RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1635, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՄՊԵՈՆ ԵՎ ԲՈԼԹՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Էրդողանի սիրիական կարգավորման ծրագիրը

Սիրիայից եւ մասնակիորեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություն անելուց հետո նախագահ Թրամփը որոշել է դիվանագիտական լուրջ գործողություններ սկսել Մերձավոր Արեւելքում: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հունվարի 8-ից մինչեւ 15-ը շրջագայություն է կատարում Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Սաուդյան Արաբիայում: Իսկ հունվարի 4-ին սկսվել է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի այցելությունը Իսրայել եւ Թուրքիա:

Պոմպեոյի եւ Բոլթոնի այցելության երկրների բաշխումը եւ դրանց բուն աշխարհագրությունը մեծ հետաքրքրություն են առաջացնում: Պետքարտուղարին հաջողվել է Անկարայի հետ համաձայնության հասնել լոկ մանրուքների շուրջ: Նախագահի օգնականն իրեն ներկայացնում է որպես քաղաքական ծանրաքաշային, որը ցուցաբերում է կոմբինացիոն մտածողության ունակություն: Սակայն երկուսն էլ պատկանում են «վաշինգտոնյան ճուռակների» թվին: Սիրիայից եւ մասամբ Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունից հետո Պոմպեոն մի ամբողջ օր լռություն պահպանեց, ապա ասաց, որ նախագահը որոշումն ընդունել է սուր բանավեճերով ուղեկցված լուրջ խորհրդակցությունից հետո: Դժվար չէ կռահել, թե ում կողմից էր պետդեպարտամենտի ղեկավարը: Ինչ վերաբերում է Բոլթոնին , բրիտանական The Guardian թերթի վկայությամբ, նրա դիրքորոշումը մնում է անհասկանալի, չնայած որ, դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով, թերթը նշում է, որ օգնականը «կատաղել է»ՙ իմանալով իր պետի որոշման մասին: Սա խորհել է տալիս, որ Բոլթոնը հրավիրված չի եղել խորհրդակցությանը:

Ուստի կարելի է ենթադրել, որ նույնիսկ դիվանագիտական առումով Պոմպեոյի եւ Բոլթոնի ուղեւորությունները կրում են ոչ լիարժեք բնույթ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Քանզի բանակցություններում նրանց գործընկերները հասկանում են, որ Թրամփը հազիվ թե ղեկավարվի իրենց զեկույցներով: Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը երկու պաշտոնյաների մերձավորարեւելյան շրջագայությունների առնչությամբ ասել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում Իրանը համարում է միջազգային կայունությանը սպառնացող գլխավոր վտանգՙ նշելով, որ պետքարտուղարը կփորձի ստեղծել նոր հակաիրանական կոալիցիա: Սակայն դա չհաջողվեց Թրամփին, չի հաջողվի նաեւ Պոմպեոյին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Մանավանդ հիմա, երբ տարածաշրջանի երկրները սկսել են զգալ այնտեղ ԱՄՆ-ի ազդեցության նվազումը:

Ինչ վերաբերում է Բոլթոնին, նա, The Washington Post թերթի հաղորդման համաձայն, պետք է փորձեր մերձեցնել Իսրայելի եւ Թուրքիայի դիրքորոշումներըՙ թուրքերին հրապուրելով ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում սպասվող հեռանկարներով եւ խոստանալով անհրաժեշտության դեպքում օդային աջակցություն ցուցաբերել եւ տեխնիկապես օգնել Թուրքիայի զինված ուժերին:

Բոլթոնը Անկարա այցելեց Իսրայելից հետո: The Wall Street Journal-ը գրում է, որ Թուրքիան խնդրել է ռազմական աջակցություն, որպեսզի կարողանա ստանձնել «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական բեռը: Խոսքը ավիացիայի, տրանսպորտի եւ հաղորդակցությունների մասին է: Թուրքերի պահանջներն այնքան շատ են, որ եթե ԱՄՆ-ը համաձայնի նրանց օգնել, ապա միայն կընդլայնի իր ներկայությունը Սիրիայում: Բոլթոնը Իսրայելում քննարկել էր տարածաշրջանի խնդիրները, իսկ Սիրիայի առնչությամբ հայտարարվել էր, որ ամերիկյան զորքի դուրսբերումը չպետք է վնասի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների անվտանգությանը:

Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան զորքը Սիրիայի հյուսիս-արեւելքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Անկարան երաշխավորի քրդերի անվտանգությունը: Բացի դրանից, նա Թուրքիայից պահանջել է իր ռազմական գործողությունները համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ, որպեսզի դրանք չսպառնան ամերիկացի զինծառայողներին: Այսպիսով, նրա խոսքերը դարձան Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը դանդաղեցնելու առաջին հավաստումը: Դա հարուցեց Անկարայի դժգոհոթյունը, քանի որ այդպիսով ԱՄՆ-ը սահմանափակում է թուրքերի ազատ գործելու հնարավորությունը:

Բանակցություններից հետո խորհրդարանում Էրդողանը իր կուսակիցների առջեւ ելույթ ունենալով հայտարարեց, որ քրդերի վերաբերյալ Բոլթոնի ներկայացրած պահանջներն անընդունելի են: Որոշ թուրք փորձագետներ Էրդողանին հորդորեցին, որ նա Թրամփից պահանջի Բոլթոնի հրաժարականը:

The New York Times թերթի էջերում նախագահ Էրդողանը օրերս առաջարկեց Սիրիայի հակամարտության կարգավորման եւ տարածքային ամբողջականության պահպանման իր տարբերակը: «Իսլամական պետության» դեմ հաղթանակից հետո Անկարայի վերահսկողությամբ Սիրիայում պետք է ստեղծվեն «կայունացման ուժեր» եւ տեղական խորհուրդներ, որոնցում ներկայացված կլինեն տարբեր հանրակցություններ: Էրդողանի կարծիքով, ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է մանրակրկիտ կերպով մշակվի «ճիշտ դաշնակիցների» հետ, որպեսզի պաշտպանվեն ԱՄՆ-ի, միջազգային ընկերակցության եւ Սիրիայի ժողովրդի շահերը: Նրա խոսքերով, միայն ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ բանակն ունեցող Թուրքիան բավարար ուժ եւ պատրաստակամություն ունի տվյալ խնդիրը լուծելու համար:

2016 թվականին Թուրքիան ցամաքային զորքեր տեղաբաշխեց Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այդ ռազմական ներխուժումը ծայրահեղականներին զրկեց ՆԱՏՕ-ի սահմանները հատելու հնարավորությունից եւ դժվարացրեց ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում: Էրդողանը պնդում է, որ Ռաքքայում եւ Մոսուլում ռազմական գործողությունների ժամանակ արեւմտյան կոալիցիան շեշտը դնում էր օդային հարվածների վրաՙ անտեսելով խաղաղ բնակչության կորուստները:

«Սիրիայում «Իսլամական պետությունը» ռազմական տեսակետից ջախջախվեց, բայց մեզ մտահոգում է, որ ինչ-ինչ արտաքին ուժեր կարող են այդ կազմակերպության մնացուկներն օգտագործել Սիրիայի ներքին գործերին իրենց միջամտությունը արդարացնելու համար», խոստովանում է Էրդողանը: Նրա կարծիքով, ահաբեկչական կազմակերպության ջախջախումը լոկ առաջին քայլն է: Իրաքյան ռազմարշավը, որի ընթացքում էլ ծնունդ առավ «Իսլամական պետությունը», ցույց տվեց, որ ժամանակից շուտ հայտարարված հաղթանակը եւ չկշռադատված գործողությունները ավելի շուտ խնդիրներ են ստեղծում, քան լուծում են դրանք:

Էրդողանի առաջարկած «կայունացման ուժերը» պետք է ընդգրկեն զինծառայողներ Սիրիայի հասարակության բոլոր այն խավերից, որոնք կապված չեն ծայրահեղական խմբավորումների հետ: Տարբեր կողմերի ներկայացրած միայն այդպիսի կազմակերպությունը կկարողանա «ծառայել բոլոր քաղաքացիներին եւ իրավակարգ հաստատել երկրի տարբեր մասերում»: Ըստ որում, Էրդողանը նշում է, որ ինքը պատրաստ է երկխոսել նաեւ տեղացի քրդերի հետ: Թուրքիան մտադիր է համագործակցել եւ սեփական քայլերը համակարգել դաշնակիցների հետ: Որպես Ժնեւի եւ Աստանայի գործընթացների շրջանակներում թե՛ ԱՄՆ-ի, եւ թե՛ Ռուսաստանի հետ համագործակցող երկիր, Թուրքիան մտադիր է զարգացնել այդ հարաբերությունները, որպեսզի լուծի Սիրիայի խնդիրները:

Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, ամերիկացիները Սիրիայի ուղղությամբ փորձում են փլուզել Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի դաշինքըՙ Անկարային դրդելով Թեհրանի հետ հակամարտության: Բայց Անկարան դժվար թե համաձայնի նման քաղաքական ու ռազմական արկածախնդրությունների, մանավանդ որ նա Թեհրանի հետ համանման վերաբերմունք ունի քրդերի հանդեպ: Ինչպես Թեհրանին, այնպես էլ Անկարային ձեռնտու չէ քրդական ինքնավարությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Բացի դրանից, ԱՄՆ-ը հեռանում է, իսկ Ռուսաստանը մնում: Այլ հարց է, եթե Բոլթոնին հաջողվի քրդերի հետ ամերիկացիների «սիրախաղը» համատեղել Անկարային լայն գործընկերության խոստումներ տալու հետ, որպեսզի թույլ չտա Թուրքիայի հետագա մերձեցում Մոսկվայի հետ: Բայց դա ընդամենը աշխարհաքաղաքական ինտրիգ է, այլ ոչ թե կշռադատված ռազմավարություն: Բացի դրանից, Թուրքիայում սառնությամբ են ընկալում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը: Թեկուզ այն պատճառով, որ Թրամփը, հանդես գալով Թեհրանին հասցեագրված սպառնալի հայտարարություններով, գրեթե միշտ ասում է, թե հաճույքով կբանակցի Իրանի հետ:

Ոչ մի երկիր չի ժխտում, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում փոխում է իր դիրքորոշումը: Պարզ է նաեւ, որ ԱՄՆ-ը չի ուզում խորանալ այդ տարածաշրջանի խնդիրների մեջ եւ նախընտրում է գործել «ուրիշի ձեռքերով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ