RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1497, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության փորձագետ

Մի փոքր պատմություն

2010 թ. Հունիսի 15-ին Թուրքիայի ազգային հետախուզության (MIT Milli Istihbarat Teskilati) պետ Էմրե Թաները հրաժարական տվեց եւ հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2005 թվականից: Ի՞նչը ստիպեց նրան հեռանալ այդ պաշտոնից: Էմրե Թաներին մեղադրում էին այն բանում, որ նա կտրուկ սրեց MIT-ի հարաբերությունները պետության ռազմական հետախուզության հետ (ռազմական հետախուզությունը գտնվում է Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի կառույցում), որն, իր հերթին, խախտեց Թուրքիայի հատուկ ծառայությունների համակարգման աշխատանքները եւ առաջացրեց որոշ ձախողումներ երկրի արտաքին քաղաքականության մեջ:

Զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո, ավելի ուշ, Թուրքիայի ռազմա-քաղաքական շրջանակների «վարագույրների» ետեւում, ինչպես նաեւ որոշ լրատվության միջոցներում վախվորած մտքեր հնչեցին, որ Թաները կապված էր Ֆեթուլլահ Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» («Ջամաաթ» թարգմանաբար նշանակում է կրոնական համակեցություն կամ ուխտ, միաբանություն):

Մուհամմեդ Ֆեթուլլահ Գյուլեն` թուրք մտավորական, իսլամի վերաբերյալ 60-ից ավելի գրքերի հեղինակ, «փափուկ» հանդուրժողական իսլամի քարոզիչ, աստվածաբան, 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը Ամերիկայում «թաքստոց» գտավ այն բանից հետո, երբ 1998 թ. Թուրքիայում նրան մեղադրեցին գործող պետական կարգի տապալման մեջ: Նա մեղադրվում է նաեւ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ :

Ռեջեփ Թայյիբ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի երբեմնի հավատարիմ զինակիցը հիմա վտարանդի է եւ նրա հետագա ճակատագիրը կախված է ամերիկյան «իստեբլիշմենթից»: Կգնա՞ն ընդառաջ ամերիկյան իշխանությունները նախագահ Էրդողանի եւ թուրք արդարադատության պահանջներին` նրան արտահանձնելու առումով, թե՞ կշարունակեն նրան ապաստան տալ:

Տարբեր տվյալների համաձայն, Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն ունի 5 միլիոնից ավելի հետեւորդներ Թուրքիայում, Միջին Ասիայում եւ եվրոպական որոշ երկրներում: Նա չափազանց հարուստ է եւ 2008 թվականին ճանաչվել է աշխարհի առաջադեմ մտավորականներից մեկը:

Եվ իհարկե Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ նա համագործակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ:

Սակայն «բամբասանքները» Էմեր Թաների մասին սրանով չէին ավարտվում: Լուրեր էին պտտվում, որ նա կապված էր նաեւ 2016 թ. ռազմական պուտչի (հեղաշրջման) կազմակերպիչների հետ: Այդ իրադարձություններից հետո Թաների անունը որեւէ կերպ չի հիշատակվում, գուցե նա ձերբակալվածների կամ անհետ կորածների ցուցակում է:

Այլ տեսակետ էլ կա, որին ես, հեղինակս, հակված եմ ավելի հավատալու: Էմրե Թաները կրթված, բավականաչափ ժողովրդավարական հայացքների տեր, օպերատիվ-քաղաքական իրավիճակը ռեալ գնահատող, պատմական իրողությունների մեծ մասը ճիշտ ընկալող հետախույզ էր (հետախույզների մեջ էլ նման մարդիկ հանդիպում են, եւ ոչ քիչ):

Եվ այսպես, հինգ տարի շարունակ Թուրքիայի ամենահզոր կառույցներից մեկի` հետախուզությունը ղեկավարելուց հետո, Էմրե Թաները հեռացավ:

Ծանոթություն. Իմ կարծիքով հետախուզության կամ այլ հատուկ ծառայության ղեկավարի համար 5 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, եթե իհարկե նա իր տեղում է, եթե նա «քիթը չի խոթել» այնտեղ, ուր նրա «հոգին անելիք չունի», եթե նա չի շրջապատել իրեն ստրկամիտ միջակություններով, որոնց հիմնական խնդիրներից մեկը իրենց պետի համար արագ եւ խոնարհված դիրքով դուռը փակելն ու բացելն է, այդպիսով ծածկելու սեփական բթությունն ու ոչնչությունը: Այսպիսի մարդկանց ընդունող ղեկավարները, հատկապես հատուկ ծառայություններում, շատ արագ շշմում են իրենց հաջողությունից եւ իհարկե նրանք ընդունակ չեն նորմալ խորհուրդներ լսել, նրանց անհրաժեշտ են հնազանդ մարդիկ, տոքսիկ, բացասական տրամադրվածության անձինք, որոնք հիմնականում գործում են միայն թիկունքում` իրենց հարազատ միջավայրում: Մինչդեռ հետախուզությանը պետք են բազմավեկտոր մտածողությամբ, կրեատիվ ուղեղներով, ռեֆլեկտորային (ինքնաբերական) գործողության ընդունակ, հայրենասեր անձինք, որոնք չեն պատրաստվում կուրորեն կատարել բթամիտ, անհիմն հրամաններն ու հրահանգները :

Այս լիրիկական զեղումը չեմ առաջարկում կապել Էմեր Թաների կամ այլ հատուկ ծառայության որեւէ այլ ղեկավարի հետ, պարզապես կուզենայի, որ ընթերցողս մի փոքր ավելի լավ ճանաչի հետախույզի բնութագիրը:

Վերադառնանք մեր բուն թեմային: Ինչ խնդիրներ ունի իր առջեւ դրված Թուրքիայի հետախուզությունը:

Դեռ ոչ վաղ անցյալում, մինչ Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը (մերձեցման պատճառները հայտնի են` դրանք աշխարհաքաղաքական խնդիրների մի ամբողջ շարան են, որոնք հիմնականում թելադրված են ներկայիս օպերատիվ-քաղաքական իրավիճակով եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականությամբ, պետք է հուսալ, որ այս «եղբայրությունը» երկար չի տեւի) Թուրքիայի հետախուզական ռազմավարական խնդիրներից մեկը Ռուսաստանի դեմ աշխատելն էր: Ավելի կոնկրետ` թիրախավորված էին Ռուսաստանի տնտեսությունը, քաղաքական կառույցը, զինված ուժերը եւ ռազմարդյունաբերական համալիրը, դրանց ջլատումը, Ռուսաստանի մասնատումը, Պովոլժիեում թուրքախոս ժողովուրդների տարածաշրջանային միավորում ստեղծելը, որի կենտրոնը պետք է դառնար Կազանը: Հատուկ աշխատանք էր տարվում Թաթարստանի, Բաշկորտոստանի (Բաշկիրիա) եւ Չուվաշիայի ազգայնական-կրոնական կենտրոնների հետ:

Ամբողջ պետական ապարատը, հոգեւոր կայսրությունը եւ հետախուզությունը աշխատում էին մի գերակա, առաջնահերթ խնդրով` «Մեծ Թուրանի» վերածննդով: Այդ կայսրության մեջ պետք է մտնեին Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Բալկանյան թերակղզու, Միջին Ասիայի եւ անգամ Չինաստանի որոշ տարածքներ:

Ընդ որում առաջին հերթին պետք էր քանդել եւ քայքայել նշված երկրների արդյունաբերությունը, ստեղծել այդ տարածքներում իրենց ձեռնտու շուկաներ, որոնք պետք է հեղեղվեին թուրքական արտադրության անորակ ապրանքներով: Հետախուզական ցանցը պետք է թուլացներ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դիրքերը Սեւ ծովում, ուժեղացներ կապը տարածաշրջանում ապրող մահմեդականների հետ եւ ընդհանրապես Ռուսաստանին դարձներ ամբողջ մահմեդական աշխարհի թշնամին: Ռուսաստանի դիրքերը թուլացնելուն զուգընթաց, թուրքական հետախուզությունը օր-օրի պետք է ակտիվացներ աշխատանքը Բալկաններում, Հարավային եւ Հյուսիսային Կովկաում, ինչպես նաեւ Միջին Ասիայում:

Հաջորդիվՙ «Թիկնոցի եւ դաշույնի ենիչարիները»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ