RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1709, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԵՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

«Նյու Յորք Թայմսում» Շարլոտա Գոլը ընդարձակ հոդվածով անդրադարձել է Թուրքիայից զանգվածային արտագաղթի երեւույթին: Ստորեւ թարգմանաբար հոդվածի հակիրճ բովանդակությունը:

Տասնյոթը տարի շարունակ նախագահ Էրդողանը ընտրություններում հաղթանակ էր տանում Օսմանյան անցյալի փառքը վերականգնելու իր տեսլականով: Նա իր երկրի ազդեցությունը ընդարձակեց տարբեր երկրների հետ առեւտրի ծավալները մեծացնելով, ռազմաբազաներ տեղակայելով եւ ժողովրդի կենսամակարդակը բարելավելով: Բայց 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո երկիրը սրընթաց հետքայլ է կատարում: Տնտեսությունը տատանվում է, լիրան արժեքազրկվում, բռնություններն ու հովանավորչությունը ավելանում են, եւ ժողովուրդն այս անգամ այլ կերպ է «քվեարկում»ՙ նախընտրելով արտագաղթել:

Վերջին 2-3 տարում ոչ միայն ուսանողներ եւ գիտնականներ են թողնում երկիրը, այլեւ ձեռնարկատերեր, գործարարներ եւ հազարավոր հարուստներ, որոնք ամեն ինչ վաճառելով իրենց ընտանիքների հետ ընդմիշտ լքում են Թուրքիան: 2017-ին ավելի քան քառորդ միլիոն թուրքեր արտագաղթել են, ըստ թուրքական վիճակագրական վարչության տվյալների, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2016-ի տվյալները, որի ընթացքում երկիրը թողել էր 178 հազար քաղաքացի:

Մարդիկ փախչում են քաղաքական հետապնդումների, ահաբեկչությունների վախից եւ իրավական կառույցների հանդեպ խորացող անվստահությունից:

Ստամբուլի նորաձեւության Նիշանդաշի շրջանում գործող գլխարկավաճառ Մերվե Բայընդիրի (38 տարեկան) նման հազարավորներ «բիզնես-վիզայով» Լոնդոն են տեղափոխվում, կամ «ոսկյա վիզա ծրագրով» Հունաստան, Պորտուգալիա եւ Իսպանիա են մեկնում: Եվրոպայում քաղաքական ապաստան որոնողների թիվը բազմապատկվել է: Ըստ Լոնդոնի Ռիջենտ համալսարանի անդրազգային ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Իբրահիմ Սիրքեչիի , վերջին մի քանի տարիների ընթացքում 10 հազար թուրքեր «բիզնես վիզայով» Լոնդոն են տեղափոխվել, որը կրկնակի ավելի է քան 2004-15-ի ընթացքում տեղափոխվածների թիվը: Վեց անգամ ավելացել է Գերմանիայում ապաստան որոնողների թիվը: Ըստ ՄԱԿ-ի փախստականների վարչության տվյալների, աշխարհով մեկ թուրք ապաստան որոնողների թիվը 2017-ի 10 հազարից հասել է ավելի քան 33 հազարի:

Թուրքիայի միլիոնատերերից առնվազն 12 հազարը 2016-17 տարեթվերին երկրից դուրս են տեղափոխել իրենց ակտիվները, ըստ «Global Wealth Migration Review» հանդեսի: Դրանց թվում է սննդարդյունաբերության հսկաներից մեկըՙ «Յըլդըզ հոլդինգը», որն իր «Ուլկեր» բիսկվիտների արտադրության բաժնետոմսերը վաճառելով, ընտանիքի ունեցվածքը տեղափոխել է Անգլիա:

«Կյանքն անտանելի լարված է դարձել Թուրքիայում եւ վախ կա, որ քաղաքացիական պատերազմ առաջանա Էրդողանի պաշտպանների եւ նրանց հակառակորդների միջեւ», նշել է դիզայներ տիկին Բայընդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ