայնքում նոր եկեղեցիներ հաճա՞խ են կառուցվում:

- Այո, այսօր թեմի 15 համայնքներում ընթանում են եկեղեցաշինարարարական աշխատանքներ, դրանցից մի քանիսը, Աստծո ողորմած կամքով, այս տարի կօծենք: Սարատովում, Տամբովում, Նովոչերկասկում

Փորձում ենք հայաշատ բնակավայրերում հոգեւոր ու մշակութային արժեքների շուրջ համախբել, միավորել մեր ժողովրդի զավակներին, որպեսզի հավատարիմ մնան իրենց արմատներինՙ պահեն աստվածապարգեւ լեզուն եւ ազգային ինքնությունը: Այս օրերին փաստաթղթեր են պատրաստվում, որպեսզի Իրկուտսկ քաղաքում նույնպես ձեւավորվի եկեղեցական համայնք: Այդպիսի աշխատանք է տարվում նաեւ Տյումեն քաղաքում:

- Գրեթե երկու տասնամյակ ղեկավարում եք թեմը, այս ընթացքում ի՞նչ բարեփոխումներ եք իրականացրել:

- 18 տարի առաջ, երբ ստանձնեցի առաջնորդական այս պատասխանատվությունը, թեմի տարածքում ունեինք գործող 7 եկեղեցի, այսօր գործում է 44 եկեղեցի: Թեմն ուներ 8 հոգեւորական, այսօր ունենք 38 հոգեւորական: Թեմում գործում էր տասը կրոնական կազմակերպություն, որոնք գրանցվել էին արդարադատության նախարարությունում, այսօր դրանց թիվն հասնում է 84-ի: Մեր մեծ ձեռքբերումները կրթական կենտրոններն ենՙ հայորդյաց տները: Գրեթե ամեն եկեղեցի, ամեն ծուխ արդեն ձեւավորել է եկեղեցու հովանու ներքո գործող հայեցի դաստիարակության կենտրոններ: Ինչպես գիտեքՙ Մոսկվայում ունենք 11-ամյա նման կենտրոն եւ անցած տարի սեպտեմբերին մենք ընդունել ենք 400-ից ավելի միայն առաջին դասարանցի: Մենք շուրջ 1500 շնորհաշատ աշակերտներ ունենք, որոնք տարբեր գեղարվեստական խմբակներում իրենց տաղանդն են զարգացնում, եւ ուրախալի է արձանագրել, որ անցած տարի մեր պարախումբը, երգչախումբը, քանոնահարների խումբըՙ «Զատիկը», մասնակցեցին միջազգային տարբեր փառատոների եւ նվաճեցին ոչ միայն առաջին տեղերը, այլեւ արժանացան գլխավոր մրցանակների: Մեր քանոնի «Զատիկն» առաջինն էր 58 խմբերի մեջ:

- Դա, անտարակույս, նաեւ մանկավարժների աշխատանքի արդյունքն է:

- Աստված օրհնի մեր մանկավարժների ջանքերը, նրանք երեխաների մեջ արթնացրել են սեր դեպի արվեստը, դեպի մշակույթը, նաեւ ձեւավորել աշխատասիրություն: Իրենց տաղանդով նրանք օտարներին ասում են, թե ով է հայը, ճանաչելի են դարձնում մեր հայրերի ստեղծած անմահ ստեղծագործությունները: Մենք մեծ ուրախություն ենք ապրում թանգարանի գործունեությամբ, որովհետեւ ունենք թանգարանային հարուստ ժառանգություն: Եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում կանոնավոր կազմակերպվում են նկարիչների ցուցահանդեսներ ու միջոցառումներ: Միայն դեկտեմբերին այցելուների թիվը հասել է յոթուկես հազարի:Սրանք արդեն ձեռքբերումներ են:Վերջերս մեծ հաջողությամբ կազմակերպեցինք Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանիՙ հավատավոր հայորդու, տաղանդավոր քրիստոնյա արվեստագետի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բավականին հոծ զանգված էր ներկա: Երախտապարտ ենք, որ Հրանտ Թադեւոսյանը իր ստեղծագործություններից երկու աշխատանք նվիրաբերեց մեր թանգարանի պատկերասրահին:

- Հավանաբար թանգարանի հավաքածուն հենց նվիրատվությունների շնորհիվ է հարստացել:

- Իսկապես, թանգարանի հավաքածուն հարստացել է շնորհիվ մեր հայորդիների նվիրատվությունների: Հիմնադիրներից մեկը եղավ ազգային բարերար, երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանը, ով իր անձնական հավաքածուից տրամադրեց Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Գեւորգ Բաշինջաղյանի կտավներից: Դրանք այսօր ցուցադրվում են մեր թանգարանի պատկերասրահում: Ալավերդյան ընտանիքը ընծայաբերեց Հովհաննես Այվազովսկու բնանկարներից մեկը, Սամվել եւ Էթերի Կարապետյան ընտանիքըՙ Հմայակ Հակոբյանի գեղեցիկ աշխատանքներից եւ 1913 թվականի մի դիմանկար:

Խաչատուր Եսայանը նվիրել է բազմաթիվ արժեքավոր նկարներ եւ Հայկազյան բառարանը:Դաշյանը ընտանիքը նվիրել է 1685 թվականի Ավետարան, որը մեր ունեցած ձեռագրերի մեջ ամենահինն է եւ մեր պարծանքը:

Ունենք Տիգրան Մեծի պատմական արծաթյա դրամը, ինչպես նաեւ Տիգրան Գ-ի, Տիգրան Դ-ի եւ Կիլիկյան շրջանի դրամներ: Քրիստոնեական հավատքի հետ առնչվող սրբություններից մեզ մոտ պահվում է Քրիստոսի կենարար խաչափայտի մասունքը, որն ընծայաբերել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարի օծման առիթով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, որը նվիրեց Արթուր Ջանիբեկյանըՙ գնված Նեապոլի աճուրդներից մեկում:Նախաձեռնել եւ բացել ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող գրադարան եւ այս տարիներին ձեռք ենք բերել Ռուսաստանում հրատարակված եւ հայ մշակույթին առնչվող հայերեն եւ ռուսերեն գրականությունՙ շուրջ 6000 գիրք: Գրադարանն ամեն օր բաց է հայ եւ օտարազգի ընթերցողների համար:

- Գրադարանը ե՞ւս եկեղեցու համալիրում է գործում:

- Այո, ամեն ինչ այստեղ է: Անցած տարի գրադարանում տեղի ունեցավ գիտաժողովՙ նվիրված 5-րդ դարի մեր մշակութային գանձերին: Հրավիրել էինք գրականագետների, հայագետների, պատմագետների,նրանք անդրադարձ կատարեցին ոսկեդարյան ժառանգությանը:

- Սրբազան, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս եք տեսնում հայ-ռուսական հարաբերությունները:

- Մեր հարաբերությունները դարավոր են ու պատմականՙ հիմնված եղբայրական սիրո վրա, եւ կարծում եմ այդ ընթացքն այնքան ընդգծված է երկու ժողովուրդների պատմության մեջՙ ամուր, հաստատուն եւ անսասան, որ ոչինչ չի կարող խաթարել:

Դա նվիրական մի ժառանգություն է, որ փոխանցել են մեր նախնիք, որոնք այդ բարեկամությունն ու եղբայրությունը, այդ արժեքային համակարգի միությունը կերտել են կյանքի գնով, պաշտպանել են ընդհանուր արժեքներ, սրբություններՙ որպես հավատակից քրիստոնյա եղբայր ժողովուրդներ:Եվ այսօր, տեսնելով երկու պետությունների առաջնորդների հաճախակի այցելություններն ու հանդիպումները, լիահույս ենք, որ հավատակից երկու ժողովուրդների ու երկրների միջեւ դարերով ձեւավորված հարաբերությունները թեւակոխում են զարգացման նոր փուլ:

- Ինչպես է Եկեղեցին նպաստում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

- Դրանք հոգեւոր, գիտական ու մշակութային նախաձեռնություններ են: Ամեն տարի անցկացնում ենք համատեղ գիտաժողովներ, որոնց մասնակցություն են բերում Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ուղերձ է լինում համայն Ռուսիո պատրիարքի կողմից. բոլոր կրոնական հարանվանությունների պետերի մասնակցությամբ, գալիս են երկրի բարձրագույն իշխանության, պետական կառույցների ներկայացուցիչներ, եւ այդ բոլորը արձանագրված էՙ դա կլինի Եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումներ, թեմի 300-ամյակի հոբելյանական միջոցառումներ, մշակութային ձեռնարկներ, համատեղ բարեգործական ծրագրեր եւ այլն: Մեծ մխիթարություն եւ ոգեւորություն էր մեզ համար, որ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները, կրթության նախարարությունը մեզ տրամադրեցին 259-րդ պետական միջնակարգ դպրոցը, որը հայագիտությունը որդեգրեց որպես ուղղություն, այսինքն այն հայկական թեքում ունի: Սկզբում դպրոցն ուներ 15-20 աշակերտ, հիմա ունի մոտ 300 աշակերտ, 50 տոկոսից ավելի հայ երեխաներ են: Սեպտեմբերի մեկին քաղաքային իշխանությունները դարձյալ մեր խնդրանքին ընդառաջ արտոնեցին, եւ դպրոցին տրվեց Լորիս-Մելիքովի անունը:

- Հոգեւոր կրթարանի հիմնում չե՞ք նախատեսում:

- Իհարկե, նախատեսում ենք, եւ դա մեր վաղեմի երազանքն է:Եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքը տան իրենց օրհնությունն ու համաձայնությունը, ապա Սանկտ Պետերբուրգում կստեղծենք հոգեւոր կրթական հաստատություն, որտեղ երեք տարի սովորելուց հետո սաները կտեղափոխվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանՙ ուսումը շարունակելու: Ճեմարանի համար նախատեսված շենքն ունենք, նախագծման աշխատանքներն ավարտել ենք, սկսել ենք նորոգության աշխատանքները: Հույս ունենք, որ պետականորեն կհաստատվի եւ եթե Տերը կամենաՙ կլծվենք աստվածահաճո, ազգաշահ գործին եւս: Հայերը Ռուսաստանում խոշոր ներկայություն ունեն, մենք մեծ գաղութ ենք, թեմը մեծ կարիք ունի հոգեւորականների: Մայր աթոռ Սուրբ էջմիածինը չի կարող իր վրա վերցնել ամբողջ աշխարհի հայության համար հոգեւոր սպասավորներ պատրաստելու գործը: Մենք պետք է զորավիգ լինենք այդ հարցում: Սկզբնական շրջանում, թերեւս, որոշակի դժվարություններ կլինեն, բայց ապագան տեսնում ենք եւ պատրաստ ենք հաղթահարել դրանք:

- Ինչպես կգնահատեք դեսպանատուն- եկեղեցի համագործակցությունը:

- Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Վարդան Տողանյանի Ռուսաստանում ունի արժանավոր մի դեսպան: Մեր համագործակցության արդյունավոր պտուղները հոգեւոր, կրթական, մշակութային համատեղ միջոցառումներն են, փոխայցելությունները եւ այլն: Ես տեսել եմ դեսպանի ազնիվ ու բարյացակամ վերաբերմունքը Եկեղեցու առաքելության նկատմամբ, որովհետեւ մենք սփյուռքում որպես առաջնային գործ ոչ միայն Տիրոջ կենարար եւ փրկարար խոսքն ենք հավատացյալներին քարոզում, այլեւ հայրենիքից դուրս դարձել ենք անփոխարինելի մի կառույցՙ ազգին համախմբող, միավորող, նրա ինքնությունը կերտող, պահող, դաստիարակող: Անշուշտ, այստեղ կան հասարակական, մշակութային կառույցներ, ամեն մեկն իր գործն անում է, բայց Եկեղեցին միակն էՙ որպես կենտրոնական միավորող, համադրող կառույց:Ազգային տոներին մենք հրավեր չենք հղում մեր ժողովրդի զավակներին, տասնյակ հազարավոր հայորդիներ են այդ օրերին այցելում եկեղեցի, ասեղ գցելու տեղ չի լինում: Այս տարի Սուրբ Ծննդյան պատարագին եկեղեցի մտնելու համար երկար հերթ էր գոյացել: Ահա Եկեղեցու առաքելության եւ գործունեության նկատմամբ մեր հավատացյալ զավակների ե՛ւ մոտեցումը, ե՛ւ կարիքն ու պահանջը:

- Միայն հավա՞տքն է այդ ձգողականության պատճառը:

- Արդեն վեց տարի մենք եկեղեցու մեջ ապահովում ենք իրավաբանական անվճար ծառայություն, գրասենյակի դռները բաց են բոլոր կարիքավորների համար: Աշխատանքն իրականացնում ենք հայտնի իրավագետ Ռուբեն Մարգարյանի հետ: Մեր եկեղեցին Մոսկվայում միակն է, որի գործունեությանը տեղյակ է նաեւ արդարադատության նախարարությունը: Ծառայությունն իրականացվում է բոլոր քաղաքացիների համարՙ անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից:Մոսկվայի 4-րդ հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գարեգին Մելքոնյանի հետ եկեղեցուն կից ստեղծել ենք անվճար բժշկական ծառայություն եւ անցկացնում ենք բաց դռների օրեր: Տարբեր ուղղվածության 20-ից ավելի բժիշկներ սիրով ընդունում, լսում են մեր հավատացյալներին: Ունենք նաեւ սոցիալական ծառայությունՙ կարիքավորներին օգնելու համարՙ աղքատներին, որբանոցներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այցելում ենք նրանց, հոգ ենք տանում: Մենք օգնություն ենք կազմակերպում արցախահայության համար, մեր համեստ կարողություններով օգնում ենք նաեւ բանակին: Այս պատերազմական տարիներին օգնել ենք Սիրիայի կարիքավոր ժողովրդին, դա եղել է կրոնական կազմակերպությունների համատեղ ջանքերով, պետական կառույցների հետ, նաեւ եղել է հասցեական օգնություն հայ համայնքինՙ Դամասկոսի հայոց թեմի աջակցությամբ: Անում ենք այն, ինչը մեր պարտքն է, ընդամենը մեր պարտքն ենք փորձում մատուցել որպես շնորհակալություն Աստծունՙ իր բոլոր բարիքների համար եւ ամենամեծ պարգեւի համար, որ մեր կյանքն է, որ ստացել ենք մեր Արարչից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ