RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1561, Տպվել է` 209, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՐԱՆ ՆՈՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ.Ք.

Թրամփն ուզում է կանխել Էրդողանի հարձակումը

Օրերս Դոհայի XVIII Միջազգային համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել կարեւոր հայտարարություններով: Պարզվում է, որ վերջերս Բուենոս Այրեսում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Թրամփի եւ Էրդողանի բանակցությունների ժամանակ, Թրամփը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հեռանալ Սիրիայից: Սա առաջին:

Երկրորդ: Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերընտրվելու դեպքում Անկարան կհամագործակցի՞ արդյոք նրա վարչակազմի հետ, Չավուշղլուն հայտարարել է հետեւյալը. «Մենք պետք է երկիրը պատրաստենք ընտրություններին, դրանք պետք է անցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո, ընտրությունները պետք է լինեն համընդհանուր, թափացիկ, ժողովրդավարական եւ արդար: Եթե դրանք լինեն ժողովրդավարական եւ վստահելի ընտրություններ, ապա ամենքը պետք է քննության առնեն նման հնարավորությունը»: Ընդսմին նախարարը ավելացրել է, որ Անկարան դեմ է, որ Սիրիայի սահմանադրությունը գրեն ուրիշները: «Եկեք նրանց թույլ տանք, որ իրենք գրեն իրենց սահմանադրությունը: Եթե նրանց պետք է որեւիցե օգնություն, ապա մենք պատրաստ ենք այն տրամադրել, բայց նրանք պետք է գրեն իրենց սահմանադրությունը»:

Այստեղ նկատելի են կարեւոր նրբերանգներ: Բանն այն է, որ Թրամփը առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս Սիրիայից հեռանալու մասին հայտարարություններով: Պենտագոնի տեղեկատվության համաձայն, ներկա պահին Սիրիայում գտնվում է շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական: Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող Al Arabiya պարբերականը հիշեցնում է, որ նախ այս տարվա փետրվարին, ապա մարտին ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Մենք հարվածեցինք «Իսլամական պետության» վզակոթին, հավանաբար շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից»: Այնուհետեւ Թրամփը այդ դրույթը կրկնել էր մայիսին: Այդ ժամանակ Al Arabiya-ն տվյալ մտադրությունը կապել էր Վաշինգտոնի այն մտադրության հետ, որ Պարսից ծոցի երկրներին պարտադրվի վճարել Սիրիայում ամերիկյան զորքի ներկայության համար:

Սիրիայի գծով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին սեպտեմբերին նախագահ Թրամփին վկայկոչելով ասել էր, որ Սիրիայից ամերիկյան զորաբաժնի դուրսբերման հարցը շաղկապվում է այնտեղ Իրանի ռազմական ներկայության հետ, թեպետեւ Թեհրանը հանդես է եկել եւ գալիս «Իսլամական պետության» դեմ: Ինչպես նշել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, այդ խնդիրը կնշանավորեր Սիրիայում ԱՄՆ-ի առաքելության զգալի փոփոխություն: Իրոք, եթե կողմնորոշվենք իրադրության մեջ, ապա կարող ենք ասել, որ տարածաշրջանում արմատական իսլամիզմի դեմ պայքարի հիմնական երաշխավորը Դամասկոսն է:

Մինչդեռ Վաշինգտոնը հույսը դնում է միաժամանակ ինչպես չափավորական ընդդիմության, այնպես էլ սիրիացի քրդերի վրա: Այդ երկու ուժերը թե՛ ձեւականորեն, եւ թե՛ իրականում օգտագործվել են ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ Բաշար Ասադի օրինական կառավարության դեմ պայքարելու համար: 2017 թ. հուլիսին ամերիկացիներն ակտիվորեն մասնակցել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ուժերի զինադադարի բանակցություններին, իսկ հետո ընդգծել են, որ ուշադրությունը չեն բեւեռի Ասադի պաշտոնաթողության վրաՙ իրենց գործողությունների սուր ծայրը այնուամենայնիվ ուղղելով «Իսլամական պետության» դեմ: Ինչ վերաբերում է Թուրքիային, նրա համար առաջնայինը պայքարն է ոչ միայն «Իսլամական պետության» դեմ, այլ Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված կազմավորումների դեմ, որոնց աջակցում է Վաշինգտոնը: Քանզի Սիրիայի քաղաքացիական պատերազմում քրդերի հաջողությունը ոչ միայն գոտեպնդում է Թուրքիայում ապրող նրանց ցեղակիցներին, այլեւ հեռանկարային առումով հանգեցնում է տարածաշրջանում քրդական պետության ի հայտ գալուն:

Օրերս Էրդողանը տեղեկացրեց, որ Անկարան մտադիր է Եփրատից արեւելք հարձակում սկսել քրդական կազմավորումների դեմ: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ-ը անթույլատրելի է համարում միակողմանի ռազմական գործողությունների ձեռնարկումը Սիրիայի հյուսիս-արեւելքում, մանավանդ այնտեղ, որտեղ ներկա են ամերիկացի զինծառայողներ: Գլխավոր հարցն այն է, թե Վաշինգտոնը կպաշտպանի՞ արդյոք սիրիացի քրդերին, թե՞ կսահմանափակվի նրանց ջարդը դիտելով: Ահա թե ինչպիսի պայմաններում Չավուշօղլուն որոշեց հրապարակել Էրդողանի եւ Թրամփի բանակցությունների մանրամասնությունները: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այստեղ ինտրիգը թուրքերի նախապատրաստվող հարձակումը կասեցնելու ԱՄՆ-ի ձգտումն էՙ ակնարկելով անդրկուլիսյան պայմանավորվածությունների հեռանկարը:

Անկարային ակնարկում են, որ հակառակ դեպքում հնարավոր է եւս մեկ զինված հակամարտություն ոչ միայն քրդերի, այլեւ «Իսլամական պետության» դեռեւս մարտունակ մնացորդների դեմ: Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը քաղաքականապես դեռ չի կողմնորոշվել Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի հարցում: Բացի դրանից, կարող է զինված պայքար բռնկվել նաեւ Իդլիբում: Պատահական չէ, որ այդ սյուժեների հետ ներկայումս կապվում է նաեւ միջազգային դիվանագիտությունը: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Չավուշօղլուն օրերս Բաքվում բանակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղի է ունեցել Էրդողանի եւ Թրամփի հեռախոսազրույց:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների բարձրագույն դատական ատյանների կոնֆերանսում ելույթ ունենալով հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ջանում է Թուրքիայի ուշադրությունը շեղել Մանբիջին առնչվող ճանապարհային քարտեզի իրականացումը ձգձգելու միջոցով: Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողություն չսկսելու կոչով Անկարային է դիմել նաեւ Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին : Սակայն թուրք փորձագետների գնահատման համաձայն, ԱՄՆ-ը փաստորեն ջանում է ժամանակ շահել հյուսիսարեւելյան Սիրիայի իր օկուպացումը ավարտին հասցնելու համար եւ այդ շրջանը նախապատրաստում է անկախության:

Անկարան դա հիանալի հասկանում է եւ մանեւրում է: Թուրքիան չի բացառում համագործակցությունն Ասադի հետ, ճիշտ է, տվյալ դեպքում դա պայմանավորելով ՄԱԿ-ի հովանու ներքո ընտրությունների անցկացմամբ, թեեւ ակնհայտ է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքը պահպանելու նրա ձգտումը: Հնարավոր է, որ ապագայում Էրդողանը սիրիացի քրդերի հարցում նախընտրի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լուծումը: Նա ստիպված կլինի առաջ քաշել նոր գերակայություններ, բայց ինչպիսի՞ն կլինեն դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ