RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2617, Տպվել է` 330, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

«Լոնդոնի Քինգզ քոլեջի շրջանավարտ, 19-ամյա Գալուստ Գյուլբենկյանը մեկ անգամ էր միայն, Բաքու այցելության ժամանակ, տեսել նավթահանք, բայց անմիջապես ըմբռնել էր այդ ընդերքի կարեւորությունը եւ հետագա հնարավորությունները միջազգային շուկայում: Լոնդոնում որպես ձեռնարկատերի ձեռք բերած մասնագիտական հմտությունները զուգակցելով Մերձավոր Արեւելքում հաստատած իր բազմաբնույթ կապերի հետ, նա շատ շուտով իր համար 5 տոկոսի չափով բաժնետոմսեր է կարողանում ապահովել Օսմանյան կայսրության Ասիական տարածքում գտնվող բոլոր նավթահանքերում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կնքված այդ պայմանագիրը այնքան էլ մեծ գումար չէր խոստանում ապահովել, բայց հետագայում այն մեծ հարստություն դարձավ, որն այսօրվա հաշվարկներով հավասար է մոտավորապես հինգ միլիարդ դոլարի: Նրա կյանքի պատմությունը չափազանց հետաքրքրական է», գրում է անգլիական հեղինակավոր «Գարդիան» թերթում Օլիվեր Բուլոուն , գրախոսելով Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Անգլիայում վերջերս անգլերեն լեզվով լույս տեսած «Պարոն հինգ տոկոսը» (Mr. Five Per Cent) կենսագրական հատորը, որի հեղինակն է Ջոնաթան Կոնլին : 416 էջանոց գիրքը պարունակում է 8 էջ գունավոր եւ 16 էջ սեւ ու սպիտակ լուսանկարներ:

Հեռատես Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել էր 1859-ին Կոնստանդնուպոլսում, որտեղ 1911-12 թվերին հիմնել էր Թուրքիայի նավթային ընկերությունը: Եղել էր Փարիզի եւ Լոնդոնի թուրքական դեսպանատների տնտեսական խորհրդականը: Այնուհետեւ Լոնդոն տեղափոխվելով ստացել էր անգլիական հպատակություն, սակայն դժվար բնավորության տեր անձնավորություն լինելով, խուսափել էր լուրջ կապեր հաստատել այնտեղ կամ Փարիզում: Նախընտրել էր հաստատվել Լիսաբոնում, որտեղ էլ վախճանվել էր 1955-ին: Իր կտակի համաձայն 1956-ին այնտեղ հիմնվել է Գալուստ Գյուլբենկյան հաստատությունը, որը Եվրոպայի մեծագույն բարեգործական կառույցներից մեկն է եւ նպաստներ է հատկացնում նաեւ սփյուռքահայ մշակութային միություններին, վարժարաններին, հայապահպանական ծրագրերին(*): Իսկ հաստատության կից գործող պատկերասրահը Լիսաբոնի տեսարժան վայրերից ամենափնտրվածն է իր արվեստի հարուստ ու անզուգական գործերով:

Գյուլբենկյանը նաեւ 1930-ին ընտրվել է ՀԲԸՄ-ի նախագահ, հաջորդելով Պողոս Նուպարին, սակայն մեկ եւ կես տարի անց ներկայացրել է իր հրաժարականըՙ հիմք ունենալով Խորհրդային Հայաստանի կառավարության իր հասցեին ուղղած մեղադրանքները (**):

«Պարոն հինգ տոկոս» գրքի հեղինակ Ջոնաթան Կոնլին ծնվել է Նյու Յորքում, սակայն համալսարանական կրթություն ստացել է նախ Օքսֆորդում, իսկ այնուհետեւ Քորտոլդում եւ Քեմբրիջում: 2006ից սկսած Մեծ Բրիտանիայի արդի պատմություն է դասավանդում Սաութհեմպտոնի համալսարանում: Հեղինակ է մի շարք պատմական գրքերի:

*) Իրականում Գյուլբենկյան ֆոնդի հատկացումների մեջ հայկականը կազմում է չնչին տոկոս, շատ ավելի նվազՙ քան 5 տոկոսը:- Ծ.Խ.:

**) Ոչ միայն Խ.Հայաստանի կառավարության, այլեւՙ ՀՅԴաշնակցության, որը նրան մեղադրում էր ոչ ավել, ոչ պակասՙ խորհրդային գործակալ լինելու մեջ, իբրեւ «փաստ» առաջ քաշելով Մայր հայրենիքին եւ Ամենայն հայոց կաթողոկիսությանը ընծայած բարեգործական նվիրաբերումները: Այս կապակցությամբ կարելի է վերստին կարդալ հանգուցյալ Կառլեն Դալլաքյանի «ՀԲԸՄիության նախագահ Գ.Կյուլպենկյանի հրաժարականի հարցի շուրջ» գրքույկը, հրատարակված 1996 թ. Երեւանում, «Ազգ» օրաթերթի կողմից:- Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ