RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1867, Տպվել է` 239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈ ՉԷ, ՕՀԱ՛Ն

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս համացանցում պատահաբար աչքովս ընկավ դերասան (ների՛ր, ընկե՛ր Աբելյան) Հովհաննես Ազոյանի` Բաքվում տեղի ունեցող ցույցերի լուսանկարներից մեկին տված մեկնաբանությունը: Տարբեր տարիներին Բաքվում ու Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի տարբեր լուսանկարներ շատ եմ տեսել, այդ լուսանկարները տարածող շատ հայերի էլ գիտեմ: Բայց ի տարբերություն վերոհիշյալ դերասանի, նրանցից ոչ մեկը նկարին չի կցել «Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու» բովանդակությամբ գրառում: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ ի սկզբանե յոթուկես տոկոսանոց քաղաքական թիմին սատարող Յոթուկեսի Հովոն մտածում է` նո՞ր խոսում, թե՞ խոսում` նոր մտածում, կամ առհասարակՙ մտածո՞ւմ է: Դատելով նրա կերտած կերպարներից, դժվար է այս հարցին հստակ պատասխան տալ, մանավանդ որ գրառումը խոսում է այն մասին, որ ինքը` Հովհաննեսն էլ չգիտի պատասխանը:

Բայց բաներ կան, որ նա ուղղակի պարտավոր էր իմանալ: Առաջինն այն է, որ այդ խոսքերի իսկական տարբերակը հետեւյալն է` «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Իսկ ավելի կարեւորն այն է` Հովհաննեսը պետք է իմանար, որ այդ խոսքերի հեղինակը ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է: Նա այդ նախադասությունն արտաբերել է անցյալ դարավերջին, երբ դանակը ոսկորին էր հասել: Երբ Ադրբեջանը որոշել էր ամեն գնով խլել մեր հայրենիքը, երբ ամեն օր իրենց տներում ադրբեջանցիների կողմից հայեր էին սպանվում, երեխաներ նետվում բոցերի մեջ, կանայք ու աղջիկներ բռնաբարվում, առեւանգվում, մասնատվում: Մովսեսը, որ անկասկած, մեր անկախության շարժման ռահվիրաներից է, այդ գիտակցումը սրտում դուրս է եկել սովետական պետության վերջին մոհիկանների դեմ ու հանուն հայրենիքի արժանացել ֆիդայու բաղձանքին` հրեղեն գնդակի համբույրին:

Այսքանն իմանալուց հետո Հովհաննեսը պետք է իմանար նաեւ, որ նման բան գրելը դավաճանություն է, անպատկառություն ու անարգանք հայրենիքի զինվորի նկատմամբ: Եւ բացատրությունները, թե դա պարզ հումոր է եղել, անհարկի ու զրոյական են: Բայց մի ցավալի, անմխիթարական բան էլ կա: Հունվարի տասնիննը Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն էր, իսկ գրառումն արվել էր տասնիննի լույս քսանի գիշերը: Հետաքրքրական էՙ այս տհասությամբ ի՞նչ է ցանկացել ասել բոլոր ժամանակների դերասանը: Նա այնքան սահմանափակ է, որ կարծում է` իր արածն ուղղակի ազատամտության ու հումանիզմի դասական դրսեւորում է: Նույն նյութի մեկնաբանությունների դաշտում գրել էր` «Ես այնտեղի երիտասարդների մասին եմ մտածում»: Այս մեկը, պետք է նկատել, որ փոխադարձ է, որովհետեւ բաքվեցի երիտասարդները նույնպես մտածում են Հովհաննեսի մասին, ինչպես նաեւ` նրա ենթադրյալ կտրված գլխի ու ականջների մասին:

Դե՛, մտածի՛ր, Օհա՛ն, բայց թող ներկա մտորումներդ հանկարծ քո մեջ կարծիք չձեւավորեն թե` «Եթե կորցնենք Ղազախը, կշրջենք Ադրբեջանի պատմության վերջին էջը»:

Իրականությունը կինո չէ, եւ այստեղ զգույշ պետք է լինել, որովհետեեւ ի տարբերություն կինոյի, այստեղ նկարահանված կադրերը չեն վերանկարահանվում, ոչինչ չի խմբագրվում, ոչինչ չի սրբագրվում, եւ այս պատմությունը հավերժ կապվելու է քո անվան հետ:

Այս առումով ես, անկեղծ ասած, մտածում էի` մտավորականությունից լսել գոնե մեկ-երկու նորմալ քննադատություն, բայց մոռացա, որ... չունենք:

Պետության ղեկավարների մասին չեմ էլ ուզում խոսել, միայն մի հարց` ի՞նչ կլիներ որեւէ ադրբեջանցու վիճակը, եթե նա նմանաբովանդակ բան աներ... հիշո՞ւմ եք Աքրամ Այլիսլիին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ