RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2578, Տպվել է` 243, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՔԱՅԼԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում միայն մի անփոփոխ բան կաՙ ժողովուրդը: Նկատի չունեմ թիվը, այլՙ տեսակը: Առաջ անփոփոխ էր նաեւ իշխանությունը, բայց դա մինչեւ անցյալ տարվա ապրիլ-մայիսն էր, չնայած կան մարդիկ, որոնք հիմա էլ համոզված են, որ երկրում իշխանությունը չի փոխվել, բայց դա ապացում է միայն այն, որ Հայաստանում ժողովուրդն անփոփոխ էՙ դավադրություններ որոնող, գտնող, պարտադրող:

Ազգային անփոփոխության այլ ապացույցներ էլ կան: Երեկ, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում էր մեկ անձ եւ այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն էր, ժողովրդի մի մասը վստահ էր, որ հողեր ենք տալիս: Հիմա, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ անձ եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է, կրկին ժողովրդի մի մասը վստահ է, որ հողեր ենք տալիս: Ընդ որում, ոչ երեկ ենք ունեցել հող տալու փաստեր, ոչ էլ այսօր ունենք: Այո, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց Աղդամն այսօր Արցախի Հանրապետության մաս է, չէ՞: Այո, Նիկոլ Փաշինյանը մի տեսակ էր նստած Իլհամ Ալիեւի կողքինՙ Դավոսում, դեռ ավելինՙ փողկապը ծուռ էր, բայց եթե ուղիղ փողկապով եւ ժպիտով հնարավոր լիներ լուծել ղարաբաղյան հարցը, ապա այն վաղուց լուծած կլինեին նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց բոլորին էլՙ հայր, ապա որդի Ալիեւների կողքին ժպտալիս տեսել ենք: Եւ ուրեմն, ո՞ւր են հող տալու փաստերը: Չէ, ես հասկանում եմ, որ Դավոսում կամ էլ աշխարհի ցանկացած այլ քաղաքումՙ հատկապես հակամարտող երկրների ղեկավարների ժամուկեսանոց հանդիպում կազմակերպելու համար պետք է մի քանի ամիս առնվազն աշխատել, հետեւաբար Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հայաստանյան ցույցերի պես ինքնաբուխ չի եղել, ես նաեւ հասկանում եմ, որ Փաշինյանն ու Ալիեւը չեն կարող այնքան ազատ ժամանակ ունենալ, որ ժամուկես մտքեր փոխանակեն ղարաբաղյան հիմնահարցի պատմությունից, ոչ թե ապագայից, ես հասկանում եմ նաեւ, որ Դավոսում Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին երրորդ անգամ, 3-ն էլ ոչ ֆորմալ եւ, ուշադրություն, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության: Եւ վերջապես, ես հասկանում եմ, որ այդ հանդիպումից հետո Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահ երկիրՙ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, «Վաշինգտոնի բազե» անունով հայտնի Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցում չի կարող խոսած չլինել ղարաբաղյան հիմնահարցից, մանավանդ, որ այդ հարցը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում ամերիկյան պլանների իրագործմանը: Դուք էլ հասկանում եք, որ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, եւ այնտեղ փողկապի յուրաքանչյուր ծալքը կարեւոր կարող է լինել: Բայց եթե երեկ Սերժ Սարգսյանը, այսօրՙ Նիկոլ Փաշինյանը որոշեր կամ որոշի հողեր տալ Ադրբեջանին, ինչը, ըստ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի տեղի է ունենալու այս տարվա հունիսին, մենքՙ նկատի ունեմ հայ ժողովուրդը, դա թույլ կտայի՞նք, կամ տալո՞ւ ենք: Սա ամենակարեւորն է, որովհետեւ եթե, ինչպես Փաշինյանն է ասումՙ երկրի տերն այլեւս քաղաքացին է, ուրեմն քաղաքացին նաեւ հողի տերն է, այնտեղ ինքնորոշվելու իրավունքի իրացման տերն է: Եւ ուրեմն, մենք ունե՞նք ազգային, կներեք, բայց քննարկում, թե ի՞նչ ենք ուզում ղարաբաղյան հարցում...

Վերջերս, հենց իմ ընկերների մեջ հայտնաբերեցի մարդկանց, որոնք ասում ենՙ այո, կարելի է ինչ-որ բան զիջել (չեն ասումՙ հող), փոխարենը ստանալ անվտանգության երաշխիքներՙ առաջնագծում, որպեսզի էլ զոհ չունենանք: Շա՞տ են այսկերպ մտածողները, զգալիորե՞ն են զիջումՙ ոչ մի թիզ հող թշնամուն բղավողներին: Որպեսզի սա հասկանանք, իսկ առանց սա հասկանալու ղարաբաղյան հարցը չի լուծվելու, պետք է դադարել միմյանց դավաճան անվանելուց եւ նստել մեկ սեղանի շուրջՙ խոսելու, անկեղծ, պարզ, հասկանալի եւՙ թքա՛ծ, որ թուրքը կլսի: Նույնիսկ շատ ավելի լավ որ լսի, քանի որ այդ քննարկումից հետո մենք ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների սեղանին կդնենք ոչ թե մադրիդյան, այլ հայկական սկզբունքներ, որից շեղվել մենք թույլ չենք տաՙ այսօր Փաշինյանին, վաղը չգիտեմ ում:

Բայց այս խոսակցությունը գոնե տեսանելի ապագայում չի լինի, որովհետեւ Հայաստանում միայն մի անփոփոխ բան կաՙ ժողովուրդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ