RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2453, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆԳԱՌՆԵՐ ՉՈՒՆԻ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հետհեղափոխական Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք հասարակության մի մասն ընդունում եւ ողջունում է ուռահայրենասիրությամբ, իսկ մյուս մասն էլ` ժխտողական ու կիկոսային մոտեցումներով: Այսինքն` դեռ չծնվածին ու գոյություն չունեցողին թաղում կազմակերպելու հոգեբանությամբ: Հերթական անգամ մեր հասարակության ընդերքում ընթանում է միմյանց մերժելուն ուղղված գործընթաց, որի արդյունքում էլ այն երկփեղկվում է: Ընդ որում, այս անգամ թեեւ առերեւույթ քաղաքակիրթ ձեւերով է դա դրսեւորվում, սակայն ակնհայտ է նաեւ, որ կողմերն առաջին իսկ հնարավորության դեպքում հաստատ միմյանց չեն խնայի քաղաքական դաշտից դուրս մղելու հարցում:

Այդ ամենն ավելի հստակ երեւում է դեռեւս առաջին քայլերը կատարող խորհրդարանում, որտեղ ակնհայտ է լոկ սահմանադրորեն նախատեսված ամենաընդդիմադիրի դափնու համար անզիջում պայքարը «Բարգավաճ» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջեւ: Պայծառատես չեմ, կանխագուշակություններն էլ սկզբունքորեն անշնորհակալ գործ եմ համարում, սակայն պատմաբանիս դիտարկումներն ու ապրածս տարիների կենսափորձը հուշում են, որ իրական ընդդիմադիրը ավելի շուտ հենց կառավարող ուժի ներսում է: Հենց այնտեղից են սկսվելու սկզբում որեւէ հարցի շուրջ տարաձայնությունները, որոնք ձնագնդիկի էֆեկտով արագ մեծանալու են, իսկ այնուհետեւ դառնալու են նոր քաղաքական ուժ, ընդհուպՙ նոր կուսակցություն:

Հիշենք 1990-ականների առաջին տարիները եւ առաջին գումարման ՀՀ Ազգային ժողովը: Այն, ի դեպ, ամենագաղափարականն էր: Այնտեղ տեղի էին ունենում հայեցակարգերի իսկական բախումներ, սակայն միեւնույն ժամանակ մեկ նպատակի` անկախության շուրջ համախմբված միասնաբար պայքարում էին ՌԱԿ, ՀՅԴ, ԱԻՄ, Հանրապետական, ՍԻՄ կուսակցություններն ու ՀՀՇ-ն: Իսկ այնուհետեւ ազգային զարթոնքի պոռթկման արդյունքում վայելելով համաժողովրդական վստահությունն ու քվենՙ իշխանության եկած ՀՀՇ-ն ու բոլոր քաղաքական այդ ուժերը մինչեւ 1994-ի զինադադարը, ամբողջովին կլանված լինելով պատերազմի հարուցած դժվարություններով, առժամանակ կոնսերվացրել էին տարաձայնությունները, համատեղում էին ուժերը եւ հիմնականում գործում էին միասնաբար: Սակայն զինադադարի կնքումն ու ՀՀՇ-ի կողմից իշխանության ուզուրպացումը առիթ դարձան, որ այդ նույն ՀՀՇ-ն նույնքան արագ էլ ճաքեր տար, որի արդյունքում իրար հետեւից ծնվեին ԱԺՄ, ՀԺԱՄ եւ այլ կուսակցություններ:

Մեղմ ասածՙ բարիկադի տարբեր կողմերում հայտնվեցին ՀՀՇ-ի ոչ վաղ անցյալում տեսական, գաղափարական ու գործնական առաջնորդներն ու նրանց հետեւորդները: Այդ ամենը հասցրեց նրան, որ երբեմնի ամենահզոր ու ժողովրդի ճնշող մեծամասնության քվեն ստացած այդ քաղաքական ուժը շատ արագ ոչ միայն կորցրեց իշխանությունը, այլեւ տեւական ժամանակ դարձավ ընդդիմադիր ու զանազան ուժերի հետ համագործակցելու գնով սկսեց պայքարել գոնե խորհրդարանում մնալու համար: Իսկ հետագա տարիների ընթացքում եւ հատկապես 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո փաստորեն դադարեց քաղաքական գործընթացներին լուրջ մասնակցություն ունենալուց:

Կրկնում եմ, կանխագուշակություններ կատարելն անշնորհակալ գործ եմ համարում: Սակայն դրանք երբեմն իրականություն են դառնում: Ավելին, որոշ գործընթացներ տեղի են ունենում օբյեկտիվ զարգացումների արդյունքում եւ դրանք անտեսելն ու չնկատելը պարզապես կարող են հանգեցնել ոչ ցանկալի արդյունքների: Անուղղելի լավատես լինելով ուզում եմ երկու կարեւոր հանգամանք ընդգծել.

ա) տարածաշրջանի ամենահզոր ու «արքայից արքա» թագավոր ունեցող հայ ժողովուրդը դարերի ընթացքում չնչին բացառություններով մինչեւ վերջին արցախյան պատերազմը, անընդհատ կորցրել է, փոքրացել: Ընդ որում այնքան, որ նույնիսկ քարտեզի վրա նշելու չափ տեղ չի մնացել եւ այդ ամեննՙ իմ խորին համոզմամբ ոչ միասնական լինելու հետեւանքով,

բ) բոլոր այն դեպքերում, երբ միասնական ենք եղել, հաղթել ենք: Ընդ որում, հաղթել ենք ռազմագիտական բոլոր հաշվարկները «խախտելով» ու անհավանական թվացող դեպքերում: Հաղթել ենք նույնիսկ թնդանոթի ու անհամեմատ մեծաքանակ թշնամու դեմ (Զեյթունի, Վանի, Մուսա լեռան հերոսամարտերը, Սարդարապատը, Շուշին եւ այլն) հրացանով կռվելով: Այսինքն` հայի ոգին ու կորովը անպարտելի է, եթե այն ներսից չի վնասվում:

Իսկապես սպիրալաձեւ զարգացող (ժամանակի եւ տարածության մեջ ամեն ինչ կրկնվում է նոր մակարդակում) պատմությունը կանգառներ եւ նույնիսկ դադարներ չունի: Ամիսներ առաջ միակամվեցինք նախորդ իշխանություններին մերժելու եւ դուրս մղելու համար: Հանգամանքների բերումով թե նախախնամությամբ, համաժողովրդական այդ պոռթկման տրամաբանական շարունակությունն այսօրվա իշխանություններն են: Ուրեմն թող նրանք էլ դասեր քաղեն պատմությունից եւ ճիշտ օգտագործեն պատմության ընձեռած հնարավորությունը, ամեն ինչ անեն միասնությունն ու միակամությունն ապահովելու համար եւ ժողովրդին ու պետությանը առաջնորդեն ազգանպաստ ուղիով: Հակառակ դեպքում անկանգառ պատմությունը առաջ է ընթանում նաեւ ինքնամաքրվելով:

Իսկապես, պատմությունը կանգառներ չունի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ