RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4645, Տպվել է` 517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԿՈՄՈՏԻՎ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

- Հայտնի է, որ ձեր կազմակերպությունը` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերջերս փոխեց իր անվանումը եւ սկսեց կոչվել Առաջատար տեխնոլոգիաների միության, ասոցիացիա: Փոխելով անվանումը արդյոք փորձում եք ավելի լա՞յն ընդգրկում ձեռք բերել, նոր ուղղություննե՞ր եք ներբեռնում ձեր կառույցի մեջ:

- Հայաստանը դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից հայտնի էր որպես երկրի տեխնոլոգիական կենտրոններից ամենախոշորը եւ զարգանում էր բազմազան ուղղություններով, սկսված քիմիայից, վերջացրած IT-ով: Եվ երբ այդ ամենը կործանվեց, առաջինը սկսեց վերականգնվել IT-ին: Քանի որ ինտերնետը կար դեռեւս 90-ականների կեսերից, բնական էր, որ այդ ուղղությամբ գնաց զարգացումը, քանի որ հնարավորություն կար արտահանման մասին չմտածել: Սակայն 2006-ին, երբ Հայաստան մտավ National Instruments ընկերությունը, մեր երկրում սկսեցին զարգանալ ինդուստրիալ չափումները եւ ինդուստրիալ ավտոմատիզացիայի ոլորտները, ինչն իր հետեւից տարավ Internet of Things կոչվածը, այսինքն հեռահար կառավարումը: Այսինքն IT որպես լոկոմոտիվ իր հետեւից տարավ մյուս ուղղությունները, եւ այսօր մի ոլորտ չկա, որը IT-ի հետ շաղկապված չլիներ: Եվ պարզվեց, որ շահերը կամ խնդիրները նույնն են:

Սակայն, անկախ նրանից դու լազերային, ռոբատաշինության, քիմիայի, թե՞ IT-ի ոլորտ ես զարգացնում, քո առաջնային խնդիրը կրթությունն էՙ կադրերը: Առաջնայինը նաեւ Հայաստանի տեխնոլոգիական բրենդի ստեղծումն է եւ առաջմղումը, որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ մենք տեխնոլոգիական կենտրոն ենք:

Սակայն նաեւ անկախ նրանից, թե դու ո՞ր ոլորտում ես, քո առաջնային խնդիրը ռազմարդյունաբերությունն է. ինչպե՞ս օգտագործենք մեր առաջատար տեխնոլոգիաները եւ գիտելիքները երկրի պաշտպանությունում, ինչքանո՞վ է պետությունը, այս պարագայումՙ բանակը, հանդիսանում քո պատվիրատուն: Անկախ նրանից, թե դու ո՛ր ոլորտում ես աշխատում, հասկանաս քո առաջնահերթ խնդիրները, միաժամանակ հասկանալով, որ քո խնդիրների լուծումը պայմանավորված է կոնսոլիդացիայի մակարդակից, այսինքնՙ ինչքան շատ խաղացողներ նույն այդ խնդիրը դնեն, այնքան հեշտ ու բազմակողմանի կլինի դրա լուծումը:

Սրանք էին պատճառները, որ վերջին համագումարին փոխեցինք մեր անվանումը, քանի որ մինչ այդ արդեն բովանդակությունը փոխել էինք, եւ մեր ասոցիացիայի ձեռնարկությունները զբաղվում էին միկրոէլեկտրոնային դիզայնից մինչեւ արեւային էներգիայով:

- Բացի վերը նշվածից եւ անվանափոխության հարցից, ի՞նչ այլ խնդիրներ բարձրացվեցին համագումարի ընթացքում:

- Այդ համագումարին ներկա էր նաեւ վարչապետ Ն. Փաշինյանը, եւ մենք ներկայացրեցինք երկրի արդիականացման հայեցակարգը, որը դիտարկում էինք պետության անվտանգության համակարգում եւ առաջարկեցինք, որ ստեղծվի հանձնաժողով, որը պետք է ղեկավարվի վարչապետի կողմից: Առաջարկներից էր նաեւ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների եւ նորարարությունների նախարարություն, իսկ հանձնաժողովի մեջ ընդգրկել նաեւՊաշտպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ԱԱԾ-ն եւ այլն :

Մենք նոր նախարարություն ստեղծելու առաջարկով դիմել ենք եւ ասել, որ կարեւորում ենք դա, որովհետեւ եթե կառավարության ծրագրի մեջ բարձր տեխնոլոգիաների զարգացումը կարեւորվում է, ուրեմն այդ ոլորտը պետք է աջակցություն ստանա: Քանի որ, նաեւ, ոլորտն իր հերթին աջակցում է պետությանըՙ թե՛ զենք ստեղծելու ժամանակ, թե՛ անվտանգության տեսակետից: Պետք է ստեղծվի նախարարություն, որպեսզի մենք իմանանքՙ ում հետ ենք խոսում:

- Պետք է մինչեւ վերջ հասկանալՙ պետական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը ինչո՞ւմ է կայանում:

- Պետք է հասկանալՙ մենք մենակ եւ միայն բիզնես չենք, մենք նաեւ քաղաքացիներ ենք եւ ուզում ենք, որ մեր ջանքերը կիրառվեն նաեւ բանակում, օգտագործվեն պետանվտագության համակարգում: Օրինակ, վերջերս ԱԱԾ-ի հետ կիբեռանվտանգության գծով պայմանագիր ստորագրեցինք: Մենք ուզում ենք, որ տնտեսության մյուս ճյուղերը եւս զարգանան, որ մեր լուծումները կիրառվեն նաեւ տնտեսության այլ ոլորտներում, հետերաբար մենք պետք է ունենանք մարմին, որի հետ կարողանանք խոսել:

- Կա կաարծիք, որ պետությունը սովորաբար որքան շատ է ներգրավված տնտեսության այս կամ այն ճյուղում, այնքան խանգարում է դրա զարգացմանը:

- Իրականում դա բլեֆ է, չնայածՙ մեր դեպքում ՀՀ-ի նախկին շատ ղեկավարներ խանգարում էին, նրանք հայտարարում էին, որ իրենց համար բարձր տեխնոլոգիաները առաջնայնություն են, սակայն իրականում ցականում էին միայն սեփական PR-ով զբաղվել, տպավորություն գործել: Բարեբախտաբար այսօրվա նախարարը, որը մեր ոլորտից է, մեզ լավ է հասկանում եւ մեզ համար հեշտ է. նախկինում դա այդպես չէր:

- Այսինքն, ըստ Ձեզ, եթե լինի պետական մարմին, դա կարող է օգնել ոլորտի արագ զարգացմանը:

- Այո, եթե այսօր մենք զարգանում ենք տարեկան 25 տոկոսով, ապա կարող ենք զարգանալ մինչեւ 50 տոկոսով, 6 տարի շարունակ, եւ դա կարող է հանգեցնել նրան, որ մեր երկիրը կարող է էականորեն բարելավել իր տնտեսությունը, ավելացնել արտահանումը, ոչ միայն IT ոլորոտում, այլեւ մյուս ոլորտներում: Այսինքն եթե IT-ն դառնում է լոկոմոտիվ, ապա մյուս ոլորտներն էլ կբարձրանան:

- Անդրադառնալով ռազմարդյունաբերության զարգացմանը, այսօր բոլորն են խոսում դրա մասին, 2016 Ապրիլյան դեպքերից հետո պետությունն էլ հիշեց դրա մասին: Այս բնագավառում կա՞ն դրական փոփոխություններ:

- Այսօր խոսակցություն կա, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն պետք է դուրս բերվի ՊՆ-ից, ինչը դրական միտում է, քանի որ նախկինում բանակն ինքն էր որոշում ինչ է պետք, ինքը սարքում էր, ինքը ընդունում, ինքըՙ վճարում. դրա համար մենք շատ թույլ էինք այդ բագավառում, ամենապարզունակ բաներն էինք անում այդ ուղղությամբ: Հիմա այդ կոմիտեի տարանջատումը հնարավորություն կտա թռիչքաձեւ զարգացում ապահովել, ինչը կբերի տեխնոլոգիական առաջընթացի: Ռազմարդյունաբերությունը լոկոմոտիվ է տեխնոլոգիական բոլոր առաջատար ճյուղերի համար, եւ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր դեմ օգտագործվեցին ամենաառաջատար տեխնոլոգիաները: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ այս վիճակը բավարար չէ, եւ ռազմարդյունաբերության մեջ գոնե ոլորտի քառորդ մասը պետք է ներկա լինի: Օրինակՙ Իսրայելում միայն անօդաչու թռչող սարքերով զբաղվում է 1000 ձեռնարկություն տարբեր կոմպլետացիաների ու դետալների պատրաստմամբ: Իսկ մենք ունենք ընդհանուր ոլորտների համար ընդամենը տեխնոլոգիական 800 ձեռնարկություն: Մեր ձեռնարկությունների քառորդ մասը պետք է ներգրավենք ռազմարդյունաբերության մեջ, հետագայում ավելացնելով քանակը, որ մի 5-6 տարի հետո հասնենք նրան, որ մեր զինատեսակների 70-80 տոկոսի մեջ հայկական կոմպոնենտներ լինեն, որովհետեւ հասարակ զենք կարելի է ձեռք բերել, իսկ բարձրտեխնոլոգիական զենք գնելը ռիսկային է. մենք Իրաքի օրինակով տեսանք, որ ֆրանսիական ինքնաթիռները վճռական պահին օդ չբարձրացան:

- Կա կարծիք, որ ռազմարդյունաբերության ոլորտի պատվերների նախնական հետազոտությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից:

- Մեզ պետք են գիտահետազոտական համալսարաններ. մենք գիտությունը պետք է տանենք դեպի այնտեղ: Մասնավորապես Պոլիտեխնիկի եւ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի համագործակցությունը դրա օրինակ կարող է հանդիսանալ, երբ ուսանողը հենց առաջին կուրսից, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է զբաղվում, սկսում է լուծել ռազմարդյունաբերական խնդիրներ: Դա կհագեցնի նրան, որ մենք կունենանք ամենաարդիական խնդիրների լուծմամբ զբաղվող համալսարաններ, եւ դա իր հերթին կհանգեցնի նրան, որ դրանցով կհետաքրքրվի նաեւ բիզնեսը, որը նույնպես փնտրում է մասնագետներ, որոնք կարող են խնդիրներ լուծել, եւ բիզնեսը նույնպես կդառնա բարձր տեխնոլոգիաների ֆինանսավորման աղբյուր: Որովհետեւ արտապատվիրումով եւ եղած տեխնոլոգիաների հիման վրա կատարվող լուծումներով մենք շատ հեռու չենք կարող գնալ, մենք պետք է գիտական ոլորտներով էականորեն առաջ ընկենք մեր մրցակիցներից, որպեսզի իսկապես կարողանանք Հայաստանը վերականգնել որպես տեխնոլոգիական երկիր:

- Կա կարծիք, որ հաջորդ պատերազմում կհաղթի նա, ով ունի ինտելեկտուալ զենք:

- Մենք հենց այդ մասին էլ խոսում ենք, որովհետեւ բարձր տեխնոլոգիական զենքը հենց դա է, որովհետեւ դա այն զենքն է, որը կարող է ճանաչել հակառակորդին, կարող է բարձրացնել քո կրակող զենքի նշանառությունը, քո կապի միջոցները անխոցելի դարձնել եւ հակառակըՙ հակառակորդի կապը կարող է խոցելի դարձնել: Տարբերՙ օպտիկալազերային տեխնիկա, մտածող զենք, որը եղած ինֆորմացիան անալիզ անի ու լուծումներ տա, նույնՙ զորքի կառարավումը կազմակերպի եւ այլն: Բայց այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ բանակը դուրս է քննարկումից, քանի որ չկան մասնագիտացված կենտրոններ, օրինակՙ նախկին զինվորականների, ռազմական դիվանագետների կազմակերպված խմբեր, որոնք ուշի-ուշով հետեւում են բանակի արդիականացմանը եւ իրենց քննադատությունն ու կարծիքը հայտնում: Մենք այլ ժամանակ չունենք, որովհետեւ այսօր արդեն իսկ գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ եւ համապատասխան այդ խնդիրներիՙ պետք է մոտեցումներ մշակենք:

- Եվ վերջումՙ Արմաթ լաբորատորիաների մասին: Հայտնի է, որ այդ բնագավառում կան լուրջ հաջողություններ: Այժմ քանի՞ դպրոցներում են դրանք գործում:

- Մենք տարին կավարտենք մոտ 255 դպրոցում լաբորատորիաներ ունենալով, դրանց հիմնական մասում, մոտ 200-ում, այդ լաբորատորիաները ամբողջական կլինեն: Այստեղ ընդգրկված երեխաների քանակը մոտ 5500 է: Մենք հետաքրքրական հետազոտություններ անցկացրինք, եւ պարզվեց, որ մեր աշակերտների 85%-ը նախընտրում է բնագիտական բնագավառները: Նրանցից 12 %-ը արդեն ուսանող լինելու շրջանում ունի սեփական ձեռնարկություն: Մենք նաեւ ապացուցել ենք, որ Արմաթ լաբորատորիաների ամբողջական պրոյեկտի ներդրման գումարները հետ կբերվեն արդեն 3 տարի հետո:

- Դուք նաեւ նախատեսում էիք դրանց արտահանումը Հնդկաստան, Եթովպիա...

- Ներկայումս կան պայմանգրերՙ արտահանման մասին. դեռ ոչ մեծ քանակների մասին է խոսքը: Արտահանելու ենք Հնդկաստան, Նամիբիա, Մոնղոլիա: Ներկայումս մեծ ծրագիր ենք պատրաստում Եթովպիայի հետ: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այդ արտահանումը կմեծանա եւ Արմաթը կդառնա Հայաստանից արտահանվող իտելեկտուալ բրենդներից մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ