RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3794, Տպվել է` 491, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider: Vol. 84 Aug. 2018)

Ծառայել հայրենիքինՙ ներկայացնելով նրա շահերը արտերկրում

Հայաստանի անկախությունից եւ Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից շատ առաջ Առլինգտոնում (Վիրջինիա) գտնվող Պալյանների տունը ծառայում էր որպես փաստական «դեսպանատուն»: Վարդգես ու Ռիտա Պալյանների ընտանիքում հաճախակի էին հանդիպումները վաշինգտոնյան դիվանագիտական անձնակազմի հետ, եւ քննարկումները մեծապես ծավալվում էին հայկական հարցերի շուրջ: Երբ հզոր երկրաշարժը ավերեց Սպիտակն ու Գյումրին, Պալյանների բնակարանը վերածվեց շտաբ կայանի: Ամերիկյան կառավարությանը տեղեկացնելու եւ անմիջական օգնություն հայցելու զանգերը հնչում էին օրնիբուն:

Բարձրաստիճան մարդկանց հետ մոտիկ հարաբերություններ հաստատած ընտանիքի անդամները անմիջապես գործի անցնելով դիմեցին պետքարտուղարություն եւ օրեր անց արդեն «Urban Search and Rescue» ճգնաժամային ջոկատը մոտակա Ֆերֆաքսից (Վիրջինիա) պատրաստ էր հատուկ ուղեբեռով մեկնել Գյումրի:

Պատանի Րաֆֆիի համար համակարգված այդ աշխատանքի կազմակերպումը հենց իրենց օջախում անջնջելի տպավորություն թողեց: «Ես տեսա դիվանագետների հետ աշխատելու շոշափելի արդյունքը եւ հասկացա այդ համակարգված աշխատաոճի արժեքը», նշում է նա, ավելացնելով. «հետագայում ծնողներս փրկարարների այդ խմբին հրավիրեցին մեր տուն շնորհակալություն հայտնելու, եւ մայրս ինձ խնդրեց մի քանի խոսք ասել նրանցՙ երիտասարդ սերնդի կողմից: Դա հուզիչ փորձառություն էր եւ մարդկանց անկեղծ շփումներից դաս քաղելու հրաշալի առիթ»:

Պալյանների շարունակական օժանդակությունը երկրաշարժից տուժածներին, եւ հետագայում Ալեքսանդրիայի (Վիրջինիա) եւ Գյումրիի միջեւ քույր քաղաքների հաստատմանն ուղղված նրանց անդուլ ջանքերը, մղեցին Րաֆֆիին հաստատ քայլերով մուտք գործել քաղաքականության եւ դիվանագիտության ասպարեզ: Դրա ամուր նախադրյալները նա ստեղծել էր Վաշինգտոնի ազգային Մայր տաճարի Սբ. Օլբան դպրոցում, որտեղ հիմնելով միջազգային գործերի մի ակումբ, պարբերաբար դեսպանների եւ դիվանագիտական ասպարեզի մարդկանց էր հրավիրում դասախոսելու եւ քննարկումներ անցկացնելու ուսանողների հետ:

Պատանեկան տարիքում լսելով Ցեղասպանությունից փրկված եւ հետագայում Բեյրութի որբանոցում տեղավորված տատիկի պատմությունները, նրա մեջ հատուկ վերաբերմունք էր ձեւակերպվել անարդարությունների վերաբերյալ, որն իր արտահայտությունն էր գտել Մարտին Լութեր Քինգ կրտսերի Բիրմինգհեմի (Ալաբամա) բանտից գրած նամակում. «Անարդարությունը որեւէ վայրում սպառնալիք է արդարությանըՙ ամենուրեք»:

Անսպասելի չէր, ուրեմն, որ նա ի վերջո դիմել էր աշխատելու Մ. Նահանգների արտաքին գերատեսչությունում: Ընդունելության քննության ժամանակ ընտրությունը պետք է կատարվեր 30 հազար դիմորդների միջից: Երկու անհաջող փորձերից հետո, երրորդ անգամ նա ընդունվում է աշխատանքի:

«Անձամբ իմ եւ իմ ընտանիքի պատմությունները միահյուսելով իմ երազանքներինՙ փոփոխություններ կատարելու եւ վարձահատույց լինելու այն երկրին, որ մեզ հնարավորություն էր տվել նոր կյանք կառուցելու, ես պարտավորվում էի ներկայացնելու Մ. Նահանգները եւ ստանձնելու դիվանագիտական պարտականություններ»: Եվ նա գերազանց է կատարել տարբեր երկրներում իրեն վստահված հանձնարարությունները: Աշխատել է Սոֆիայում (Բուլղարիա) որպես մշակութային կցորդ, Դամասկոսում (Սիրիա)ՙ որպես ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնի վարիչի տեղակալ, Բուդապեշտում (Հունգարիա)ՙ դեսպանատան շրջակա միջավայրի, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ առողջապահության գրասենյակի տնօրեն, եւ այլ քաղաքներում (երկրներում), որոնցում դիվանագիտական որոշ հարցեր կարողացել է լուծել նաեւ իր հայկական ժառանգությունից ստացած գիտելիքների շնորհիվ:

Դամասկոսում ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատելիս Պալյանը պարտավոր էր աջակցություն ցուցաբերել Սիրիայում ապրող ամերիկյան քաղաքացիներին: «Երբ հանդիպում էի սիրիացի պաշտոնական այրերի հետ եւ աջակցություն խնդրում, սկզբում այնքան էլ հակված չէին լինում համագործակցել, բայց հենց իմանում էին իմ անցյալի մասին, եւ այն մասին, որ պապս Հալեպում է ապրել նախքան Բեյրութ փոխադրվելը, նրանք անմիջապես փոխում էին իրենց վերաբերմունքը, որովհետեւ իրենց լավագույն ընկերներից կամ հարեւաններից մեկը հայ էր եւ նմանատիպ ճակատագրի տեր անձնավորություն: Այնպես որ, երջանիկ եմ եւ հպարտ, որ հայկականությանս շնրոհիվ կարողացել եմ ճեղքել սառնության ու դժկամության պատնեշը եւ օգնել ամերիկացի քաղաքացիներին», վերհիշում է Րաֆֆի Պալյանը:

Բացի ընտանիքի երկարամյա կապերից ՀԲԸՄ-ի հետ, Րաֆֆին անձնապես ընդգրկված է Վաշինգտոնի հայկական եկեղեցու գործունեություններում: Նա ծխական խորհրդի անդամ է: Ծնողները Բեյրութի ՀԲԸՄ կենտրոնում են իրար հանդիպել եւ երբ Առլինգտոն (Վիրջինիա) են տեղափոխվել, ամեն ջանք գործադրել են, որ ՀԲԸՄ-ն հզորանա Հյուսիսային Ամերիկայում: Ոգեւորվելով Վահան Թեքեյանի «բարձրացիր եւ բարձրացուր» խոսքերիցՙ Րաֆֆիի հայրըՙ ՀԲԸՄիության հայտնի գործիչ Վարդգես Պալյանն իր կողակցիՙ Ռիտա Պալյանի (հիմնադիր Հայ-ամերիկյան մշակութային միության, որ ղեկավարում է Երեւանի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը) հետ դեռեւս 1977-ին ստեղծել է ՀԲԸՄիության նախագահական ակումբը, որը միավորում է այն անդամներին, որոնք տարեկան 1000 կամ ավելի դոլար են նվիրաբերում հայ երիտասարդների ուսումնական, մշակութային եւ մասնագիտական առաջադիմությունը հովանավորելու համար: Սկսած 1987 թվից Նյու Յորքում, ակումբը իրականացրել է ամենամյա Ամառնային փորձառական (վարժողական) ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ի եւ այլ երկրների տարբեր համալսարանների հայազգի ուսանողներ 6-8 շաբաթների ընթացքում աշխատանքային փորձառություն են ձեռք բերել ամերիկյան հայտնի հաստատություններումՙ ըստ իրենց մասնագիտությունների:(*)

«Ես այդ ծրագրի սկզբնավորման օրվանից ներգրավված եմ եղել դրանում եւ հորս մահվանից հետո ստանձնեցի այդ պարտականությունը, որպեսզի ոլորտի գործընկերներիս հետ ապահովեմ այդ նախաձեռնության շարունակականությունը», նշում է Րաֆֆին, խոստովանելով, որ «երբեք չեմ հասնի ծնողներիս ձեռք բերած նվաճումներին, բայց երախտապարտ եմ, որ կարող եմ շարունակել նրանց գործը»:

Րաֆֆին բազմազբաղ է: Որպես մասնագետ միջազգային էներգիայի եւ շրջակա միջավայրի խնդիրների, նրան են հանձնարարել ամրապնդել Մ. Նահանգների կապը «Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության» հետ, որն 158 անդամ երկրների հետ է համագործակցում: Իսկ պետքարտուղարությունում որպես «առեւտրական եւ բիզնես ոլորտի» ավագ խորհրդական նա փորձում է պաշտպանել ամերիկացի գործարարների շահերը աշխարհի տարբեր վայրերում, մի բան, որ լուրջ մարտահրավեր է դիվանագիտական աշխարհի ներկայացուցիչների համար: «Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո արտասահմանում ապրող մեր քաղաքացիների անվտանգության եւ իրար հետ կապ հաստատելու խնդիրները շատ ավելի լուրջ կարեւորություն են ստացել», նշում է նա եւ արտաքին քաղաքականության ասպարեզում արդյունավետ աշխատանք ծավալելու մտադիր երիտասարդներին խորհուրդ է տալիս մի քանի հատկություններ ունենալ, որոնք անհրաժեշտ են եւ պարտադիր:

«Առաջին պարտադիր հատկությունը համեստ լինելն է, գիտակցել չիմացածը եւ անհարմար չզգալ դրա համար: Բայց պատրաստ լինել սովորելու ուրիշներից: Դրա հետ կապված է լսելու հատկությունը, եւ ճիշտ, փորձառու անձնավորությանց դիմելը եւ նրանցից խորհուրդներ ստանալը: Հաջորդ հատկությունը դիվանագետի համար կարողանալ բարդ տեխնիկական հարցերը մատչելի դարձնելն է բոլորի համար, եւ դրանք ծառայեցնել ավելի լայն, ընդհանուր քաղաքականության նպատակների: Երրորդըՙ քննադատական մտածողությունն է, վերլուծելու հատկությունը, իմանալ հարցի էությունը եւ կարողանալ կշռել ստացված տեղեկատվության վավերականությունը, կարեւորը տարբերել անկարեւորից, երկրորդական նշանակության հարցերից»:

Պալյանը նաեւ խորհդուրդ է տալիս դիվանագիտության մեջ լինել աչալուրջ, շրջահայաց, պատրաստ դիմագրավելու մարտահրավերները, որոնք անպակաս են լինելու: «Կարեւոր է փորձառական շրջան անցնել որեւէ դեսպանատանը եւ որոշել, թե արդյոք դիվանագիտական աշխատանքի անցնելու ընտրությունը ճիշտ է կատարվել: Իմ դեպքում ծնողներիս ազդեցությունը եւ փորձառությունը մեծ է եղել: Հավատացած եմ, որ հայ լինելը չպետք է սահմանափակվի հայության շրջանակներում: Որպես հսկայական սփյուռք ունեցող ազգ, մեր պարտականությունն է ոչ միայն պահպանել մեր ինքնությունն ու մշակութային ժառանգությունը, այլեւ կարողանալ մասնակցել մարդկության, ընդհանրապես գլոբալ քաղաքակրթության զարգացմանը եւ փոխհատուցել այն ամենը, ինչ ստացել ենք նրանից»:

*) Չգիտես ինչու ՀԲԸՄիության այս կարեւոր պարբերականըՙ Insider, խուսափել է նշելուց, որ Րաֆֆիի հայրըՙ Վարդգես Պալյանը, շուրջ 15 տարի եղել է Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահը, միաժամանակՙ ՌԱԿ կենտրոնական վարչության անդամը եւ այդ հանգամանքովՙ ՀԲԸՄիության կենտրոնական վարչության անդամը: «ԱԶԳ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ