RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1791, Տպվել է` 318, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՌԱՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որ շատ խորանանքՙ փիղն էլ է թռչուն: Բավական է փակել աչքերը ու պատկերացնել, թե ինչպե՞ս է թռչում, իսկ եթե նման տեսիլքներ հաճախ ունենանք, ապա մեզ ոչ մեկը չի կարող ապացուցել, որ փիղը թռչուն չէ: Դե իսկ եթե փիղը թռչուն է, կոկորդիլոսը...Մի խոսքով: Եթե Արարատի մարզպետը կոկորդիլոսին թռչուն անվանելուց հետո Ֆեյսբուքի իր պատին Վիքիպեդիայից քաղվածք է դնում, որտեղ հայ կոկորդիլոսագետներին ցույց է տալիս, որ կոկորդիլոսը սերում է ինչ-որ թռչնախմբից եւ ուրեմնՙ մաքուր թռչուն է, ուրեմն մարդը համոզված է, որ աշխարհի ամենամեծ սողունն իրականում թռչուն է:

Չվիճենք: Փոխարենն առաջարկում են մի առակ հիշելՙ կրկին կենդանիների թեմայով, բայց ինչպես բոլոր առակներըՙ մարդկանց մասին: Քանի որ պատկերացրեցինք, որ կոկորդիլոսը թռչուն է, ուրեմն պատկերացնեք, որ մի ծիտՙ բառիս ճնճղուկ իմաստով, ուրախ-զվարթ թռչում է կապույտ երկնքում, մեկ էլ հանկարծ ընկնում է գետնինՙ գյուղական մի դաշտավայրում: Պարզվում էՙ ճնճղուկը չափից դուրս վեր է բարձրացած լինում ու թեւերը վնասվում են եւ ընկնում է: Նա այլեւս չի կարողանում թռչել: Այդ տեղով մի կով է անցնում եւ, չնկատելով ճնճղուկին, կեղտոտում է նրա վրա: Ճնճղուկը մի քանի վայրկյանից ուշքի է գալիս եւ զգում է, թե որքան տաք է: Զգացած ջերմությունից ճնճղուկն սկսում է երգել: Հիշում եք, եթե կոկորդիլոսը թռչուն է, ուրեմն ճնճղուկը երգում է: Թռչունի երգը լսում է մոտակայքում ինքն իր համար քայլող մի կատու եւ հարձակվում է խեղճ ճնճղուկի վրա, հանում է նրան կովի կեղտից եւ ուտում:

Ի՞նչ է ստացվում: Այն, որ ամեն մեկը, ով կեղտոտում է քեզ վրա, պարտադիր չի ուզում վնասել քեզ եւ քո թշնամին չէ: Բացի այդՙ ամեն մեկը, ով քեզ հանում է կեղտից, պարտադիր քո ընկերը չէ: Եւ ամենակարեւորըՙ երբ դու ամբողջովին կեղտի մեջ ես, ավելի լավ է ձայն չհանես:

Բայց այս առակն ինձ ուրիշ բան էլ հիշեցրեց: Մի խոսք կաՙ քննադատությունն այն է, ինչը մենք ստանում ենք հանրահայտության դիմաց: Ես վստահ եմ, որ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ սա չգիտեն: Եւ ամեն անգամ, երբ հրոսակախումբ հիշեցնող եւ նախկին ռեժիմին սպասարկող մամուլը կեղտ է շպրտում նրանց վրա, սկսում են աղմկելՙ պնդելով, որ իրենք իրականում մնում են նույն սուրբը եւ մոռանալով, որ իրականում մարդու ամենամեծ սրբապղծությունը մարդկանց մեջ սրբեր փնտրելն ու մանավանդ գտնելն է:

Տղերք, աղջիկներ, տիկնայք եւ պարոնայք, նորմալ է, որ սխալվում եք, հրաշալի է, որ ձեզ քննադատում են դրա համար, ընտիր է, որ այնքան երեւակայություն ունեք, որ վստահ եք, թե կոկորդիլոսը թռչուն է, բայց լավ չէ, որ չգիտեք, թե ինչ է քննադատությունը եւ ինչի համար եք դուք այն ստանում:

Բայց ուշ չէ, սրանից հետո, երբ կեղտի մեջ եք հայտնվում, ուղղակի լռեք: Հա, մեկ էլ, երբ թռչում եք, մի մոռացեք, որ շատ բարձր չեք կարող: Ի դեպ, մարդն էլ է թռչում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ