RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԼՔ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 8390, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Հայաստանը թեւակոխում է 2019թ.ը նորընտիր խորհրդարանով, դեռ չձեւավորված կառավարությամբ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարով, ինչպես ասում ենՙ նոր շնչով, նոր ոգեւորությամբ, նոր Հայաստանի հույսով, սակայն անորոշ ապագայով: Թերեւս միակ բանը, որ հստակ է, դա գազի գինն է, որը հունվարի մեկից դարձել է 165 դոլար հազար խորանարդ մետրի համար, թանկանալով մոտ 10%-ով 2018թ. գնի համեմատ:

Այս պայմաններում հիմնական հարցը, որ մտահոգում է սովորական սպառողներին, միշտ նույնըՙ արդյոք այն կազդի իրենց վրա եւՙ որոնք են գազի գնի բարձրացման պատճառները: Սրանք հարցեր են, որոնք կարեւոր են նաեւ պետության էներգետիկ զարգացման հետագա միտումները հասկանալու համար, քանի որ այդ խնդիրը ուղղակիորեն առնչվում է պետության ազգային անվտանգության հետ:

Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ բարձրացումը ուղղակիորեն չի ազդի սովորական սպառողների վրա եւ նրանք կշարունակեն մուծել այնպես, ինչպես 2018թ., այսինքն մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար: Սակայն պարզ չէՙ արդյոք գազի գինը կփոխվի իրավաբական անձանց համար, թե՞ նրանք նույնպես կշարունակեն մուծել հին գներով:

Հաջորդ հարցը, որ առաջանում է, ի՞նչ ներքին ռեսուրսների հաշվին է պահպանվելու գազի գինը սպառողների համար, եթե սահմանին այն թանկանում է 10%-ով, եւ ի՞նչպես այն կազդի տնտեսության վրա: Եվ արդյոք գազի նոր գինը հնարավոր կլինի պահպանել, թե՞ այն շարունակաբար կբարձրանա եւ մենք նոր խնդրի առաջ կկանգնենք արդեն 2020թ.ին:

Գազի գնի շուրջ առաջացած անորոշությունը դժվարացնում է նաեւ պետության թե՛ տնտեսական եւ թե՛ էներեգետիկ ռազմավարություն մշակելու եւ զարգացնելու գործընթացը: Բացի այդ, այնՙ այսպես կոչված «փորձագետների» թեթեւ ձեռքով դարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սեպ խրելու փորձ, ինչը անընդունելի է:

Հասկանալի է, որ ՀՀ-ի համար գազի գնի փոփոխությունը, եթե այն ազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի շղթայական ռեակցիայիՙ թանկացումների թե՛ բեռնափոխադրումների բնագավառում եւ թե՛ արտադրություններում, որտեղ օգտագործվում է գազը: Այն կթանկացնի նաեւ տրանսպորտային միջոցների աշխատանքը, ինչը հասկանալի կերպով ուղղակիորեն կազդի նաեւ ուղեւորափոխադրողների վրա:

Այսինքն հայտարարել, որ գազի թանկացումը չի ազդի սպառողների վրա միայն այն պատճառով, որ այն չի թանկանա մեր գազօջախներումՙ ճիշտ չէ, եթե լուծված չէ գազի գնի հարցը իրավաբանական անձանց համար եւս:

Գազի գնի կարգավորումը «Գազպրոմ-Արմենիայի» ներքին ռեսուրսների հաշվին, ինչի մասին կարծես թե կա ընդհանուր համաձայություն, նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում: Քանի որ դա նշանակում է, որ «Գազպրոմ-Արմենիան» պետք է հրաժարվի իր եկամուտների մի մասից, ինչը իր հերթին կհանգեցնի ՀՀ-ում այդ ընկերության ներդրումների նվազմանը: Սա նաեւ կարող է հանգեցնել հարկերի կրճատմանը, իսկ գաղտնիք չէ, որ «Գազպրոմ -Արմենիան» ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է, այսինքն 2019թ. բյուջե ավելի քիչ մուծումներ կլինեն, քան ակնկալվում էր: Սա նույնպես կարող է ազդել սպառողների շահերի վրա, երբ պետբյուջեն ավելի քիչ գումար է մտնում եւ պետությունը ստիպված է լինելու այդ պակասը փոխհատուցել` բարձրացնելով հարկերը այլ ոլորտներում:

Ինչպես նշեցի, «Գազպրոմը» կկրճատի իր ներդրումները Հայաստանում, իսկ գաղտնիք չէ, որ ռուսական ընկերությունը ՀՀ-ում ամենախոշոր ներդրողներից մեկն է ոչ միայն գազի ու նրա ենթակառուցվածքներում, այլեւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում: Այսինքն, այս կրճատումը եւս կազդի ՀՀ սովորական սպառողների վրա, քանի որ դրանց հաշվին նոր աշխատատեղեր եւ հարկեր էին ապահովվում:

Հիմնական հարցը, թե ինչպես է հնարավոր կարգավորել այս խնդիրը, հարկավոր է սկսել երկարատեւ բանակցություններ թե՛ «Գազպրոմ» ռուսական ընկերության, եւ թե՛ պաշտոնական Մոսկվայի հետ: Գաղտնիք չէ, որ գազի գինը քաղաքական խնդիր է, եւ ի տարբերություն նավթիՙ շուկայական կարգավորման հստակ մեխանիզմներ չկան, այս պայմաններում հարաբերությունների որակը երկու պետություններիՙ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, կարեւոր պայման է գազի ընդունելի գին ունենալու համար:

Իսկ կայուն ու ընդունելի գինը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն էլ ավելի կարեւոր է, որ կողմերը կարողանան գալ այնպիսի համաձայնության, որն առաջիկա գոնե երեք տարիների համար գազի գինը չփոխվի: Նման կայունությունը հնարավորություն կտա մշակել էներգետիկ զարգացման ու անվտանգության ռազմավարություն, որի պայմաններում հնարավոր կլինի մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնելու ռիսկեր, երբ գազի գինը նորից թանկանա:

Գաղտնիք չէ, որ էներգետիկայի բնագավառում առկա միտումների պայմաններում գազի գնի թանկացումը առաջիկա մի քանի տարիներին կախատեսելի երեւույթ է, հետեւաբար արդեն այսօրվանից պետք է սկսել պատրաստվել դրան: Հետեւաբար, էներգետիկ անվտանգության գրագետ ռազմավարության մշակումը, այլընտրանքային էներգետիկ հզորությունների զարգացումը, հատկապես էներգիայի կենցաղային սպառման բնագավառում, հնարավորություն կտա նվազեցնելու ռիսկերը:

Սակայն հանուն ճշմարտության պետք է նշենք, որ նույնիսկ 165 դոլար գինը բավականին ցածր է գազի գնի միջազգային շուկայի միտումների պայմաններում, հետեւաբար այդ գնի պահպանումը կարեւոր է Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է իրանական գազին եւ դրա ներմուծման հնարավորություններին, այստեղ եւս կան մեծ թվով խնդիրներ, որոնք կարգավորման ու լուծման կարիք ունեն: Նախ սկսենք նրանից, որ իրանական գազը թանկ է եւ Իրանը չունի համապատասխան հզորություններ գազի արդյունահանման համար: Իրանը իր իսկ արտադրած գազի հիմնական սպառողն էՙ մոտ 98%:

Սակայն Հայաստան-Իրան գազամուղը կարող էր էլ ավելի արդյունավետ աշխատել, եթե մենք կարողանայինք ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա արտահանել այդ պետություն: Հայաստան-Իրան 3-րդ բարձարավոլտ ցանցի կառուցումը ձգձգվում է, եւ լավագույն դեպքում այն շահագործման կհանձնվի միայն 2019թ. վերջին:

Այս համագործակցությունըՙ գազ - էլեկտրաէներգիայի դիմաց, շատ մեծ ներուժ ունի, ինչը ցավոք չի հասկացվում եւ առաջ չի մղվում ՀՀ թե նախկին եւ թե ներկա իշխանությունների կողմից: Երբ կառուցվի բարձրավոլտ էլեկտրաէներգիայի արտահանման 3-րդ գիծը, ապա Հայաստաը կկարողանա եռապատկել ու նույնիսկ քառապատկել գազի ներմուծումը եւ դրա դիմաց էլեկտրաէներգիայի արտահանումը:

Այս զարգացումները ոչ միայն նոր ներդրումներ ու աշխատատեղեր կստեղծեն, այլեւ կնպաստեն թե՛ գազի եւ թե՛ էլեկտրաէներգիայի գնի նվազմանը: Այսինքն, Հայաստանը կարիք ունի էներգետիկայի բնագավառում համապարփակ եւ հեռանկարային քաղաքականության մշակման: Իսկ այդպիսի մշակումները պարզ կդարձնեն այն ռիսկերն ու խնդիրները, որոնց մեր պետությունը կարող է բախվել ապագայում, այն նաեւ հնարավորություն կտա նվազեցնել ու կարգավորել գազի հնարավոր ու հերթական թանկացման դեպքում առաջացած խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ