RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՆԱՎՈՐ ՄԵՂՐ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վերջին շրջանում հանրության ուշադրության կիզակետում են Հայաստանի որոշ բարձրագույն պաշտոնատարներ, ովքեր զանազան վրիպումների համար քարկոծումների թիրախ են դառնում: Հայտնվել են նաեւ դատափետումների ենթարկվողների ինքնակոչ պաշտպաններ, ովքեր ամենագռեհիկ հայհոյաբանությամբ փորձում են լռեցնել քննադատողներին եւ արդարացնել այս կամ այն վրիպումը թույլ տված հանրային դեմքերին: Ամենաշատ քարկոծվողը այս պահին Ազգային Ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն ու նրա տիկին Գոհար Աբաջյանն են: Վերջերս պրն. Միրզոյանը անզգուշություն էր ունեցել վերարկուն հագնելիս օգտվել թիկնապահի ծառայությունից: Իսկ տիկին Գոհարի գլխավերեւում ինչ-որ մեկը... հովանո՛ց էր պահել: Ֆեյսբուքյան հրապարակումներում այդ առթիվ անհապաղ բերվեցին մի ամբողջ շարք բարձրաստիճան ու հանրահռչակ տիկնանց լուսանկարներ, ուր պարզ երեւում էր, որ անձրեւի տակ նրանք իրե՛նք էին պահում իրենց հովանոցները: Տիկին Գոհարին մեղադրել էին նաեւ, որ նրա վերարկուն չափազանց թանկ է, իսկ ձեռքի կանացի պայուսակը արժե ֆանտաստիկ գումար: Չակերտյալ «փաստաբանները» հեգնում էինՙ համանման դեպքերում ինչո՞ւ երկրի նախկին ղեկավարների կանանց մասին նման բաներ չէիք գրում: Վերարկու հագնելիս նախկին պաշտոնյաներին չէի՞ն օգնում, նախկին առաջին տիկնոջ գլխին անձրեւանոց չէի՞ն պահում:

Նախ, մինչեւ ե՞րբ պետք է նախկիններին տեղի-անտեղի հիշելովՙ արդարացվեն ներկաների մեծ կամ փոքրիկ վրիպումները: Հին աշխարհի պատմաբաններից Սվետոնիուսը, վկայակոչելով Ալեքսանդր Մակեդոնացու եւ սոփեստ փիլիսոփայի բանավեճը, գրում է. «աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե՞ կենդանի մարդիկ» հարցին փիլիսոփան պատասխանում էՙ իհա՛րկե կենդանի մարդիկ: ՉԷ՞ որ մեռածներն արդեն չկան, ինչո՞ւ նրանց... հաշվել: Կարծում եմՙ նախկինների վերադարձի վա՛խն է նրանց հանդեպ շատերի ատելության աղբյուրը: Մինչդեռ ժողովրդական խոսքն ասում էՙ աշխարհն աստիճան է, բարձրացողը մի օր կիջնի, իջնողըՙ կբարձրանա: Ահա, բոլոր նրանք, ովքեր նախկինների հասցեին զարհուրելի հայհոյաբանությամբ իրենք իրենց ուղղակի խայտառակել ու խայտառակում են, անհանգստանում են, թե վերադարձի դեպքում երեսներին ինչպե՞ս են նայելու: Եվ հայհոյաբանությունը ավելի մե՛ծ եռանդով են առաջ տանում, որ հանկարծ այդ հնարավոր վերադարձը... տեղի չունենա:

Երկրորդ, ներկա իշխանությունների կողմնակիցները չէի՞ն կարող սոցցանցերում վարկաբեկիչ նյութեր զետեղել, որ հետո հավատարմահպատակության զեղումներով ձգտեն նոր պաշտոնավորների աչքը մտնել կամ մեղքը նախկին կառավարող կուսակցության գործչներին վերագրելովՙ նրանց մի ավելորդ անգամ վարկաբեկել:

Երրորդ, միանգամայն հնարավոր է, որ նախկին ղեկավարները այս կարգի փոքրիկ վրիպումներ կամ իրո՛ք թույլ չեն տվել կամ, եթե թույլ տվել են, ապա անձամբ ես նման բան չեմ հիշում:

Չորրորդ, մեր ներկայիս ղեկավարները, այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծնված, մեծացած ու դաստիարակված լինելով գյուղական համեստ ընտանիքում, երեւում էՙ բարձրաշխարհիկ վարվելակերպի կանոններից առայժմ լավ տեղյակ չեն: Չի բացառվում, որ ի՛նքն էլ, իր բերած նոր կադրերի մեծ մասն էլ խելացի խորհուրդները ո՛չ լսում են, ո՛չ ընդունում:

Դա առավել ցայտուն երեւաց Ազգային Ժողովիՙ կառավարության ծրագրի հաստատմանը նվիրված վերջին նիստերում, ուր վարչապետը առավել ցայտունորեն հանդես բերեց իր բարձր պաշտոնին ամենեւին չսազող անզսպություն, մեծամտությունՙ ինքն իրեն համեմատելով Պապ թագավորի հետ, եւ այլակարծության հանդեպ կատարյալ անհանդուրժողականություն: Ափսո՛ս: Այդ դեպքում ասեկոսեները կշարունակվեն: Պիտի հասկանալՙ դա այն գինն է, որ բարձրաստիճան այրերը վճարում են իրենց հանրահայտության, շրջապատի մարդկանց նախանձին հագուրդ տալու, աչք մտնել ցանկացողների անմաքուր ձգտումները բավարարելու դիմաց: Մարդկային արգահատելի գծերըՙ նախանձն ու չարությունը, քծնանքն ու ստորաքարշությունը մի՛շտ էլ ընդունելի են եղել բոլո՛ր իշխանավորներին: Վահագն Դավթյանն ասում էրՙ օ՜, քծնության մեղր, ու՞մ քիմքին չես հաճո...

Այնուամենայնիվ, վարչապետին բարեկամաբար զգուշացնեմՙ դա թունավո՛ր մեղր է, ընդունակ նաեւ... ոչնչացնե՛լ ղեկավարին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ