RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6267, Տպվել է` 261, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բարաք Օբաման ծնունդ տվեց Դոնալդ Թրամփին, Ֆրանսուա Օլանդըՙ Էմանուել Մակրոնին, իսկ... Սերժ Սարգսյանըՙ Նիկոլ Փաշինյանին: Կարող էի այս շարքը Հին կտակարանի «Ծննդոց» գրքի նմանողությամբ շարունակել: Սակայն նախընտրելի է մնալ, ինչպես ասում են, մեր ափսեում եւ բավարարվել զուգահեռական մի քանի դիտարկումներով, առանձնացնելով Մակրոն-Փաշինյան զույգին, որքան էլ որ անհեթեթ համարվի մասշտաբային որեւէ համեմատություն Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ:

Սկսելով կարգախոսային նմանությունից (Մակրոնի շարժումը բառացի կոչվում էր «Հանրապետությունը քայլքի վրա» (La Republique en marche) եւ հասնելով մինչեւ հարկային-ֆիսկալ միջոցառումներ, Ֆրանսիայի եւ Հայաստանի ներկայիս լիդերների միջեւ առկա են բազմաթիվ նմանություններ, անշուշտՙ բազմաթիվ տարբերությունների կողքին: Էմանուել Մակրոնը 2017-ի մայիսին իշխանության հասավ խիզախ բարեփոխումների խոստումներով: Ժողովրդականություն չվայելող իր նախորդի եւ Մարին լը Պենի գեր-ազգայնականության ֆոնինՙ Մակրոնը նախագահ ընտրվեց մեծամասնական ձայներով, որոնք գրեթե 60 տոկոս կազմեցին հաջորդող խորհրդարանական ընտրություններում: Խորհրդարանական հանգիստ մեծամասնության պայմաններում թվում էր, որ համաեվրոպական մակարդակում որպես օրինակելի դիտարկվող Մակրոնիզմը ներքին ճակատում նույնպես կհաջողի գոհացնել միջին խավի ակնկալությունները, սակայն այդ հույսերը ի դերեւ ելան հարկային եւ աշխատանքային նոր օրենսդրական փոփոխությունների հետեւանքով, որոնք, պարզվեց շուտով, օգտակար էին միայն հարուստ ու գործատու խավերին, այսինքն հասարակության մի փոքր հատվածին: Օրենսդրական փոփոխություններՙ որոնք հաստատվում էին խորհրդարանի կողմից, որտեղ տիրապետող են նախկին ձախերից բաղկացած, համեմատաբար շատ երիտասարդ ու բոլորովին անփորձ երիտասարդները:

Իր իշխանության 100-րդ օրը Մակրոնը դիմավորեց ներքին լրջագույն դժգոհությունների պոռթկումով, որի առաջին ազդանշանը տվել էին իր սեփական կառավարության 4 անդամները իրենց հրաժարականովՙ կեղծ աշխատատեղերի հետ կապված սկանդալի հետեւանքով: Գործազրկությունը երկրում անցել էր բոլոր կարմիր գծերըՙ մոտենալով 10 տոկոսի նիշին, իսկ բյուջեի դեֆիցիտի տոկոսըՙ Եվրոմիության թույլատրած առավելագույնՙ 3 տոկոսին: Տնտեսական աճը 2018-ի սեպտեմբերին կազմել էր ընդամենը 0,5 տոկոս, հետեւաբար արտակարգ ուժեղացել էին արհմիությունները, որոնք իրարահաջորդ գործադուլներով ու բողոքի ցույցերով շիկացնում էին ներքաղաքական իրավիճակը, որը պայթեց GJ («gilets jaunes»- «դեղին ժիլետներ») շարժման գործողություններովՙ փողոցային ամենավայրագ դրսեւորումներով: Դիզելային վառելիքի նորմերի ու գնի փոփոխությանը հետեւած այդ շարժումը շատ շուտով վերածվեց սոցիալ-տնտեսական բազմաշերտ դժգոհությունների կուտակիչի, որն սպառնում է ոչ միայն Մակրոնի իշխանությանը, այլեւ Եվրոպական համախմբմանը, որտեղ, բրիտանական BREXIT-ի եւ Արեւելյան Եվրոպայի անհնազանդության պայմաններում ե՛ւս առավել թուլացնում է Եվրոմիության կայունությունը ապահովող Ֆրանսիա-Գերմանիա կորիզը:

Նմանությունների այս ֆոնին ես չեմ փորձելու մերՙ Հայաստանի զուգագիծը անցկացնել, ինչը հստակորեն գծել են մեր ավելի ձեռնհաս աշխատակիցները հաջորդող էջերում: Սակայն փորձելու եմ տպավորություններս խտացնել հասարակ մարդկանց հետ առօրյա շփումներիս ընթացքում արձանագրածս մի պարզ նախադասության մեջ. «Հները լավը չէին, իսկ նորերըՙ եսի՞մ»:

Այո, խաղաղ հեղաշրջումից արդեն 9 ամիս անց, մեր երկիրը գտնվում է անորոշությունների, նորանոր հարցականների, հետզհետե կուտակվողՙ եթե ոչ դժգոհություններիՙ ապա անբավարարվածության մթնոլորտում, որտեղ օրըստօրե ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի բացարձակաիշխանության անձեռնհասությունը, ընդսմին Արցախյան հիմնահարցում: Ճիշտ է, մեր ժողովուրդը, ի տարբերություն Ֆրանսիայի եւ այլ երկրների, համբերատար է, ինչ-որ տեղՙ հանդուրժող ու միշտ հուսալից: Սակայն չի կարելի նրան ընդերկար զբաղեցնել հաշվեհարդարների, «բռնոցի-թռցնոցի» տեսարաններով, քաղաքական ու տնտեսական կարկատաններով: Ժամանակը բնավ մեր օգտին չէ, սպասումների սահմանագիծն անցնում ենք արդեն: Դրական տեղաշարժերի, գործնական եւ արդյունավետ գործողությունների սպասումների պահանջըՙ անմիջական: Նիկոլի սրտի ուզած խորհրդարանը մեկնարկեց աշխատանքները, շուտով կկազմվի նրա ճաշակին հարիր կառավարությունը: Ժողովրդի մի կարեւոր հատված դեռեւս հավատում է, արեւմտահայերս պիտի ասեինքՙ կսիրե հավատալ, որ խաղաղ հեղաշրջման առաջնորդը ի վիճակի է փոխելու մեր կյանքը: Դեռեւս շատերը չեն ուզում նկատել խորհրդարանում ու կառավարական օղակներում իրար եկած անփորձների անհեռանկարայնությունը: Չեն սիրում նկատել աշխատանքային անարդյունավետության գիտակցումից բխած ջղաձգությունը, որը վարակել է անգամ վարչապետին, այնքանՙ որ հաջողությունների բացալայության դիմաց քավության նոխազ է փորձում դարձնել մամուլի հրապարակումները:

Պետք է արագ, մտածված եւ ծրագրված քայլերով ցրել անորոշությունները, գոնե գլխավորներըՙ առաջնահերթության կարգով: Սա է ժողովրդի ակնկալությունը:

Այլապեսՙ անորոշությունը կսպանի մեզ, երկիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ