RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4581, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀՇ-ԻՑ ՎԱՏՙ ՄԻԱ՛ՅՆ ՀՀՇ-Ն

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Կոմունիստների օրոք անեկդոտ կար. աշխատանքից ազատված հիմնարկի պետը իր փոխարեն նշանակված նոր տնօրենին երեք ծրար է հանձնում: -Պահիր չհրկիզվող պահարանում,-ասում է,- հենց տեսնես գործերը վատանում ենՙ հերթով կբացես... Անցնում է որոշ ժամանակ, հիմնարկում գործերը վատանում են, վերադասը անվերջ քննադատում է նոր տնօրենին: Հիշում է նախորդի թողած ծրարները եւ բացում դրանցից առաջինը: Մի՛ հուսահատվիր, ամեն ինչ գցիր ինձ վրա, ժամանա՛կ շահիրՙ ինձ փնովելով, սա՛ է իմ առաջին խորհուրդը քեզ... Իսկապես, այդ կերպ բավական ժամանակ է ձգում, բայց գալիս է օրը, եւ հասկանում է, որ երկրորդ ծրարը բացելու ժամանակն է: - Խոստացիր եռանդուն միջոցներ ձեռնարկել բացթողումները վերացնելու ուղղությամբ, սա՛ է իմ երկրորդ խորհուրդը քեզ,- գրված էր երկրորդ նամակում: Այս խորհրդի շնորհիվ եւս մի որոշ ժամանակ է շահում: Սակայն, ավա՜ղ, գալիս է նաեւ երրորդ ծրարը բացելու պահը: - Եթե առաջին երկու ծրարների մեջ գրածս խորհուրդները արդյունք չտվեցին, ապա ճիշտ այսպիսի երեք ծրար էլ դո՛ւ պատրաստիրՙ քեզ փոխարինելու եկածին թողնելու...

Դառը, բայց իմաստուն անեկդոտ էր: Այն, ըստ իս, չափազանց հարմար է նաեւ ժամանակակից հայաստանյան իրականության համար: Մի տարբերությամբ, որ նախորդների դատափետումն սկսվել է ոչ թե նոր տնօրեն (իմաՙ վարչապետ) նշանակելուց հետո, այլՙ դրանից առաջ: Եվ այդ փոփոխությունն էլ հնարավոր է դարձել միայն նախորդի դեմ ատելության պոռթկումի շնորհիվ: Չգիտեմ ընթերցողն ինչպես, սակայն ես, անկեղծորեն, արդեն մահու չափ հոգնել եմ նախորդ իշխանությունների եւ նույնիսկ իշխանությունների հետ գործնականում որեւէ կապ չունեցած, սակայն Հանրապետական կուսակցությանն անդամագրված շարքայինների գլխին թափվող մաղձ ու թույնից: Խոսքն ամենեւին մեծ կամ փոքր օրինախախտում թույլ տված մարդկանց մասին չէ՛, տասնյակ-հազարավոր անմեղների՛ մասին է, որոնց տեղից ելած ամեն արժող-չարժող... սեւացնում է: Իսկ դա արդար չէ՛: Մեր բակում օրերս դժգոհում էին նոր քաղաքապետից, մանավադ աղբահանության վիճակից, եւ մի կին բորբոքված առարկում էր. հանրապետականները թողնո՞ւմ են, որ նոր քաղաքապետն աշխատի...Ներկաներից մեկը չդիմացավ. լավ, էլի՛, տիկի՛ն, քաղաքային իշխանությունները աղբահավաքներին ուղարկեցին աղբը տանելուՙ հանրապետականները թույլ չտվի՞ն...

Իսկապես, մինչեւ ե՞րբ պետք է նոր իշխանությունների բացթողումներն ու ձախողումները... չտեսնելու տրվեն: Կամՙ ինչո՞ւ Սերժի ժամանակ ծպտուն չէիք հանում փարիսեցիական հայտարարությամբ դժգոհողների բերանները... ծեփվեն: Այն ժամանակ վախենում էինՙ չէի՛ն խոսում: Հիմա է՞լ վախենան: Եթե հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը այդ վախը հաղթահարելը չէր, ապա ի՞նչ արժեր հեղափոխությունն ինքը: Մի՞թե հիմա էլ պիտի թերությունները անտեսվեն կամ շինծու պատճառներով արդարացվեն: Ձախողումների արդարացման համար հեքիաթներ հորինելու հարցում նախորդ իշխանավորները պակաս հմուտ չէին: 20-30 տարվա թերությունները միանգամից շտկվելու անհնարինության քարո՛զն էլ նորություն չէ՛: Այսինքն ի՞նչՙ մի այդքան էլ սպասենք, մինչեւ նորերը աշխատե՞լ սովորեն: Եվ երրորդՙ բոլորը պարտավոր են գիտակցել, որ իշխանության բեռը չափազանց ծանր բան է: Նոր պաշտոնյաները պիտի իմանանՙ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետության տերն էլ, ծառան էլ իրե՛նք են: Աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չէՙ Հայաստանի նախորդ իշխանությունները լա՞վն են եղել, թե՞ վատը: Լավը լինեինՙ ժողովուրդը նրանց չէ՛ր մերժի:

Այնպես որՙ մեր նորօրյա չինովնիկները պար են մտելՙ պիտի շորորան: Շորորալու նրանց անընդունակությունը չի կարող արդարացվել նախորդների անարժան լինելու հանգամանքով: Նորերը պարտավո՛ր են արժանավոր լինել, որ... իրենք էլ չմերժվեն... Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ն էլ ժամանակին մերժվեց: Ոմանք ասում են, թե այս հեղափոխության թիկունքում, որպես հոգեւոր հայր, դարձյա՛լ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանգնած: Աստված չանիՙ Հանրապետականը կրկին ասպարեզ մտնի...ժողովրդին Հայ Ազգային Կոնգրես վերանվանված ՀՀՇ-ի ոչ միայն գաղափարախոսությունից, այլեւ արատավոր պրակտիկայից փրկելու համար: Որովհետեւ ՀՀՇ-ից վատ կարող է լինել... միա՛յն ՀՀՇ-ն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ