RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3752, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայստանյան վերջին իշխանափոխությունից հետո Ադրբեջանի իշխանությունները մի տեսակ ոգեւորվել են: Դե, նրանք ակտիվ էին անցած ու նախանցած իշխանությունների ժամանակ նույնպես, բայց եթե այն ժամանակ հոխորտում էին, հիմա աղվեսի աչքերով նայում են Արցախին ու շուրթեր լիզելով ման գալիս: Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ շատ տարօրինակ է:

Օրինակՙ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ իրենք «պատրաստ են ապահովել արցախահայերի անվտանգությունը»: Կարեւոր է շեշտադրումըՙ «...հակամարտության լուծումից հետո, իհարկե, այդ երկու համայնքները պետք է միասին ապրեն»: Զարմանալի չէ՞, որ Արցախի մասին խոսելիս անվերջ օդում զենք թափահարող երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյան հիմա ինչ-որ լուծումների մասին է խոսում, ավելինՙ ամենաշատը զարմանալի է նրա տարօրինակ վստահությունըՙ այդ ո՞վ է նրան հուշել, որ լուծումը հօգուտ Ադրբեջանի է լինելու, այսինքնՙ անարդար, կեղծ, ապօրինի, սուտ: Ավելինՙ Էլմար Խանը մինչ օրս եղած «վատ երկխոսությունների» պատճառը համարել է Հայաստանի նախկին իշխանություններին. վատը ո՞րն է, ա՛յ մարդ, Արցախն Ադրբեջանին չտալը՞... Մեղա՛ քեզ, Ալլա՛հ...

Գուցեեւ իմ այս տողերը ոչինչ էլ չնշանակեին, անհանգստությունս էլՙ մի երկու խոսքով հնարավոր լինել փարատել, եթե Մամեդյարովի խոսքից մեկ օր առաջՙ դեկտեմբերի 24-ին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թ. Գյանջալիեւը չհայտարարեր, որ «Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է երկխոսության գալ հայերի հետ»: Ավելինՙ Գյանջալիեւը հայտարարել է, որ իր ղեկավարած համայնքը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանըՙ երկխոսություն ստեղծելու խնդրանքով: Ինչպես իր գարդաշ Էլմարը, այնպես էլ Գյանջիեւվը խնդիրի լուծումը համարում է հայկական զինուժիՙ Արցախից դուրսբերումը:

Բայց, ցավոք, սա վերջին տարօրինակ հայտարարությունը չէ. ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը դեկտեմբերի 21-ին կարծիք է հայտնել, որ 2019 թ. «ղարաբաղյան հարցի կարգավորումը լճացած վիճակից հանելու նախադրյալներ ունի»: Թե ի՞նչ նկատի ունի Աբասովը, կերեւա առաջիկայում, չնայածՙ ձայներն արդեն լսվում են:

Ի թիվս բազմաթիվ զարմացնող ու տարօրինակ հայտարարությունների, անդրադառնանք նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր ռազմավարական հետազոտությունների տնօրեն Ֆահրադ Մամեդովի հայտարարությանն ու փակենք թեման:

Այս օվալաձեւ արտաքինով տղան էլ դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Ադրբեջանի համար կարեւոր է, որպեսզի սկսվի բանակցությունների առաջին փուլը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ներեցե՛ք, փաշինյանաալիեւյան բանավոր համաձայնություններին, որը համարում է կարեւոր ձեռքբերում, Մամեդովը նշել է. «Հայաստանի զարգացման ծրագիրը, որի մասին խոսում է Փաշինյանըՙ բազմավեկտորային է: Քանի որ Հայաստանը ծովային ելք չունի, ապա այդ բազմավեկտորությանը կարելի է հասնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացմամբ»:

Ահա՛, այստեղ թագավորը մատը կծում է, անգամ վարդապետն է պատրաստվում խենթանալ, քանի որ բառացիորեն 2-3 օրվա ընթացքում արված 3-4 հայտարարություններն էլ խիստ կասկածելի ու ստվերոտ են երեւում: Նախՙ Բաքվի աննախադեպ վստահության առումով, երկրորդՙ սահմանների բացման, մանավանդՙ հայ-ադրբեջանական, առավել եւսՙ հայ-թուրքական: Միանգամից թավ բեղեր ունեցող Ջոն Բոլթոնին հիշեցի, կարծեմՙ նա էլ նման մի բան էր առաջարկում, որի արդյունքում կամա թե ակամա, պետք է փակվեր հայ-իրանական սահմանը:

Հետաքրքրական է. որտե՞ղ են այս հայտարարությունների արմատները, եւ ամենակարեւվորըՙ ո՞վ կամ ովքե՞ր են ջրում դրանք:

Ես չեմ ցանկանում թուրքաադրբեջանական հայտարարությունները որպես որեւէ բանի հիմք ընդունելՙ առանց լսելու իմ պետության ղեկավարներին, ոչ էլ նրանց վաղեմի երազները մեկնել, նրանք միշտ խոսում են, թեպետ, հիշյալ հայտարարությունները շատ տարօրինակ կոդեր են պարունակում, բայց հետաքրքրական էՙ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են լռում, ասելիք չունե՞ն, խոսելուց, վստահ եմ, չեն նեղվում, քայլելուց ու փռելուց նմանանպես: Լռում եք, տղե՛րք, խեր լինի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ