RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2633, Տպվել է` 333, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԴՎԵԼՈՒՑ ԵՎ ՉԵՐԴՎԵԼՈՒՑ ԱՆԴԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում առկա իրավիճակը ամենեւին հնարավոր չէ միանշանակ բնութագրել, վերլուծել եւ կամ կանխատեսել: Դատեք ինքներդ: Իշխանության թեւերից առաջինն անփորձ է` Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը նկատի ունենք, նրա հույսին մնալն առայժմ անհույս բան է: Երկրորդ իշխանությունը` գործադիրը, միգուցե ամենից ռեալ լծակներն ունի, չնայած նախագահականում երդվեց այնպիսի բաներ, որոնք գոնե այս պահին իրականացնելը շատ դժվար է (տես` Աստվածաշունչը` երդման ինստիտուտի մասին): Երրորդ իշխանությունը` դատականը, ամբողջովին հին իներցիայի ուժով է գործում, նրա հանդեպ հույս տածել, նշանակում է ձեռքը գցել փրփուրներին: Չորրորդ իշխանությունը` մեդիա դաշտը մեծի մասով պատկանում է նախկին իշխանությանն ու տարբեր խմբերի` նրանից ճշմարտանման կամ չուղղորդված տեղեկություն սպասել առաջին երեքի մասին քանի գնում տեսականորեն անհնարին է դառնում: Ահա այս ականապատ դաշտում գործող իշխանությունից պահանջել խնդիրների լուծման հրատապ, արդյունավետ եւ ոչ ամբոխահաճո ձեռագիր` երեւի պիտի որ եթե ոչ անհնարին, ապա շատ դժվար լինի: Այնուամենայնիվ` սպասում կա, անգամ` հանրության առավել փորձառու եւ կրթված շերտերում: Բացի այդ` այնքան շատ իրադարձություններ են կատարվում մեկ շաբաթում Հայաստանում եւ Հայաստանի շուրջը, որ ողջ տեղեկատվությանը տիրապետելը հենց գլխանց դժվար է: Այնպես որ` մենք էլ մի քանի դիտարկում կանենք մեզ հետաքրքրող մի քանի ուղղությամբ:

Հավաքեք զենքը, պարոնայք իրավապահներ

Հարց նոր իշխանությանը. ինչու զենքը չեք հավաքում, եթե, իրոք, սա նոր Հայաստան է, ինչու կան զենք կրող արտոնյալներ, որոնք ցանկացած պահին դա հանում եւ գործի են դնում: Իրոք, ինչու չեք կարողանում հավաքել զենքը զանազան մեծահարուստների, նրանց զավակների, տարբեր արկածախնդիրների մոտից, երբ համարյա ամեն օր զենքի գործադրմամբ հանցագործություններ են կատարվում: Վերջինն Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած «ռազբորկան» է` մահվան դեպքով եւ ծանր վիրավորներով: Չե՞ք կարողանումՙ ձայն հանեք, ժողովուրդը հավաքվի եւ իրեն ընտրախավ համարող համբակներին զինաթափի: Առհասարակ` մինչ մեր իրավապահները եսիմ ինչ շարժառիթներով եսիմ ինչ գործողություններով են զբաղված` ամեն օր դաժան սպանությունների, կողոպուտների ու ռազբորկաների ականատեսն ենք լինում: Մեր հասարակություն է՞ դաժանացել, թե՞ մեր իրավապահներն են թուլացել, նրանցից այլեւս ոչ ոք չի վախենում, ու դրա համար կա այսպիսի պատկեր; Այլապես ինչ մտածես: Թե հացադուլից մեռնող կայքի խմբագիր, հարցաքննության կանչվող մի այլ կայքի խմբագիր` սրանք ե՞ն նորմա կամ արդիական թեմա հիմա մեր իրավապահների համար: Մնաց եհովականների իրավունքների բողոքներով զբաղվեք`սովորական կարգուկանոն հաստատելու փոխարեն:

Բոնուսներ` աղքատության հոտից ազատվելու համար

Նախարարներից Ֆելիքս Ցոլակյանը մի խիստ վիճելի միտք է ասել` թե աղքատն ինչքան էլ հարստանա` նրանից մի քսան տարի աղքատության հոտ է գալիս: Տո դե արի ու մի ասա, երեսուն տարի առաջ, սովետի ժամանակ, երբ բոլորը հավասարեցված աշխատավարձ էին ստանում, ո՞վ էր հարուստ. ճիշտ է` միայն պետությունից գողացողներն ու տակից կաշառք վերցնողները, որոնք հետո գրոշներով սեփականեցին պետւթյան ունեցվածքն ու ողջ ժողովրդի վրա «գողական» նստեցին: Իսկ ողջ ժողովուրդն աղքատ էր: Հիմա Ցոլակյանի տրամաբանությամբ` ողջ ժողովրդից բնական է, որ պետք է աղքատի հոտ գա: Ինքն էլ, բնականաբար, աղքատի հոտ արձակողների մեջ չէ, ուրե՞մն... Ամոթ է, ամոթ, եւ սա ՆՈՐ իշխանության նախարար է, որ ողջ ժողովրդին է պիտակներ կպցնում: Ու մի անգամ էլ վերադառնալով ողջ շաբաթ չարչրկված բոնուսների թեմային, չնայած այն բանին, որ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե պաշտոնյաների պարգեւատրումները երեսուն տոկոսով կրճատվելու են, կանգ առնենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն մտքի վրա, թեՙ «Պետական համակարգում աշխատավարձերը պետք է սարքենք մրցունակ, որ լավագույն կադրերը չգնան մասնավոր սեկտոր»:Միանգամից պատասխանենք` նախ տնտեսությունը սարքեք մրցունակ, հետո նոր կտեսնենք` այդ կադրերն արժանի են բոնուսի կամ բարձր աշխատավարձի, թե՞ ոչ: Որովհետեւ ոչ ոք պիտի որ անփոխարինելի չլինի, էդ ինչ մի անհասանելի գիտելիքներով մասնագետներ են, որ ուզում են մասնավոր սեկտոր գնան, բայց... հեղափոխություն են արել կամ անում: Ի վերջո միջին վիճակագրական հայի եկամուտին տասն-տասնհինգ անգամ գերազանցող աշխատավարձեր են ստանում, եթե միայն տասներեքերորդ աշխատավարձը լիներ, չէինք ասի, բայց ոմանք աստղաբաշխական գումարներ են ստացել, էլ կոռուպցիան ո՞նց է լինում: Նոր մարդիկ վերցրեք, որոնք չեն հավակնում այդ բարձր բոնուսներին, բազմաթիվ պիտանի կադրեր կան, որոնք քաղաքական խմբից չեն, սակայն հիանալի մասնագետներ են եւ պատրաստ են էդ սովորական աշխատավարձերով էլ երկնքից աստղեր իջեցնել, հեռացողներից ազատվեք, դրանց ախորժակն անընդհատ բացվելու է: Աղքատ ժողովուրդը չի կարող հարուստ նախարար ունենալ, պետք է նախ ժողովրդի կեցության մակարդակը մի փոքր տանելի դարձնել, որից հետո նախարարի միլիոնները ոչ մեկը չի նկատի: Բացի այդ` միայն նույն քաղաքական խմբին սպասարկող մարդկանց աշխատանքի վերցնելը, հետո էլ միլիոններ պարգեւատրելը մեծ հաշվով կոչվում է քաղաքական կոռուպցիա, պայմանագրային, կամ ոչ:

Ես հաստատ ավելի լավ չեմ ձեւակերպի բոնուսների թեմանՙ ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձեւակերպման համեմատ, որն ամենից բաձր պարգեւատրումներով աչքի ընկած համակարգի` ՊԵկ-ի ղեկավարին գրում է.

«ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան, հրավիրում եմ Ձեզ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն` Լաերտին (հաշմանդամ դարձած զինվոր) բացատրելու, թե ինչո՞ւ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի, իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերվում, Դավիթին բացատրելու, թե հանուն ո՞ւմ ինքը կորցրեց ոտքերը, եւ թե ինչո՞ւ այսօր պետությունը իր համար պրոթեզներ չի կարողանում գնել, բայց Ձեզ միլիոնների հասնող պարգեւավճարներ է շնորհում»:

Հայաստանի քաղաքական դաշտը` Բերմուդյան եռանկյունի

Ես սա գրել եմ 11.06. 2012-ին, «Ազգ»-ում: Լավ բան է ինտերնետըՙ միշտ կարող ես գտնել առաջին գործածողին (ընդհանրապեսՙ իմ հոբբիներից մեկը երկրային ու կոսմիկական անոմալիաներով հետաքրքրվելն է): Հետագայում ուրիշները եւս այս եզրույթն արդիական դարձրին ու այն գործածում են ցայժմՙ քանի որ շատ հմուտ նավապետներ (քաղաքական գործիչներ) են կուլ գնացել Հայաստանի Բերմուդի սեւ անցքին (մեր քաղաքական իրականությանը): Ինչպես երեւում էՙՆիկոլ Փաշինյանը եւս պետք է կարողանա դուրս պրծնել անոմալիայից, քանի դեռ ուշ չէ.... Ստորեւ մեջբերված հատվածն, ուրեմն, յոթ տարվա է, բայց կերեւիՙ չի հնացել. «Մարդիկ տեսնում են, որ քաղաքական կյանքը Հայաստանում մտել է փակուղի, հայոց քաղաքական դաշտը վերածվել է մի Բերմուդյան եռանկյունու, որտեղ ընկածները կուլ են գնում ոչ թե անհայտ մագնիտիզմին, այլ Հայաստանի երեք նախագահների ազդեցության միասնական տիրույթին` այս հայտնի եռանկյունուն, ու մարդիկ այլեւս չեն ուզում այդ մագնիտիզմի մեջ տաշեղ լինել»: Սրանից դուրս գալու ճանապարհը, թվում է, սկիզբ առավ ապրիլյան իշխանափոխությամբ, սակայն այսօր արդեն տեսանելի է ժամանակին մերժված խմբերից մեկի` Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների ակտիվ ներհոսքը նոր իշխանություն` նախ նրանց զավակների տեսքով, ապա նաեւ վերջին երկու-երեք նշանակումներում: Ասենք, որ եթե վարչապետ Փաշինյանն իր մեջ ուժ չգտնի մի խմբի շահերին կուլ չգնալու (մի խմբի, որի ներկայացուցիչն էր նաեւ ինքը ժամանակին), ապա դա հազիվ թե դրական ազդեցություն ունենա նրա հանդեպՙ համազգային սպասումների առումով: Եթե նա դա գիտի (իսկ վստահ ենք, որ գիտի), ու չի կարողանում դուրս գալ այդ ներծծող անոմալիայից, ուրեմն մի որոշ ժամանակ անց, երբ նրան աջակցություն հայտնած ու ժամանակին ՀՀՇ-ական իշխանությունը մերժած տասնյակ հազարները հիասթափվեն, ինքը խնդիր է ունենալու: Մինչդեռ նրան տրված մանդատը շատ ու շատ լայն է` ուզած խմբի շահերի շրջանակից, շատ լայն, պարտավորեցնող եւ պատվաբեր` ինչ-որ խմբի ծառայելու համար:

Բոլոր իշխանությունների փորձաքար` Արցախ

Այս շաբաթ առաջին անգամ Արցախի բարձր պաշտոնյան հրապարակավ հակադրվեց հայաստանյան մի շարք իրողությունների: Հավանաբար դա ավելի խորքային գործընթացների արտացոլանքն է, քան տեսակետների պարզ տարբերությունը: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը համաձայն չէր Ռոբերտ Քոչարյանին ուղղված` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին ու նաեւ` թիվ 0038 գաղտնի հրամանին ներքաղաքական գործընթացներոմ զինվորականության մասնակցության բովանդակության վերագրմանը: Բաց կթողնենք այն մեդիա բանավեճը, թե կարո՞ղ է արդյոք պաշտոնանկ արվել Վիտալի Բալասանյանը` Հայաստանի նոր իշխանության տեսակետին հակադիր տեսակետներ բարձրացնելու համար, ուղղակի եթե այդ բոլորը համադրում ես Արցախի հարցի շուրջ քաղաքական տուրեւառին, ՀՅԴ-ի` Արցախում ընդհանուր ժողով գումարելու փաստին եւ մի շարք այլ հանգամանքների, հասկանում ես, որ Արցախի ներսում կան խմորումներ, որոնք հայտածվելուն մոտ են: Դրանք միայն Արցախի հարցի շուրջ խմորումներ ե՞ն, թե Ռոբերտ Քոչարյանին տեր կանգնելու միտում էլ ունեն` դեռեւս պարզ չէ: Սակայն Արցախի հարցի շուրջ մի շարք իրար հերթագայող հանդիպումների, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունների, հնչած այսուայն տեսակետների, ու նաեւ`վարչապետ Փաշինյանի վերջին մտքերի հետ կապված կարելի է նկատել, որ իշխանությունն Արցախի հարցում իր մոտեցումները մանրամասն ձեւակերպելու անհետաձգելիության առաջ է կանգնած: Լուծման ո՞ր բովանդակությանն է հակված իշխանությունը, ե՞րբ է անհրաժեշտ համարում Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական մեծ պայմանագիրը, ի՞նչ կարգի փոխզիջում է պատկերացնում, ի՞նչ մանրամասներով: Սա վերջապես պիտի ձեւակերպվի` տարատեսակ շահարկումների համար դուռ փակելով, հանրությունն էլ վերջապես կիմանա նոր իշխանության գծած սահմանն այդ հարցում եւ կիմանա անելիքը: Համենայնդեպս` Նիկոլ Փաշինյանի ամենավերջին պնդումը, որ չեն կարող բանակցել անգամ «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձեւով, եւ որ` իր կառավարության պատկերացումները բոլոր նախորդներից տարբերվում են, ծնում են այդպիսի ձեւակերպման անհրաժեշտություն: Եթե մանրամասն, դետալային հայեցակարգ լինի, թե որ տարբերակով է առաջնորդվելու կառավարությունը բոլոր հնարավոր հանդիպումներում եւ բանակցությունների վերսկսման պարագայում, կարծում եմ` այլես կվերանա կամ կնեղանա դրա շուրջ բոլոր մյուս ընդդիմախոսների մանեւրելու հնարավորությունը: Իսկ եթե այդպիսի հայեցակարգ չի հրապարակվում` տեղ ունի տեր-պետրոսյանական մոտեցումներին վերադառնալու կասկածը, որին ժամանակին հակադրվեց Վազգեն Սարգսյանը, եւ այս անգամ էլ, կարծում ենք, հակադրվողների պակաս չի լինի, վկա՛ Արցախի պաշտոնյայի նոր գործելակերպը:

ԵԽ-ն կարող է ժպտալ, բայց դա երաշխիք չէ

Ինչպես կարող էր պատահել կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանի մահը կալանավայրում, սա անընդունելի եւ անընկալելի բան է, եթե չասենք` աններելի: Իշխանությունը, էն ել իրեն նոր անվանողը, սա պիտի թույլ չտար, իսկ եթե եղել է, պիտի հետեւեն պաշտոնանկություններ: Մարտի մեկի գործերի` ընդդեմ պետության ՄԻԵԴ-ում հաղթանակների էյֆորիայի մեջ չի կարելի միամտանալ, թե Եվրոպան այս կամ այն իշխանության բարեկամն է, Եվրոպային միշտ էլ պետք են մահակներ այս կամ այն հարցում ճնշման հասնելու համար, պետք չէ տալ այդ մահակները նրան, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը վկա, ուր Հայաստանին արվող բազմաթիվ առաջարկներից` մարտի մեկի գործով անաչառ քննություն իրականացնելու առումով, նաեւ հանձնակատարն ընդգծում է, որ գործընթացը պետք է իրականացվի զգույշ կերպով եւ խստորեն համապատասխանի իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, թափանցիկության եւ երաշխիքների սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի քաղաքականության որեւէ մեղադրանք: ...Եւ հատկապես քաղաքական գործիչները պետք է խուսափեն իրենց հանրային հայտարարություններով հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեղադրվող անձինք մեղավոր են, նախքան իրավասու դատական մարմնի կողմից մեղադրական դատավճռի հրապարակումը: Բա: Կարծում եքՙ նոր առիթները չե՞ն օգտագործվելու: Այնպես որՙ նոր առիթներ մի՛ տվեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ