RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2621, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Այն, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատթարանում է, նկատելի է անգամ անզեն աչքով: Փակված եւ փակվող ձեռնարկություններ, գյուղատնտեսական բերքի մեծ կորուստ, ներդրումների ծավալների նվազում: Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձի իր Դավոս մեկնելը ներկայացնել ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ ուղեւորություն, միեւնույնն է, այն մնալու է որպես մեր բոլորիսՙ պետական բյուջեի հաշվին վարչապետի եւ նրա շրջապատի անիմաստ ուղեւորություն Շվեյցարիա: Դավոսյան համաժողովից ներդումների անկնալիքը սին է, որի պատճառը ոչ թե ներդրողներն են, այլ հայաստանյան իրականությունը:

Հայաստանն ինքնին գրավիչ երկիր չէ ներդումների համարՙ փոքրաթիվ եւ ցածր վճարունակություն ունեցող բնակչություն եւ սպառման փոքր շուկա, արտաքին աշխարհի հետ ճանապարհների լուրջ խնդիր, երկկողմանի շրջափակում եւ պատերազմական փաստացի իրավիճակ հարեւաններից երկուսի հետ: ԵԱՏՄ մուտքը թեեւ հնարավորություն տվեց ներդրողներին առաջարկել մուտք գործել ոչ թե Հայաստանի փոքր շուկա, այլ միության ընդհանուր շուկա, բայց նրանք չեն շտապում օգտվել այդ հնարավորությունից: Հատկապես ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա» կոչվող հեղափոխությունից եւ իշխանության գլուխ ներկայիս վարչապետի եւ նրաՙ կառավարումից անտեղյակ թիմի անցնելուց հետո, ներդրողները հայտնվեցին առավել աննպաստ վիճակում:

Համոզիչ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ինքը ներդրողների հետ «փայ» չի մտնում եւ կարող է երաշխավորել նրանց ներդրումների անվտանգությունը: Նա այդպես էլ չբացահայտեց գեթ մեկ դեպք, երբ որեւէ ներդրող դժգոհի այն բանից, որ նախկինում իշխանությունը «փայ» է մտել կամ ցանկացել է այդպես անել: Ինչ վերաբերում է ներդրումների պաշտպանության մասին հայտարարությանը, ապա նման հայտարարություններ արել են առանց բացառության բոլոր նախորդ նախագահներն ու վարչապետները: Միամիտների կամ անտեղյակների համար է դա նորություն, իսկ ներդրողներին նման հայտարարություններով չես գրավիՙ նրանք ոչ առաջիններից են, ոչՙ երկրորդներից:

Անցած 9-10 ամիսների ընթացքում վարչապետի կողմից նախաձեռնված աննախադեպ արշավը տնտեսվարողների դեմՙ իբր թե կոռուպցիայի դեմ պայքարելու պատրվակով, բավականին բացասական ընկալում է ձեւավորել ներդրումների առումով: Հիշեցնենք, որ դիմակավորված ստուգումներն ու ընկերությունների գործարար համբավը վարկաբեկող պաշտոնական կառույցների հաղորդագրությունները առնչվեցին ինչպես տեղական ներդրողների ընկերություններին, այնպես էլ օտարերկրյաՙ այդ թվում այնպիսի համակարգային ներդրողներին, ինչպիսիք ռուսական «Գազպրոմ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղին» կամ ֆրանսիական «Վեոլիան» են: Վերջին տարիների խոշորագույնՙ Ամուլսարի 370 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրն էլ կասեցված է արդեն 8 ամիս, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի պաշտպանում ներդրողին: Այս ծրագրի կասեցման բացասական արձագանքի մասին խոսել են մասնավորապես Հայաստանում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները: Հավելենք, որ Երեւանի նոր ՋԷԿ-ի եւ Շնողի ՀԷԿ-ի խոշոր ներդրումային ծրագրերը, որոնցից առաջինը ամբողջությամբ համաձայնեցված էր Հայաստանի նախկին կառավարության հետ, իսկ երկրորդը գտնվում էր այդ փուլում, չիրագործվեցին եւ այժմ էլ խոսքերից այն կողմ դեռ գործնական տեղաշարժ չկա:

Եվ ահա, ներդրումների այս աղետալի եւ տնտեսական աճի սրընթաց անկման ֆոնին, Նիկոլ Փաշինյանը արել է հետեւյալ գրառումը.

«ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել ենՙ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ: Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլարՙ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց: Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքումՙ ըստ եռամսյակների:

2017 թ. I եռամսյակ, 68 մլն դոլար

2017 թ. II եռամսյակՙ 29.1 մլն դոլար

2017 թ. III եռամսյակՙ 50.9 մլն դոլար

2017 թ. IV եռամսյակՙ 101.8 մլն դոլար

2018 թ I եռամսյակՙ 94.2 մլն դոլար

2018 թ. II եռամսյակՙ 8.9 մլն դոլար

2018 թ. III եռամսյակՙ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որիՙ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները: 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել: Դուխով» :

Ակնհայտ է, որ ներդրումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշները ոչ միայն հպարտանալու պատճառ չեն, այլ ընդհակառակը :

Առաջին հերթին նշենք, որ ներդրումները մինչ իրականություն դառնալը, անցնում են երկար ճանապարհ: Հետեւաբար, 2017 թ.-ի եւ 2018 թ.-ի առաջին եռամսյակի ներդումների աճը նախորդ կառավարության ջանքերի արդյունքով է եղել: Ի դեպ, այդ ընթացքում ներդրումների աճը շարունակական է եղել եւ հատկանշական է, որ 2018 թ.-ի առաջին եռամսյակումՙ տնտեսապես ոչ ակտիվ ժամանակաշրջանում, ներդրումների ծավալը հասել է 94,2 մլն դոլարի:

Սակայն, եթե ներդրումներ ներգրավելու համար երկար ժամանակ է պահանջվում, ապա դրանք կարող են դադարել օրերի ընթացքում: Պատահական չէր, որ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում, երբ Հայաստանը ցնցվում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից, ներդրումները նվազել են 11 անգամ:

2018 թ.-ի երրորդ եռամսյակում ներդրումներն իսկապես ավելացել են: Սակայն դրանք որեւէ կապ չունեն նոր կառավարության հետ: Դրանք այն ներդրումներն են, որոնք, ինչպես արդեն նշվեց, սկսվել են 2017 թ.-ից եւ կասեցվել 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում: Վարչապետը չի կարող նշել գոնե մեկ ներդումային ծրագիր, որը ներգրավվել է իր կամ իր կառավարության ջանքերով: Այդպիսի ներդրում պարզապես չկա:

Եվ մի հանգամանք, որ հաստատ չեն նկատի վարչապետի ամեն ասածից հիացողներն ու նրան փառաբանողները, այն է, որ չնայած 2018 թ.-ի ներդրումների աճին, այն շարունակում է ցածր մնալ առաջին եռամսյակի համեմատ: Ավելին, անգամ երկրորդ եւ երրորդ եռամսյակների ներդրումները միասին վերցրած չեն հասնում առաջին եռամսյակի ներդրումների չափին: Նիկոլ Փաշինյանի վարչապետության վեց ամիսներին միասին վերցրած ներդրումները կազմել են 85,4 մլն դոլար, իսկ Կարեն Կարապետյանի վարչապետության առաջին եռամսյակում, ինչպես նշվել է, 94,2 մլն դոլար :

Հետաքրքրական է, թե ինչպե՞ս կարելի է նման վիճակագրությունը ներակայացնել որպես նվաճում, այն դեպքում, երբ դրական ցուցանիշները նախորդ կառավարության քայլերի արդյունք են, իսկ սեփականըՙ պարզապես չկա: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ իրերն իրենց անունով կոչել եւ նշել, որ ներդրումների այդ ծավալը նախորդ կառավարության շնորհիվ է եղել: Ընդհակառակը, նա այլ սովորության ունիՙ ներկայացնել տնտեսական ցուցանիշներ եւ դրանք վերագրել իրեն, որոնց բարձր լինելու միակ պատճառը եղել է այս տարվա առաջին եռամսյակի բարձր ցուցանիշները, որոնք հետագա ամիսներին նվազել են, բայց դեռ շարունակում են բարձր մնալ: Թե ինչպես է կոչվում նման գործելաոճը, թողնում ենք յուրաքանչյուրի գնահատականին: Նման կերպ նա վարվել է նաեւ դավոսյան համաժողովի համար պատրաստած իր հոդվածում:

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը գրել է. «ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը եւ գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին եւ ներքին ցնցումների նկատմամբ: 2017թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը եւ 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով» :

Այն, որ 2017 թ.-ի բարձր արդյունքները արձանագրվել են նախորդ կառավարության օրոք, թերեւս հասկանալի է բոլորին: Ինչ մնում է 2018 թ.-ի մասին նրա բերած տվյալներին, ապա դրանք եւս 2018 թվականի 1-ին եռամսյակի արդյունքն են: Միանշանակ է, որ դրանք կպահպանվեին եւ գուցե ավելի բարձր լինեին, եթե «հպարտ» քաղաքացիները չնախընտրեին հավատալ ներկայիս վարչապետի դատարկ խոստումներին, որոնց իրականացումը իրատեսական չէ եւ որոնց մասին նրանք արդեն մոռացել են: Վերջինս էլ շարունակում է իրեն վերագրել ուրիշի հաջողությունները, երեւի մտածելով, որ բոլորն են իր հայտնած տեղեկատվություններին հավատում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ