RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1794, Տպվել է` 226, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՔԻՄԵԴԻ ՄԱՏԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ են մուսուլմանները նամազից առաջ պարտադիր լվացվում: Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչ է գրված այս առիթով Ղուրանում, բայց մի շատ կատակասեր արաբից, որը Երեւան էր եկել տեսակցելու իր հալեպցի հայ ընկերոջը, լսել եմ հետեւյալը: Պարզվում է, երբ Մուհամեդ մարգարեն զբոսնելիս է եղել Մադինա քաղաքում եւ գրի առել իսլամի սկզբունքները, հանկարծ հայտնաբերել է, որ արաբները փնթի ժողովուրդ են եւ նույնիսկ ճաշից առաջ չեն լվացվում: Հնարամիտ Մուհամեդն էլ` Արքիմեդի պես մատը դրել է գլխին, բացականչել` «Էվրիկա» եւ գրել` նամազից առաջ հավատացյալը պետք է լվացվի: Մինչեւ օրս լվացվում են եւ այդ ուժեղ ժողովրդին այսօր նայելիս` ամենեւին էլ տպավորություն չի ստեղծվում, որ նախկինում փնթի են եղել:

Հիշեցի այս պատմությունը, երբ բացահայտեցի ռումինացի Վիկտոր Միրոնին: Սովորական մարդ է: Տետրը ձեռքի տակինՙ ամեն օր շրջում է հարազատ Կլուժ-Նապոկա քաղաքում եւ տարբեր գրառումներ է անում: Հետո կազմում է նախագծեր եւ ներկայացնում է քաղաքային իշխանություններին: Դրանցից վերջինը պարզապես հանճարեղ է: Վիկտորը զբոսանքների ընթացքում հայտնաբերելով, որ ռումինացիները ոչ միայն ընթերցասեր չեն, այլեւ կարելի է ասելՙ չեն էլ կարդում, այն էլ փողոցում, որոշում է դիմել քաղաքապետարան` հետեւյալ նախագծով` Կլուժ-Նապոկա քաղաքի հանրային տրանսպորտի գիրք կարդացող ուղեւորները ուղեվարձ չեն վճարի: Քաղաքապետարանը դրական է արձագանքել Վիկտորի այս նախագծին, ինչից ոգեւորված` Միրոնը հայտարարել է, որ նախատեսում է օրինագիծ ստեղծել, ըստ որի Ֆեյսբուքի բոլոր այն ռումինացի օգտատերերը, որոնց էջի գլխավոր լուսանկարը գիրք է, կարող են գրախանութներում, հանրախանութներում եւ ժամանցի վայրերում նույնիսկ ատամնաբուժարաններում օգտվել զեղչերից: Եւ վերջապես այս հանճարեղ մարդը, խնդրում եմ հիշել նրա անունը` Վիկտոր Միրոն, ասել է մի բան, ինչն ուղղակի պետք է չմոռանալ` Կարծում եմ, որ պետք է խրախուսել ընթերցասերներին, ոչ թե քննադատել նրանց, ովքեր չեն կարդում:

Կա՞ Երեւանում նման քաղաքացի: Չէ, ես գիտեմ, որ կա եւ այդ մեկը` դուք եք, բայց քանի՞ անգամ է քաղաքապետարանը դրական արձագանքել ձեր նախագծին: Առաջ, հասկանալի է, Երեւանի քաղաքապետը ինքնուրույն չէր տարբերում սիրունը` չսիրունից, բայց չէ՞ որ հիմա Հայաստանի մայրաքաղաքը կարգին քաղաքապետ ունի...Բացի պարգեւավճարներից եւ Արթուր Մեսչյանի նշանակումից էլ ինչո՞վ է առանձնացել պարոն Հայկ Մարությանը: Չէ, ես ամենեւին չեմ առաջարկում ամեն առավոտ քաղաք դուրս գալուց առաջ լվացվել, ինչպես Մուհամեդն է սովորեցրել մուսուլմաններին, մանավանդ, որ մուսուլմանները ո՜ւր էին, երբ մենք ազգովին Արածանիի ջրերում լողանում էինք: Ես նաեւ չեմ առաջարկում գիրք կարդալ հանրային տրանսպորտում, ինչպես ռումինական քաղաքում են անում, որովհետեւ 1213 թվականին հիմնադրված Կլուժ Նապոկան ո՞ւր էր, երբ մենք Արգիշտի արքայի սեպագիր արձանագրություններն էինք կարդում: Ես միայն առաջարկում եմ Երեւանում այն, ինչը մենք չունենք` հանրային տրանսպորտ: Հնարավո՞ր է, պարոն քաղաքապետ:...

Ի դեպ, երեկ, երբ կռացած տուն էի գնում, երթուղայինում նստած մի անծանոթ կնոջ հետ` գլուխ գլխի կարդացինք Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունից» մի տասը էջ: Ահագին հետաքրքրական էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ